HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ալեն Սիմոնյանը հայց է ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի դեմ 

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը երեկ՝ 2026թ. փետրվարի 5-ին, հայցադիմում է ներկայացրել դատարան՝ ընդդեմ Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի։ Նա պահանջում է պաշտոնաթող նախագահից հրապարակային ներողություն խնդրել իրեն վիրավորելու համար և 1 մլն դրամ փոխհատուցում վճարել։

«29.01.2026թ.-ին իմ կողմից հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ կատարել եմ վիրավորական արտահայտություններ Ալեն Սիմոնյանի վերաբերյալ, ինչի համար ներողություն եմ խնդրում պարոն Սիմոնյանից». սա է պահանջի բովանդակությունը։

2026թ. հունվարի 29-ին Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսին լրագրողներից մեկը հարցրեց, թե ինչպես է ստացվել, որ մարդկանց հիշողության մեջ բանակում տիրող ամենավատ վիճակը համընկնում է Քոչարյանի նախագահության տարիներին։ Լրագրողը մեջբերել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գնահատականը բանակում տիրող իրավիճակի մասին՝ սնունդն ու ջուրը նորմալ չէին մատակարարվում, սպաները նվաստացնում էին զինվորներին և այլն։ 

Ռոբերտ Քոչարյանը զարմացել է, որ լրագրողն Ալեն Սիմոնյանի ասածները լուրջ է ընդունել՝ եզրակացություններ անելու համար, քանի որ նա «ինչ ասես դուրս է տալիս»։ Ըստ Քոչարյանի՝ իր նախագահության տարիներին բանակն այն վիճակում է եղել, որ Ադրբեջանը չի համարձակվել հարձակվել։

«Եթե պիտի բանակի մարտունակությունը գնահատի Ալեն Սիմոնյանը, էդ ու՜ր ենք հասել: Ի՞նչ է հասկանում այդ մարդը բանակից: Կասկածում եմ՝ նույնիսկ նորմալ ծառայել է: Որովհետև այդպիսի լպրծուն մարդիկ չեն կարող նորմալ ծառայել»,-լրագրողի հարցին ի պատասխան՝ ասել է Ռ. Քոչարյանը։

Հավանաբար, Ալեն Սիմոնյանն այս խոսքերն է համարում վիրավորական։

ԱԺ նախագահը պահանջում է, որ ներողության տեքստը հրապարակվի Ռոբերտ Քոչարյանի «Ֆեյսբուք» սոցիալական էջում՝ բոլորի համար հասանելի և տեսանելի եղանակով, առնվազն 5 աշխատանքային օր ժամկետով կամ անհնարինության դեպքում՝ առնվազն հինգ հազար տպաքանակ ունեցող տպագիր մամուլում։  

Ա. Սիմոնյանը պահանջում է նաև Ռ. Քոչարյանից հօգուտ իրեն բռնագանձել դատական ծախսերը՝ ընդհանուր 530 000 դրամ, որից 480 000 դրամը փաստաբանի վարձատրության գումարն է, իսկ 50 000դրամը՝ պետական տուրքը:

Լուսանկարը՝ aravot.am-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter