Բրուտ Վարդան. Մյասնիկյանը Նժդեհին ասեց՝ Արաքսն անցի, գնա
Սիսիանի երկաթբետոնե կոնստրուկցիաների կոմբինատի ավերակների հարեւանությամբ է ապրում ու աշխատում Վարդան Ղազարյանը։ Ազգանունով նրան քչերն են ճանաչում, ասում են՝ Բրուտ Վարդան։ Տան հետնամասում արվեստանոցն է, որտեղ, ինչպես ինքն է ասում՝ կավին շունչ է տալիս։
Արցախյան երեք պատերազմների մասնակից է, բայց հարցազրույցի ընթացքում աշխատում էր պատերազմից ու հաղթանակներից չխոսել։ Միայն կարճ ասաց «Մենք հպարտ ենք եղել, որ հաղթել ենք, հպարտություն ունեցել ենք, բայց խփեցին մեջքից» ու սպառեց թեման։
Հարցազրույցը նկարահանվում էր աշխատանքի պահին եւ գուցե այդ պատճառով Վարդանն ավելի շատ խոսում էր կավագործության նրբությունների մասին, քան քան երկու տարբեր հասարակարգերում իր ապրած կյանքի։ Պատմում էր, թե ինչպես է նայելով սովորել։ «Տրամաբանելու հարց էր։ Մի շաբաթ նայեցի, հետո սկսեցի մի օրում էդ ամբողջն անել։ Ընթացքում կատարելագործեցի, հետո գրականություն էլ ուսումնասիրեցի»։
Սովետական ժամանակներում ապրած տարիների մասին խոսելիս՝ Վարդանն անընդհատ հիշում է հորը, որը երկրորդ համաշխարհայինի ժամանակ գերի է ընկել, մի կերպ փրկվել նացիստական համակենտրոնացման ճամբարներից, հետո ստալինյան ճնշումներից խուսափելու համար մանկության ընկերոջ՝ այդ ժամանակ Երեւանի քաղաքապետ Մուրուս Հասրաթյանի խորհրդով հեռացել է Սիսիանից ու ընտանիքով բնակություն հաստատել Էջմիածնի շրջանի Արշալույս գյուղում։
«Հերս կարդացած մարդ էր։ Աստվածաշունչ էր կարդացել, շատ ուրիշ գրքեր։ 60-ականների վերջին կարտոշկա էինք բերում, փակ շուկայում վաճառում։ Գործը վերջացնում էին ու միանգամից մտնում գրախանութ։ Մի օր ասեցի՝ պապ, Գրիգոր Նարեկացի եմ ուզում, առավ, տվեց ինձ։ Մինչեւ էսօր էդ գիրքը սեղանիս է»։
Գարեգին Նժդեհի, Աղբյուր Սերոբի, մյուս հայրենասերների անունները Վարդանն առաջին անգամ հորից է լսել։ Ասում է՝ արգելված էր, բայց ինքը խոսում էր նրանց մասին, Դաշնակցության անունն էր տալիս, Առաջին հանրապետության։
«Դաշնակցությունն էր, որ 700 տարի հետո պետականություն ստեղծեց՝ հանրապետություն հայոց՝ ժողովրդավարական, զինանշանով, դրոշով, խորհուրդներով։ Հետո եկան բոլշեւիկները, տեսար՝ ինչ արեցին։ Տղերքին գնդակահարեցին, Գարեգին Նժդեհը ստիպված…։ Մյասնիկյանն ասեց՝ Արաքսը անցի, գնա»։
Հարցազրույցն ու գործը միաժամանակ են ավարտվում։ Կուլան պատրաստ է։ «Տերը որ Ադամին կավից սարքում ա, վերջացնում ա, շունչ ա դնում։ Բրուտն էլ սենց ա անում, շունչ ա տալիս։ Ըհը…։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել