ԼՀԿ-ն մտադիր չէ բարձրացնել հանքափորների աշխատավարձը
Լոռու մարզի Ախթալա քաղաքում հանքափորների գործադուլի 19-րդ օրը որևէ կերպ չտարբերվեց նախորդներից։ Առավոտյան ժամը 10։00-ից գործադուլի մասնակից 52 բանվորները սովորականի պես Լեռնահարստացման կոմբինատի առաջին անցակետի մոտ էին։ Ու չնայած երկու օր առաջ հայտնել էին, որ ակնկալում են իրենց համաքաղաքացիների և ամբողջ համայնքի աջակցությունը, նրանց որևէ մեկը չայցելեց։
Բայց հերթական՝ արդեն երրորդ անգամ, նրանք հանդիպեցին իրենց ղեկավարներին։ Սպասելիքներ ունեին, որ ժամեր անց լավ լուր կհաղորդեն։ Սակայն, մոտ երեք ժամ տևած հանդիպումից վերադարձան անտրամադիր ու խիստ մտահոգ։
Հանդիպման ընթացքում, պատմում են, խոստումներ հնչել են միայն աշխատանքային պայմանների բարելավման վերաբերյալ։ Այն էլ՝ ոչ միանգամից, քիչ-քիչ, ժամանակի ընթացքում։ Իսկ աշխատավարձի բարձրացման մասին, ըստ հորատող հանքափորների, ոչ մի խոսք չի եղել։
«Հենց սկզբից մեր պայմանը եղել ա փողի բարձրացումը։ Էսքան ժամանակ պղնձի գները բարձրացել են, հանգիստ, խելոք աշխատել ենք, ու հիմա մեզ պետք ա, որ գումարը բարձրանա։ Գոնե ասեն, որ էկող տարի կամ 2028 թվին կբարձրացնենք։ Իրենց կողմից չկա էնպիսի առաջարկ, որ թեկուզ մի տոկոսով են ավելացնում աշխատավարձը։ Եթե լինի, արդեն կարանք մեր մեջ քննարկենք, որ, օրինակ, մի տոկոսով բարձրացնում են, գնանք, աշխատենք։ Չկա էդ առաջարկը։ Կտրուկ՝ չէ և վերջ»,- ասում է հանդիպման մասնակիցներից մեկը։
Հանքափորներն էլ վճռական են իրենց պահանջի մեջ։ Ասում են՝ եթե տնօրինությունն աշխատավարձերը չվերանայի, չեն աշխատելու։ Կյանքի և առողջության համար խիստ վտանգավոր աշխատանքային պայմանները բարելավելու խոստումները նրանց առանձնապես չեն ոգևորում։
Ի դեպ, հանքափորներն անընդհատ խնդրում են ներկա լրագրողներին՝ իրենց անունները չհրապարակել, որևէ մեկին չառանձնացնել 52-ից։ Անկախ նրանից, թե տվյալ պահին իրենցից ով է հարցազրույց տալիս, խնդիրն, ասում են, բոլորինն է, բոլորն էլ հավասարապես նույն դժվարությունների միջով են անցնում։ Նրանք մտավախություն ունեն, որ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» նախադեպը կկրկնվի նաև Ախթալայում և իրենք էլ կմնան առանց աշխատանքի։ Հիշեցնենք՝ 2025 թ.-ին «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի ղեկավարությունը գործադուլի ամենաակտիվ մասնակիցներին ազատեց աշխատանքից:
Ախթալայի հանքափորներից այն մարդիկ, որոնք առավել տեղեկացված են, ակտիվ և առանց կաշկանդվելու ներկայացնում են կոմբինատում տիրող իրավիճակը, հնարավոր է՝ թիրախավորվեն և վերջնականապես մնան առանց աշխատանքի։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել