Ոստիկանության պաշտոնատար անձը մեղադրվում է վարչական իրավախախտումների վերաբերյալ բազմաթիվ կեղծ արձանագրություններ կազմելու մեջ
Հակակոռուպցիոն կոմիտեում ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունից ստացված նյութերի հիման վրա նախաձեռնված քրեական վարույթով հիմնավորվել է, որ Ոստիկանության պաշտոնատար անձը, մեկ տասնյակից ավել քաղաքացիների ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ կեղծ արձանագրություններ է կազմել:
«Մասնավորապես՝ հիշյալ պաշտոնատար անձը 2023 թվականի հունվարի 4-ից ապրիլի 3-ն ընկած ժամանակահատվածում 13 քաղաքացիների կողմից օրենքով նախատեսված վարչական որևէ իրավախախտում կատարած չլինելու պայմաններում, առանց վերջիններիս մասնակցության, նրանց վերաբերյալ կազմել է իրավաբանական պատասխանատվություն առաջացնող 17 կեղծ արձանագրություն՝ դրանք դնելով պաշտոնական շրջանառության մեջ: ՀՀ ոստիկանության պաշտոնատար անձի գործողությունների հետևանքով հիշյալ քաղաքացիները տուգանվել են 50.000-ական դրամով։
Պաշտոնեական կեղծիք կատարելու համար ոստիկանության ծառայողին մեղադրանք է ներկայացվել քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասով (17 դրվագ): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ՀՀ-ից բացակայելու արգելքը և պաշտոնավարման կասեցումը։
Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են հակակոռուպցիոն դատարան»,- ասված է հաղորդագրության մեջ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել