Ոստիկանության ծառայողին առաջադրվող քաշի ու հասակի պահանջը կփոխվի
Հանրային քննարկման է ներկայացվել նախագիծ, որով առաջարկվում է ոստիկանության ծառայողին ներկայացվող առողջական վիճակին առնչվող պահանջներից քաշի կամ հասակի նվազագույն շեմը՝ 155 սմ և 46 կգ, փոխարինել մարմնի զանգվածի ցուցանիշով (ՄԶՑ): Ներքին գործերի նախարարությունը համարում է, որ միջազգային չափանիշներով հիմնավորված, համակողմանի և օբյեկտիվ ցուցանիշ է ՄԶՑ-ով առաջնորդվելը, իսկ քաշի ու հասակի ցուցանիշները միշտ չէ, որ արտացոլում է օբյեկտիվ իրականությունը:
Գործող կարգավորումներով՝ ոստիկանության ծառայող չեն կարող դառնալ, իսկ արդեն ծառայողները պիտանի չեն ծառայության, եթե ունեն ֆիզիկական զարգացման անբավարար մակարդակ: Մկանային համակարգը և ենթամաշկային ճարպաբջջանքը թույլ զարգացած է, կրծքավանդակը նեղ է, հասակը՝ 155 սմ-ից ցածր կամ քաշը՝ 45 կգ-ից պակաս է:
«Ոստիկանության ծառայողին ներկայացվող ֆիզիկական պատրաստականության, առողջական վիճակի հետ կապված պահանջները սահմանելու մասին» Ներքին գործերի նախարարի հրամանի համաձայն՝ ոստիկանության ծառայողին ներկայացվող ֆիզիկական զարգացման գնահատման չափորոշիչները հիմնված են հասակի և քաշի նվազագույն ցուցանիշների վրա: Նախագծի հիմնավորումներում նշված է, որ այդ ցուցանիշները լիարժեք չեն արտացոլում մարմնի համաչափությունը, առողջական ընդհանուր վիճակը և ֆիզիոլոգիական համապատասխանությունը։
Հեղինակների դիտարկմամբ՝ գործնականում հանդիպում են դեպքեր, երբ անձի ֆիզիկական զարգացվածությունը բավարար է, սակայն նա չի համապատասխանում գործող չափորոշիչներով սահմանված քաշի կամ հասակի նվազագույն շեմին, որոնք միշտ չէ որ հիմնավորված են բժշկական տեսանկյունից: Արդյունքում գործող մոտեցումը չի ապահովում օբյեկտիվ և ժամանակակից բժշկական պրակտիկային համահունչ գնահատում, որի կապակցությամբ անհրաժեշտություն է առաջացել փոփոխություն կատարել նախարարի հրամանում։
Առաջարկվում է նախարարի հրամանում «հասակը՝ 155 սմ-ից ցածր կամ քաշը՝ 45 կգ-ից պակաս» բառերը փոխարինել ՄԶՑ-ով, որը չպետք է 16 կգ/մ²-ից ցածր լինի: Այսինքն՝ քաշը հաշվարկվելու է հասակից կախված նոր մոտեցմամբ, ինչը նշանակում է՝ նույն կիլոգրամը տարբեր մարդկանց համար տարբեր ցուցանիշ է ունենալու: Օրինակ՝ գործող կարգավորմամբ մարդը կարող է ունենալ 170 սմ հասակ և 46 կգ քաշ և համապատասխանի չափորոշիչին, մինչդեռ այդ հասակի մարդը շատ նիհար է: Այս մոտեցմամբ՝ քաշը չի կապվում հասակի հետ: Առաջարկվող՝ ՄԶՑ = 16 ցուցանիշով 165 սմ և 180 սմ հասակ ունեցող մարդու նվազագույն քաշի ցուցանիշը տարբեր է լինելու, հետևաբար չի կիրառվելու գործող ստանդարտ կանոնը, որը հստակ թիվ է՝ 46 կգ-ից ոչ պակաս:
«Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի ոստիկանության ծառայողների առողջական վիճակի համապատասխանության գնահատումը՝ առավել օբյեկտիվ բժշկական չափորոշիչներով, ինչպես նաև չափորոշիչները կհամապատասխանեցվեն միջազգային բժշկական ստանդարտներին: Առողջական վիճակի գնահատման գործընթացը կպարզեցվի, կբացառվեն անհարկի սահմանափակումները և կապահովվի առողջապահական մեթոդաբանության միասնական մոտեցում»,-նշված է նախագծի հիմնավորումներում:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել