Արդարադատության նախարարին է ներկայացվել ՀԿԱԾ 2025թ. գործունեության հաշվետվությունը
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի մասնակցությամբ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության վարչական շենքում տեղի ունեցավ Ծառայության 2025 թ․ գործունեության հաշվետու խորհրդակցությունը։ Այս մասին հայտնում է Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը։
Գլխավոր հարկադիր կատարող Սիրո Ամիրխանյանն իր բացման խոսքում շնորհակալություն հայտնելով նախարարին ներկայության համար՝ նշեց․ «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ, տիկի՛ն նախարար, մեր տարեկան ամփոփմանը ներկա գտնվելու համար։ Անշուշտ, Ձեր ներկայությունը մեզ ավելի է պարտավորեցնում մեր հետագա աշխատանքներում գործել ավելի արդյունավետ և ավելի պարտաճանաչ»։
Օրակարգի համաձայն՝ ՀԿԱԾ տեսչական, վերլուծական բաժնի պետ Հակոբ Պետրոսյանը ներկայացրեց Ծառայության տարբեր ստորաբաժանումների կողմից հաշվետու ժամանակահատվածում իրականացված աշխատանքներն ու արձանագրված արդյունքային ցուցանիշները։
Զեկուցվեց, որ հաշվետու տարում ՀԿԱԾ կողմից ընթացք է տրվել շուրջ 2,8 մլն կատարողական վարույթի, բռնագանձվել շուրջ 64 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա համադրելի ցուցանիշը գերազանցել է 11%-ով: Բռնագանձված գումարից պետական բյուջեի օգտին գանձվել է շուրջ 21 մլրդ դրամ, իրավաբանական անձանց օգտին՝ ավելի քան 39 մլրդ․ դրամ, ֆիզիկական անձանց օգտին` 3 մլրդից ավելի, ոչ գույքային բնույթի կատարողական վարույթներով՝ 9 մլն դրամ։
Ծառայության ամփոփ տվյալների համաձայն՝ 2025 թվականի փետրվարի 1-ից Կառավարության որոշմամբ ուժի մեջ մտած անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագրից հաշվետու տարում օգտվել է շահառու ճանաչված 12,464 պարտապան։
Ամփոփելով արձանագրված ցուցանիշները՝ գլխավոր հարկադիր կատարողը դրական գնահատեց Ծառայության 2025 թվականի գործունեությունը՝ միաժամանակ շեշտելով, որ 2026 թվականին անելիքները շատ են․ «Հարգելի՛ գործընկեր, պետք է նշեմ, որ ներկայացված թվական ցուցանիշներն, ըստ էության, խոսում են Ծառայության դրական գործունեության մասին։ 2025 թվականի ընթացքում թեև հարուցված և վերսկսված կատարողական վարույթների քանակը նվազել է, այնուամենայնիվ, հօգուտ պահանջատերերի բռնագանձված գումարն էականորեն գերազանցում է Հարկադիր կատարման ծառայության պատմության ընթացքում որևէ տարեթվին կատարված գանձումները։ Նշված դրական ցուցանիշների հետ մեկտեղ պետք է արձանագրեմ, որ Ծառայությունը դեռևս ամբողջ ծավալով չի իրացրել իր պոտենցիալը կատարման ենթակա ակտերի կատարումն ապահովելու մասով։ Պետք է աշխատենք թիմային մթնոլորտում՝ նպատակ ունենալով ապահովել պետության և քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը»։
Սիրո Ամիրխանյանը 2026 թվականի առաջնահերթություններից առանձնահատուկ շեշտել է թվայնացման շարունակականությունը, «Կատարողական վարույթի մասին» նոր օրենքի արդյունավետ կիրարկումը, հարկադիր կատարողների մշտապես վերապատրաստումը, միջազգային և միջգերատեսչական համագործակցությունը։
Խորհրդակցության ավարտին գլխավոր հարկադիր կատարողի հրամանով տարվա ընթացքում ծառայողական պարտականություններն ու առաջադրանքները պատշաճ և բարեխիղճ կատարած Ծառայության մի շարք աշխատակիցների հանձնվել են գերատեսչական պարգևներ ու շնորհակալագրեր։
Ավանդույթի համաձայն՝ «Լավագույն բաժին» փոխանցիկ անվանակարգային մրցանակներ են հանձնվել ՀԿԱԾ Ոչ գույքային բնույթի կատարողական վարույթների հատուկ բաժնին և Ֆինանսական բաժնին։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել