HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Դատարանները հազվադեպ են մերժում կալանքի միջնորդությունները

2025թ. Հայաստանի առաջին ատյանի դատարանները բավարարել են կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունների մեծ մասը: Պաշտոնական տվյալներն ու փաստաբանների դիտարկումները վկայում են, որ ազատությունից զրկելը շարունակում է գերակշռող գործիք մնալ քրեական վարույթներում ՝ չնայած օրենքով նախատեսված այլընտրանքային միջոցներին։

2025թ. կալանքը որպես խափանման միջոց կիրառելու 3530 միջնորդություն է ներկայացվել առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններ, որից մերժվել է 447-ը: Մնացած միջնորդությունները բավարարվել են, երբեմն՝ մասնակի: Կալանքի 1321 որոշում բողոքարկվել է Վերաքննիչ դատարան, որից 572-ը մնացել է անփոփոխ, իսկ 94-ը՝ բեկանվել: Մնացածի վերաբերյալ տեղեկություն չկա: Հավանաբար, դրանց մի մասը քննվել է կամ դեռ կքննվի 2026թ.-ին:

Նախորդ տարվա ընթացքում ներկայացվել է նաև կալանքի ժամկետը երկարաձգելու 2270 միջնորդություն, որից մերժվել է ընդամենը 160-ը: Դատարանների որոշումներից 830-ը բողոքարկվել է Վերաքննիչ դատարան, որից 403-ը մնացել է անփոփոխ, իսկ 40-ը՝ բեկանվել:

Ըստ Դատական դեպարտամենտի՝ 2025թ. այլընտրանքային խափանման վերաբերյալ սակավաթիվ միջնորդություններ են ներկայացվել առաջին ատյանի դատարան: Օրինակ՝ տնային կալանք կիրառելու մասին ընդամենը 72 միջնորդություն է ներկայացվել, որից մերժվել է 18-ը: Վարչական հսկողություն կիրառելու 52 միջնորդություն է ներկայացվել, որից 17-ն է մերժվել: Գրավ կիրառելու մասին 2 միջնորդություն է ներկայացվել, իսկ բացակայելու արգելքի մասին՝ 14 միջնորդություն, որից 13-ը բավարարվել է: 

Գլխավոր դատախազությանը հարցրել էինք, թե 2018-2025թթ. դատախազները որքա՞ն կալանք են  փոխել կամ վերացրել: Ըստ տրամադրած տեղեկատվության՝ 2018-2019թթ. ավելի շատ կալանք է վերացվել կամ փոփոխվել, քան դրանից հետո՝ յուրաքանչյուր տարի:

Փաստաբան Արմինե Ֆանյանի խոսքով,  փաստաբանները տևական ժամանակ բարձրաձայնում են կալանք խափանման միջոցի կիրառման աննախադեպ աճի մասին, սակայն պատկան մարմինները  դա պայմանավորում են հանցավորության աճով:

«Նշված պնդման հետ սկզբունքորեն դժվար է համաձայնել, քանի որ ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքում այլընտրանքային խափանման միջոցների նոր տեսակներ նախատեսելով՝ օրենսդիրը նպատակ է ունեցել էապես նվազեցնել կալանք խափանման միջոցի կիրառման՝ մեծ թվերի հասնող արատավոր պրակտիկան: Ավելին, ականատես ենք լինում նույնիսկ այնպիսի դեպքերի, երբ հասարակական հնչեղություն ունեցող և որոշակի զգայունություն ունեցող գործերով անգամ միջին ծանրության հանցանք կատարելու մեջ մեղադրվող անձինք են կալանավորվում, ինչն իրավական աբսուրդ է»,-ասում է Արմինե Ֆանյանը: 

Փաստաբանի դիտարկմամբ՝ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունների բավարարման աննախադեպ բացասական ցուցանիշները վկայում են այն մասին, որ դատարանները շեղվել են արդարադատություն իրականացնելու իրենց առաքելությունից: Որպես հիմնական պատճառ նա նշում է Արդարադատության նախարարության և Բարձրագույն դատական խորհրդի կողմից դատավորների նկատմամբ ճնշումները, անհիմն կարգապահական պատասխանատվության ենթարկելու պրակտիկան՝ հատկապես անձանց կալանքից ազատելու կամ կալանքի միջնորդությունները մերժելու որոշումներ կայացրած դատավորներին պատժելու տեսքով: 

Փաստաբանի խոսքով՝ դադարեցվել են բարձր հեղինակություն վայելող դատավորների լիազորություններ, ինչը չէր կարող վախի մթնոլորտ չձեւավորել և հայելային արտացոլում չունենալ արդարադատության որակի վրա: 

«Բացի դա, ամենախիստ խափանման միջոցի կիրառման թվերի ավելացումը նաև պայմանավորված է այս իշխանության կողմից դատավորների թիվը յուրայիններով համալրելու գործելաոճով: Բոլորս տեսնում ենք, թե կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունները՝ զգույունություն և քաղաքական հետաքրքրություն ունենալու դեպքում, ում են մակագրվում, այսպես ասած՝ «կալանք տվող դատավորներին», ինչը չենք կարող վերագրել պատահականությանը: Վարույթի հանրային մասնակիցները շատ քիչ դեպքերում են օգտվում գրավ կիրառելու իրենց լիազորությունից»,-նշում է Արմինե Ֆանյանը:

Նրա եզրահանգմամբ, պատասխանատվության ամբողջ բեռը դատական իշխանությունն է կրում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter