Սահմանվել են Սևանա լճում ձկան և խեցգետնի արդյունագործական որսի չափաքանակները և ժամկետները
Կառավարությունը սահմանել է 2026 թ. ընթացքում Սևանա լճում ձկան և խեցգետնի արդյունագործական որսի չափաքանակները և ժամկետները, արդյունագործական որսի կազմակերպման պայմաններն ու պահանջները: 2026 թ. համար սիգի արդյունագործական որսի համար առաջարկել է 550 տոննա չափաքանակ՝ արդյունագործական պաշարի 40%։
Հիմնավորման համաձայն՝ յուրաքանչյուր տարի Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի կողմից իրականացվում է Սևանա լճում և դրա ջրահավաք ավազանում ձկան և խեցգետնի պաշարների հաշվառման աշխատանքներ, ինչի արդյունքում առաջարկում է արդյունագործական որսի չափաքանակ: 2025 թ. հոկտեմբերի դրությամբ Սևանա լճում սիգի ընդհանուր պաշարը կազմել է 3591.8 տոննա, որից արդյունագործական պաշարը կազմել է 1373.9 տոննա։ Դրանից ելնելով էլ՝ գիտական կենտրոնը 2026 թ. համար սիգի արդյունագործական որսի համար առաջարկել է 550 տոննա չափաքանակ՝ արդյունագործական պաշարի 40%։
Ինչպես Կառավարության նիստում նշել է Շրջակա միջավայրի փոխնախարար Արա Մկրտչյանը, որսի իրականացման ժամկետ է սահմանվում փետրվարի 6-ից մինչև նոյեմբերի 20-ը: Ըստ փոխնախարարի՝ գիտական կենտրոնը, ըստ պայմանագրի, 2026-ի ամռանը կիրականացնի ուսումնասիրությունների երկրորդ փուլը, որի հիման վրա կսահմանվի հավելյալ չափաքանակ աշնանային որսաշրջանի համար:
Արա Մկրտչյանը հիշեցրել է, որ Հարկային օրենսգրքի փոփոխությունների համաձայն՝ 2026-ի սիգ ձկնատեսակի համար բնօգտագործման վճարը 1 կգ-ի դիմաց սահմանվել է 200 դրամ՝ նախկին 65 դրամի փոխարեն: Բնօգտագործման վճարները կվճարվեն ոչ թե փաստացի օգտագործված ծավալի, այլ տրամադրված չափաքանակի համար:
Նախարարի տեղակալը ներկայացրել է նաև նախորդ տարիների վիճակագրությունը. «2025-ին սահմանել ենք 1123 տոննա որսի թույլատրելի չափաքանակ երեք փուլով. 1-ին փուլում՝ 314 տոննա, երկրորդ փուլում՝ 189 տոննա, 3-րդ փուլում՝ 620 տոննա: Փաստացի որսվել է 1103 տոննա, վճարվել է շուրջ 72,5 մլն դրամ բնօգտագործման վճար: 2024-ին ընդհանուր չափաքանակը կազմել է 679 տոննա երկրու փուլով՝ 257 և 422: Փաստացի որսվել է 652,5 տոննա, վճարվել՝ 44,1 մլն դրամ բնօգտագործման վճար: 2023-ին սահմանվել է ընդհանուր 600 տոննա չափաքանակ երկու փուլով, յուրաքանչյուր փուլում՝ 300 տոննա: Փաստացի որսվել է 366,1 տոննա, վճարվել՝ 25,4 մլն դրամ բնօգտագործման վճար: Այս տարիների ընթացքում աճ է նկատվել և՛ որսի սահմանաչափերի, և՛ փաստացի որսված ձկան չափաքանակների, ինչպես նաև վճարված բնօգտագործման վճարի մասով»:
Սևանա լճում 2024-2025 թթ. սիգի բնական վերարտադրությունը գնահատելու, ձվադրման փուլերի ժամկետները հստակեցնելու նպատակով «Սևան» ազգային պարկի գիտական բաժնի և գիտական կենտրոն մասնագետները 2024 թ. դեկտեմբերի 10-ից մինչև 2025 թ. հունվարի 20-ը Սևանա լճում իրականացրել են գիտական որս, ինչի արդյունքում նախաձվադրման-ձվադրման ժամկետ է սահմանվել 2026 թ. նոյեմբերի 20-ից 2027 թ. փետրվարի 1-ը։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել