HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռոմանոս Պետրոսյանը ներկայացրել է ՀԷՑ-ի 2026թ. ներդրումային ծրագրով իրականացվելիք աշխատանքները

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության գլխամասային գրասենյակում ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ընդլայնված կազմով աշխատանքային խորհրդակցություն՝ ՀԷՑ-ի բոլոր մասնաճյուղերի տնօրենների, էլ. ցանցերի ղեկավարների, դեպարտամենտների պետերի, կենտրոնական ապարատի առանձին ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ։ Այս մասին հայտնում են ՀԷՑ լրատվության բաժնից։

Հանդիպման սկզբում Ռոմանոս Պետրոսյանը ներկայացրեց 2026թ.-ի ներդրումային ծրագրով իրականացվելիք աշխատանքները. ներդրումային ծրագրի ընդհանուր բյուջեն է 44,8 մլրդ դրամ, որի շրջանակներում նախատեսվում է հիմնովին վերակառուցել՝

  • շուրջ 500կմ. երկարության 6/10-0,4 կՎ լարման օդային գծեր 
  • շուրջ 90կմ. երկարության 6/10-0,4 կՎ լարման մալուխային գծեր
  • փոխարինել բաշխման ցանցում 17,000 էլեկտրոնային հաշվիչներ
  • էլեկտրաէներգիայի ավտոմատ հաշվառման համակարգին միացնել շուրջ 45,000 գործող բաժանորդ
  • թվով 30,000 նոր սպառողների սպառման համակարգը միացնել բաշխման ցանցին 
  • վերանորոգել հանրապետության բնակավայրերում մոտ 600 բազմաբնակարանային շենքերի ներքին բաշխման ցանցը (շքամուտքերում իրականացնել ցանցերի նորացում):

Ընկերությունը նախատեսվող ներդրումների զգալի ծավալը՝ շուրջ 11 մլրդ դրամ գումարի չափով, նախատեսում է ուղղել հոսանքազրկումների հաճախականության և տևողության կրճատմանը միտված աշխատանքների ֆինանսավորմանը, էլեկտրաէներգիայի լարման շեղման հաճախականության նվազեցմանը և առաջնահերթ այլ խնդիրների լուծմանը:

Նախատեսվող աշխատանքների արդյունքում զգալիորեն կնվազեն ՀԷՑ-ի բաշխման ցանցում էլեկտրաէներգիայի սպառման ծավալների մեծացման և բեռի ավելացման հետևանքով առաջացող վթարների թիվը։

Ընդհանուր առմամբ ծախսերի հարաբերակցությունը Երևանում կազմելու է բյուջեի 30%-ը, իսկ մարզերում` 70%:

Ժամանակավոր կառավարչի կողմից առանձնահատուկ կարևորվեց մասնաճյուղերի և էլ. ցանցերի ղեկավարների փոխգործակցությունը տեղերում՝ մրցութային գործընթացով հաղթող ճանաչված կապալառու ընկերությունների հետ, առավել վերահսկելի և սահմանված ժամկետներում ՀՀ ողջ տարածքում նոր սպառողների սպառման համակարգը բաշխման ցանցին միացնելու աշխատանքներն արդյունավետորեն իրականացնելու համար:

Վթարավերականգնողական և ընթացիկ սպասարկման աշխատանքներն առավել օպերատիվ և արդյունավետ իրականացնելու համար Ընկերությունում մեկնարկել է ավտոպարկի արդիականացմանն ուղղված մասշտաբային գործընթաց: Նախատեսվում է ձեռք բերել շուրջ 4 տասնյակ նոր մարդաբեռնատար հերթապահ մեքենաներ, էլեկտրոմոբիլներ, ավտոաշտարակներ և ավտոլաբորատորիաներ. 

վերջիններս նախատեսված են սպասարկելու բրիգադներին՝ վթարավերականգնողական աշխատանքներն իրականացնելիս:

Անդրադարձ կատարվեց նաև ՀԷՑ-ի բաշխման ցանցում էլեկտրաէներգիայի կորուստների ծավալի նվազեցման առաջնահերթությանը և դրանով պայմանավորված՝ 2026թ.-ի համար սահմանված առաջադրանքին:

Ելնելով առկա տեղեկատվության համադրումից և բաշխման ցանցի տեխնիկական վիճակից՝ Ժամանակավոր կառավարչի կողմից ՀԷՑ-ի բաշխման ցանցում էլեկտրաէներգիայի կորստի առաջադրանքը 2026թ.-ի համար սահմանվել է առավելագույնը 6,40%, ինչը 0,12%-ով ավելի ցածր է 2025թ.-ի ընթացքում արձանագրված փաստացի ցուցանիշից:

Հանդիպման ավարտին Ժամանակավոր կառավարիչը տվեց հստակ հանձնարարականներ՝ ուղղված մասնաճյուղերում և ստորաբաժանումներում իրականացվող աշխատանքների որակին, դրանց ժամկետների պահպանմանը և արդյունավետության բարձրացմանը՝ ընդգծելով ներդրումային ծրագրի պատշաճ իրականացման, վերահսկողության ուժեղացման և կապալառու կազմակերպությունների հետ բնականոն համագործակցություն ապահովելու անհրաժեշտությունը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter