HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկ Մակիյան

Սարոյանի անուշ տիեզերքը

Ամառվա առաջին օրվանից հետո անխորտակելի տարվա 273-րդ օրն է, դիմացը՝ թաց անձրև, կանաչ խոտ, քաղցր քուն. նկարների վերնագրերից արդեն ստացվում է պատմություն, որի մեջ մտովի կարելի է շրջել ցուցասրահի մեջտեղում դրված հեծանիվով։

Վիլյամ Սարոյանը բացի գրելուց սիրում էր նկարել ու հեծանիվ։ Այս մեկը ստացել էր նվեր Հայաստան այցի ժամանակ՝ Գյումրիում, 1978 թվականին՝ յոթանասունամյակին։ Պողոս Պողսյանի արած հայտնի լուսանկարում Սարոյանը այս հեծանիվով է շրջում Թալինում։

Սարոյանը հեծանիվը հանձնել է Հայաստանի Գրականության և արվեստի թանգարանին։ Իր մահից 44 տարի հետո թանգարանում ցուցադրվեց նաև Սարոյանի նկարների շարքը։ Ամերիկայի «Վիլյամ Սարոյան» հիմնադրամի և Գրականության և արվեստի թանգարանի կազմակերպած «Սարոյանական գույներ․ բառերից անդին» վեց ամիս տևած ցուցադրությունը Երևանում փակվեց փետրվարի վեցին։

Ամառվա առաջին օրը 1978թ. Ֆրեզնո/ Թաց անձրև, կանաչ խոտ, քաղցր քուն 1963թ. Նյու Յորք/ Հարգանքի տուրք Նաբուկովին 1976թ. Փարիզ / Անխորտակելի տարվա 273-րդ օրը 1973թ. Ֆրեզնո/ Հայացք 1964թ. Փարիզ/ Անուշ տիեզերք 1972թ. Ֆրեզնո։ Բոլոր նկարները ունեն վերնագիր, տարեթիվ, ամսաթիվ, վայր։

Սարոյանի նկարները թվագրվում են 1920-30-ականներին և 1960-70-ականներին: Ցուցադրված էին երկրորդ շրջանի աշխատանքները։ Ներկայացված էին Սարոյանի ծննդավայր Ֆրեզնոից բերված 104 գործ։ Ակվարելային թղթի, ստվարաթղթի, փաթեթավորման, հին թերթերի կամ այլ նշանակության թղթերի վրա արված Սարոյանի նկարների թիվը անցնում է հազարից։ Նկարել է ամերիկյան աբստրակտ էքսպրեսիոնիստական ոճով. նկարչական պարագաներն էին ջրաներկերը և գծամատիտները։

Հայկական արմատներով ամերիկացի աշխարհահռչակ գրող Վիլյամ Սարոյանի ամբողջ կյանքը արտացոլվել է նրա գրքերում։ Կարճ պատմվածքներով, սահմանափակ բառերով նա անսհաման խոսուն պատկերներ է կերտում։ Նկարչությունը նրա ստեղծագործական էներգիայի այլընտրանքային ելքն է, որտեղ անասելի պատկերները պատկեր են առնում։

«Իմ նկարների մեջ ինձ դուր է գալիս այն, որ վստահ էի՝ ով էլ տեսներ (թեկուզ հին թերթերի կամ փաթեթավորման թղթի վրա արված), կասեր՝ այս մարդը գիժ է։ Ու դա ինձ հաճույք էր պատճառում, որովհետև ես գիտեի, որ գիժ չեմ»,- Վիլյամ Սարոյան։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter