HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱՄՆ քաղաքականությունը Հարավային Կովկասում․ Հայաստանի ռազմավարական արժեքը և սահմանները

Ալեք Ենիգոմշյան

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան և Ադրբեջան այցը, հասկանալիորեն, առիթ է դարձել տարատեսակ մեկնաբանությունների։ 2025 թ. օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան փաստաթղթերի ստորագրումից և 2026 թ. հունվարի 13-ին ԹՐԻՓՓ նախագծի իրականացման շուրջ ձեռք բերված համաձայնությունից հետո իրականացված այս բարձր մակարդակի այցը հայկական քաղաքական և փորձագիտական որոշ շրջանակների համար հիմք է դարձել ընդգծելու, իրենց համոզմամբ, ԱՄՆ-ի համար Հայաստանի նշանակության աճը և համապատասխան եզրակացություններ անելու Երևանի ռազմավարական արժեքի և արտաքին ընտրանքների վերաբերյալ։

Իրականում, Հայաստանի ակնկալիքները բոլոր արտաքին դերակատարներից՝ անկախ դրանց բարեկամական կամ հակադիր բնույթից, պետք է ձեւավորվեն բացառապես այդ պետությունների շահերի սառը վերլուծության հիման վրա, այլ ոչ սեփական անվտանգության բացերը արտաքին դերակատարի միջոցով լրացնելու պատրանքի։

Հարավային Կովկասը՝ ԱՄՆ հետաքրքրության գոտի, ոչ հիմնական ռազմավարական առաջնահերթություն

Միացյալ Նահանգները սովորաբար ուղղակի ներգրավվում է և լուրջ ռեսուրսներ է հատկացնում այն տարածաշրջաններին, որոնք հանդիսանում են իր ազգային անվտանգության առանցքային ուղղությունները։ Հարավային Կովկասը, ինչպես նաեւ Կենտրոնական Ասիան, այդպիսի տարածաշրջանների շարքում չեն։

Վաշինգտոնի տեսանկյունից այս տարածքները գործում են որպես համեմատաբար ցածր ծախսատար ռազմավարական բուֆերներ Ռուսաստանի, Իրանի և Չինաստանի ազդեցությունը սահմանափակելու համար։ ԱՄՆ-ը այստեղ, որպես կանոն, չի որոնում դասական դաշնակիցներ։ Այն ձգտում է ձեւավորել ազդեցության լծակներ, որոնք թույլ կտան թուլացնել մրցակիցների դիրքերը՝ առանց լայնածավալ պարտավորությունների ստանձման։

ԱՄՆ-ի տարածաշրջանային քաղաքականության հիմնական նպատակներից մեկը վերահսկելի բազմակենտրոն միջավայրի պահպանումն է։ Վաշինգտոնը սովորաբար նախընտրում է այնպիսի տարածաշրջանային համակարգ, որտեղ դերակատարները փոխադարձ կախվածության մեջ են, մրցակցում են սահմանափակ շրջանակներում և ստիպված են հաշվի առնել արտաքին միջնորդների դիրքորոշումները։ Այս իմաստով Հարավային Կովկասը հաճախ դիտարկվում է ոչ թե որպես կայունության իդեալական մոդել, այլ որպես կառավարելի մրցակցության և սահմանափակ անկայունության տարածք։

Այնուամենայնիվ, դա չի նշանակում, որ ԱՄՆ-ը երբեք չի փորձում ազդեցություն ունենալ ուժային հարաբերակցության վրա։ Վաշինգտոնը պարբերաբար կիրառում է ընտրողական հավասարակշռման քաղաքականություն՝ դիվանագիտական ճնշման, անվտանգության համագործակցության, տնտեսական ծրագրերի և ինստիտուցիոնալ նախաձեռնությունների միջոցով։ Սակայն այս գործողությունները սովորաբար ուղղված են ոչ թե տարածաշրջանային համակարգի արմատական վերափոխմանը, այլ դրա կառավարելիության պահպանմանը։

Կառուցվածքային շրջադարձը Թուրքիան որպես հիմնական օպերատիվ միջնորդ

2020 թվականի պատերազմը ոչ միայն փոխեց ուժային հարաբերակցությունը Լեռնային Ղարաբաղի շուրջ, այլ նաեւ վերաձեւակերպեց Հարավային Կովկասի ամբողջ ռազմավարական կառուցվածքը։ Մինչ այդ տարածաշրջանը մեծապես գործում էր ռուսական գերակայության պայմաններում՝ բազմակողմ, բայց խիստ հիերարխիկ համակարգում, որտեղ Թուրքիան ուներ ազդեցություն, սակայն ոչ որոշիչ դեր։

2020-ից հետո այդ կառուցվածքը էապես թուլացավ։ Թուրքիան դուրս եկավ երկրորդական դերակատարի դիրքից և դարձավ տարածաշրջանի հիմնական օպերատիվ դերակատարներից մեկը։ Այն վերածվեց ոչ միայն Ադրբեջանի անվտանգության հիմնական հենարանի, այլ նաեւ օրակարգ ձեւավորող և հաղորդակցային նախագծերի ակտիվ նախաձեռնողի։

Միեւնույն ժամանակ Թուրքիան ԱՄՆ-ի համար շարունակում է մնալ բարդ և երբեմն հակասական գործընկեր։ Սիրիայի հարցը, ՆԱՏՕ-ի ներսում տարաձայնությունները և պաշտպանական քաղաքականության շուրջ հակասությունները ցույց են տալիս, որ Անկարան Վաշինգտոնի համար լիարժեք կանխատեսելի գործընկեր չէ։ Այնուամենայնիվ, Հարավային Կովկասում այն հաճախ դիտարկվում է որպես գործառութային առումով անփոխարինելի միջնորդ, որի ներգրավումը անհրաժեշտ է տարածաշրջանային բազմաթիվ գործընթացներում։

Ռուսաստանը պահպանեց որոշ ռազմական և քաղաքական լծակներ, սակայն զգալիորեն կորցրեց ընդհանուր խաղի կանոնները ձեւավորելու կարողությունը։ Արդյունքում տարածաշրջանը աստիճանաբար մտավ թուրքական առաջնորդությամբ վերաձեւավորվող, հաճախ վերանայողական (ռևիզիոնիստական) հիերարխիայի մեջ, որը արտաքին դերակատարների կողմից հիմնականում ոչ թե արմատապես հակակշռվում, այլ սահմանափակորեն կառավարվում է։

Այս փոփոխությունները անդրադարձան նաեւ Ադրբեջանի ընկալման վրա։ ԱՄՆ ռազմավարական շրջանակներում Ադրբեջանը շարունակում է պահպանել հարաբերական ինքնուրույնություն՝ հատկապես էներգետիկ և բազմավեկտոր դիվանագիտական քաղաքականության շնորհիվ։ Սակայն այն հաճախ դիտարկվում է նաեւ Թուրքիայի անվտանգության և հաղորդակցային էկոհամակարգի կարեւոր բաղադրիչ։

Հայաստանը՝ ԱՄՆ տարածաշրջանային առաջնահերթությունների համակարգում

ԱՄՆ տարածաշրջանային քաղաքականությունը կառուցվում է ոչ թե բարեկամ–թշնամի բաժանման, այլ գործառութային օգտակարության աստիճանակարգի հիման վրա։ Այս համակարգում Թուրքիան և Ադրբեջանը զբաղեցնում են առաջնային դիրքեր՝ իրենց ռազմական, էներգետիկ և հաղորդակցային դերակատարումների պատճառով։

Հայաստանը կարեւոր է հիմնականում որոշակի սցենարներում՝ հաղորդակցային բազմազանեցման, մրցակցային հավասարակշռության պահպանման և տարածաշրջանում ազդեցությունների մենաշնորհացման կանխման տեսանկյունից։

Վաշինգտոնը Հայաստանը չի դիտարկում որպես էներգետիկ կենտրոն, տարածաշրջանային ռազմական օպերատոր կամ անփոխարինելի աշխարհագրական միջանցք։ Սակայն Հայաստանը կարեւոր է այնքանով, որքանով նպաստում է տարածաշրջանի բազմակողմ կառուցվածքի պահպանմանը և սահմանափակում է որեւէ դերակատարի բացարձակ գերակայության ձեւավորումը։

Միաժամանակ հարկ է ընդգծել, որ Թուրքիայի և Ադրբեջանի առանցքի հնարավոր անվերահսկելի ուժեղացումը ԱՄՆ-ի համար ինքնին առաջնային խնդիր չէ։ Այդ առանցքը հաճախ նաեւ ծառայել է Վաշինգտոնի ավելի լայն տարածաշրջանային նպատակների իրականացման գործիք։ Դրա զսպման մեխանիզմները հաճախ ունեն ապահովագրական, ոչ հիմնական բնույթ։

Ֆորմալ մակարդակում ԱՄՆ-ը աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։ Սակայն գործնական քաղաքականության մեջ այդ սկզբունքները երբեմն ենթարկվում են ավելի լայն տարածաշրջանային կայունության և հաղորդակցային նախագծերի առաջնահերթություններին։ Որոշ սցենարներում հնարավոր է, որ Վաշինգտոնը առաջնահերթ համարի տարածաշրջանային կայունության պահպանումը, նույնիսկ եթե դա սահմանափակի Հայաստանի գործնական ինքնիշխանության որոշ բաղադրիչներ։

ԹՐԻՓՓ նախագիծը իրականություն և ռազմավարական սխալ ընկալումներ

Հայկական որոշ շրջանակներում տարածված է այն համոզմունքը, որ ԹՐԻՓՓ նախագծի իրականացումը Հայաստանը դարձնում է ԱՄՆ-ի համար անվտանգության առումով առանձնահատուկ կարեւոր պետություն։ Սակայն նախագիծն ավելի շուտ բարձրացնում է տարածաշրջանի բոլոր հիմնական դերակատարների նշանակությունը՝ տարբեր աստիճաններով։

ԹՐԻՓՓ նախագծի տրամաբանությունը հիմնված է այն նախադրյալի վրա, որ տրանզիտային ուղիները պետք է անցնեն այն պետությունների տարածքով, որոնք ունեն անվտանգության ապահովման և հարկադրանքի գործիքներ։

Այս համատեքստում Թուրքիան դառնում է միջանցքային անվտանգության առանցքային դերակատար և ՆԱՏՕ–Ասիա կապող կարեւոր օղակ։ Ադրբեջանը ամրապնդում է իր դիրքը որպես էներգետիկ և տրանսպորտային հանգույց։

Հայաստանը ստանում է կայունացնող և վստահելի տրանզիտային հատվածի դեր։ Սակայն այն չի վերածվում միջանցքի ռազմավարական վերահսկողի կամ անվտանգության հիմնական երաշխավորի։

ԹՐԻՓՓ-ը ձեւավորում է ասիմետրիկ բարձրացում․ տարածաշրջանի բոլոր երկրները շահում են նախագծից, սակայն առավել շահում են այն պետությունները, որոնք արդեն ունեին բարձր ռազմավարական դիրք։

Միեւնույն ժամանակ միջանցքի արդյունավետ գործունեությունը պահանջում է հարաբերական անվտանգություն տարածաշրջանում, ինչը կարող է նվազեցնել լայնածավալ ռազմական բախումների հավանականությունը։ Սակայն դա ինքնին չի ապահովում Հայաստանի լիարժեք վերահսկողությունը երթուղիների նկատմամբ։

Սյունիքը շարունակում է մնալ մրցակցային ճնշումների կենտրոն։ ԱՄՆ-ի և Հայաստանի անվտանգության առաջնահերթությունները այս հարցում լիովին համընկնող չեն։ Վաշինգտոնի համար առաջնային է երթուղիների անխափան գործունեությունը, մինչդեռ Երեւանի համար՝ տարածքային և քաղաքական լիարժեք վերահսկողությունը։

Արհեստական բանականության տվյալների կենտրոնի ռազմավարական նշանակությունը

Արհեստական բանականության տվյալների կենտրոնի ստեղծումը ձեւավորում է Հայաստանի և ԱՄՆ հարաբերությունների նոր՝ տեխնոլոգիական չափում։ Հայաստանը սկսում է դիտարկվել ոչ միայն քաղաքական կամ անվտանգային, այլ նաեւ բարձր տեխնոլոգիական համագործակցության տեսանկյունից։

Տվյալների ենթակառուցվածքները ժամանակակից աշխարհում ունեն երկակի՝ քաղաքացիական և ռազմավարական նշանակություն։ Այդպիսի նախագծերը կարող են Հայաստանը ներառել ԱՄՆ տեխնոլոգիական մատակարարման շղթաների և տվյալների անվտանգության համակարգերի մեջ։

Այնուամենայնիվ նախագծի իրականացումը հիմնականում սփյուռքյան նախաձեռնություն է և դեռեւս չի հավասարվում ԱՄՆ պետական լայնածավալ ռազմավարական ներդրման։ Այն կարող է դիտարկվել որպես հնարավոր խորացման նախնական փուլ։

Այս նախաձեռնությունը ընդլայնում է Հայաստանի գործառութային արժեքը, սակայն դեռեւս չի փոխում երկրի ընդհանուր աշխարհագրական դիրքը ԱՄՆ ռազմավարական առաջնահերթությունների համակարգում։

Եզրակացություն հնարավորություններ առանց պատրանքների

Հայաստան–ԱՄՆ հարաբերությունները պետք է դիտարկել շահերի աստիճանակարգի շրջանակում, որտեղ Հայաստանը զբաղեցնում է կառուցվածքային սահմանափակումներ ունեցող, սակայն ոչ անտեսանելի դիրք։

Վաշինգտոնը շահագրգռված չէ Հայաստանի կործանմամբ կամ բռնակցմամբ։ Սակայն այն հայկական ինքնիշխանությունը չի դիտարկում որպես ինքնուրույն ռազմավարական նպատակ։ Հայաստանը կարեւոր է այնքանով, որքանով նպաստում է տարածաշրջանային կայունությանը, հաղորդակցային ուղիների գործունակությանը և մրցակցային հավասարակշռությանը։

Հայաստանի ռազմավարական հնարավորությունները պայմանավորված են ոչ թե դաշնակցային բացառիկ հարաբերությունների ձեւավորմամբ, այլ սեփական գործառութային անփոխարինելիության աստիճանական բարձրացմամբ։ Երեւանը չի կարող պարտադրել իր առաջնահերթությունները արտաքին դերակատարներին, սակայն կարող է մեծացնել դրանց անտեսման ռազմավարական գինը։

Հայաստանի հիմնական խնդիրը այն է, որ իր թուլացումը կամ ենթակայացումը դառնա տարածաշրջանային անկայունության և ռազմավարական ծախսերի աղբյուր։ Այս ուղին նեղ է, բայց իրատեսական։ Հայաստանի անվտանգությունը կախված է ոչ թե արտաքին երաշխիքների, այլ սեփական կարողությունների և տարածաշրջանային կառուցվածքում կայունացնող դեր զբաղեցնելու կարողության զարգացումից։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter