Տուն՝ առանց բանալիների․ քաղաքացին պայքարում է կառուցապատողի և դատավորների որոշումների դեմ
Շուտով կլրանա 3 տարին, երբ Արմեն Գրիգորյանն ու կինը նոր կառուցվող շենքում բնակարան գնելու իրավունքի ձեռքբերման ու գրավի պայմանագիր են կնքել կառուցապատողի ու բանկի հետ: Պայմանագիրը կնքելիս շենքի ավարտին 2-3 հարկ էր մնացել, բայց արդեն 1,5 տարի է՝ դատական քաշքշուկների մեջ են: Դիմելով դատարան՝ երիտասարդ ամուսիններն ակնկալել են, որ կճանաչվի իրենց սեփականության իրավունքը, և կառուցապատողից բնակարանը սահմանված ժամկետում չհանձնելու համար պայմանագրով սահմանված տույժ ու տուգանք կբռնագանձվի: Մինչդեռ այժմ պայքարում են ոչ միայն կառուցապատողի դեմ, այլև դատավորների այն որոշումների, որոնցով խախտվել են իրենց իրավունքները:
Ինչի՞ց է սկսվել իրավական վեճը
Արմեն Գրիգորյանն ու կինը՝ Անի Մկրտչյանը, «Շինարտ Գրուպ» ՍՊԸ-ն և «Էվոկաբանկ» ՓԲԸ-ն 2023թ. մայիսի 19-ին կնքել են Նազարբեկյան 41/1 հասցեում նոր կառուցվող շենքում մոտ 70քմ մակերեսով բնակարան գնելու իրավունքի առուվաճառքի և գրավի պայմանագիր: Գործարքի գինը կազմել է 37 մլն դրամ, որից 3 մլն 700 հազ. դրամը վճարել են որպես կանխավճար, իսկ մնացած 33 մլն 300 հազ. դրամը վճարվել է «Էվոկաբանկ» ՓԲԸ-ից ստացված վարկային միջոցների հաշվին:
Շինարարությունն արդեն ավարտվել է, սակայն նրանք չեն կարողանում ստանալ իրենց բնակարանը: Երկու տարբեր հայցեր են ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան: Դատավոր Տաթևիկ Ստեփանյանի վարույթում գտնվող գործով (հայցը ներկայացվել է 2024թ. հոկտեմբերին) ամուսինները պահանջում են կառուցապատողից բռնագանձել բնակարանը սահմանված ժամկետում չհանձնելու համար պայմանագրով նախատեսված տույժն ու տուգանքը: Մյուս հայցով, որ ներկայացվել է 2025թ. օգոստոսին եւ դատավոր Աշոտ Հովհաննիսյանի վարույթում է, Արմեն Գրիգորյանն ու կինը պահանջում են ճանաչել իրենց սեփականության իրավունքը, քանի որ կառուցապատողը ցանկանում է վերցնել բնակարանը:
Դատավոր Աշոտ Հովհաննիսյանը նախ վերադարձրել է հայցը: Պատճառաբանել է, թե հայցադիմումը ներկայացրել են երկու հայցվորներ՝ Արմեն Գրիգորյանը և Անի Մկրտչյանը: Թեև երկուսի պահանջն էլ նույնն է, հիմքում յուրաքանչյուրի իրավունքի ենթադրյալ խախտումն է, և պահանջն ուղղված է յուրաքանչյուրի իրավունքի պաշտպանությանը, հետևաբար պետք է վճարեն ոչ թե 20,000 դրամ պետական տուրք, այլ՝ 40,000 դրամ:
Դատարանի այս որոշումն ամուսինները բողոքարկել են: Վերաքննիչ դատարանը (դատավոր՝ Ժաննա Ասատրյան) փաստել է, որ հայցվորները ներկայացրել են ընդհանուր մեկ ոչ դրամական պահանջ՝ ճանաչել իրենց սեփականության իրավունքը Նազարբեկյան թաղամաս 41/1 շենքի բնակարանի նկատմամբ, իսկ հայցվորների քանակով պայմանավորված՝ չի կարող ծագել առանձին պետական տուրքի վճարման չափ: Հետևաբար, վերացրել է դատավոր Աշոտ Հովհաննիսյանի որոշումը հայցադիմումը վերադարձնելու մասին:
Դրանից հետո դատավոր Ա. Հովհաննիսյանը հայցադիմումն ընդունել է վարույթ: Գործի դատական քննության ընթացքում «Շինարտ Գրուպ» ՍՊԸ-ի անունից 2025թ. դեկտեմբերի 17-ին ներկայացվել է գործի վարույթը կարճելու մասին միջնորդություն: Հիմնավորումն այն է, որ մեկ այլ գործով, որը գտնվում է դատավոր Տաթևիկ Ստեփանյանի վարույթում, ընկերությունը ներկայացրել է հակընդդեմ հայց՝ խնդրելով լուծել Արմեն Գրիգորյանի և Անի Մկրտչյանի, «Էվոկաբանկ» ՓԲԸ-ի և «Շինարտ Գրուպ» ՍՊԸ-ի միջև 2023թ. մայիսի 19-ին կնքվածպայմանագիրը: Դատարանը մերժել է այս միջնորդությունը, սակայն կասեցրել է գործի քննությունը՝ մինչև մյուս գործով որոշումը:
Արմեն Գրիգորյանը զարմացած է՝ դատարանը հիմքեր չի ունեցել նման որոշման համար: Դատավոր Աշոտ Հովհաննիսյանի այս որոշումը ևս բողոքարկվել է Վերաքննիչ դատարան:
Վերաքննիչ քաղաքացիական դատարանը (դատավոր՝ Լենդրուշ Հովհաննիսյան) 2026թ. հունվարի 26-ին Ա. Գրիգորյանի ու կնոջ բողոքը բավարարել է և վերացրել դատավոր Ա. Հովհաննիսյանի այս որոշումը:
Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ պայմանագրի լուծման հարցի քննությունը կապ չունի դրա կնքված լինելու, ընկերության պայմանագրային պարտավորությունների խախտման հարցերի հետ: Հետևաբար, Տ. Ստեփանյանի վարույթում գտնվող գործի քննությունը չի կարող հանգեցնել այս գործի քննության անհնարինության:
Արմեն Գրիգորյանը Գլխավոր դատախազության ուշադրությունն է հրավիրում շինարարական կազմակերպության օգտին դատավորների կայացրած անտրամաբանական որոշումների վրա։ «Այստեղ հաստատ մի բան այն չէ»,-ասում է Ա. Գրիգորյանը և հույս հայտնում, որ դատավոր Աշոտ Հովհաննիսյանը ինքնաբացարկի միջնորդություն կներկայացնի, քանի որ արդեն երկրորդ անգամ վերաքննիչ դատարանը վերացնում է իրենց դեմ նրա կայացրած անտրամաբանական որոշումները։
Արմեն Գրիգորյանի ու կնոջ գնման իրավունքը գրանցվել է Կադաստրի կոմիտեում: Ամուսիններն ամբողջությամբ վճարել են բնակարանի համար։ Մինչդեռ, ըստ Արմեն Գրիգորյանի, «Շինարտ Գրուպ» ՍՊԸ-ն պատշաճ չի կատարել իր պայմանագրային պարտավորությունները: Ընկերությունը մինչև 2023թ. հուլիսի 4-ը պարտավոր էր ավարտել բնակարանի շինարարությունը և շենքի կառուցապատումը, ստանալ շինարարության և շահագործման ավարտական ակտերը և այլ անհրաժեշտ փաստաթղթերը գրանցել պետական մարմիններում: Դատական գործի քննության ընթացքում Կադաստրի կոմիտեից են իմացել, որ «Շինարտ Գրուպ» ՍՊԸ-ն 2024թ. սեպտեմբերի 26-ին Երևան համայնքից ստացել է ավարտական ակտ (շահագործման թույլտվություն):
«Շինարտ Գրուպ» ՍՊԸ-ն դատարան է մուտքագրել հակընդդեմ հայցադիմում՝ պահանջելով լուծել կողմերի միջև 2023թ. մայիսի 19-ին կնքված անշարժ գույք գնելու իրավունքի ձեռքբերման և գրավի պայմանագիրը:
2022-2024թթ. մի քանի անգամ Երևանի քաղաքապետը ընկերությանը շինարարության թույլտվություն է տվել, իսկ 2024թ. սեպտեմբերի 26-ին տրվել է շենքի ավարտական ակտը: Փաստացի, իրականացվել են նախագծային փոփոխություններ, ինչից ելնելով էլ՝ տրվել են նոր թույլտվություններ: Ուշագրավ է, որ շինթույլտվություններից մեկն ընկերությունը ստացել է Ա. Գրիգորյանի հետ պայմանագիրը կնքելուց 3 օր առաջ՝ 2023թ. մայիսի 16-ին: Այդ մասին գնորդները չեն իմացել: Ստացվում է, որ պայմանագիրը կնքելու պահին կառուցապատողն իմացել է, որ պայմանագրով նախատեսված ժամկետում չի կարողանալու ավարտել շինարարությունը, այլ ավարտելու է առնվազն 2024թ. հուլիսին:
«Շինարտ Գրուպ» ՍՊԸ-ն դատարանին հայտնել է, թե Արմեն Գրիգորյանին և կնոջն առաջարկել են պայմանագրում փոփոխություններ կատարելու համաձայնագիր կնքել՝ պայմանագրի հիմքում դրված շինարարության թույլտվությունը փոխել գործող թույլտվությամբ, սակայն առաջարկին չեն արձագանքել և դիմել են դատարան: Ընկերության հայցադիմումում նշված է նաև, որ գնորդին նախապես տեղեկացրել են՝ առաջարկից հրաժարվելը դիտարկվելու է որպես պայմանագրից հրաժարում, ինչի հիմքով էլ պահանջում են լուծել պայմանագիրը: Մինչդեռ Արմեն Գրիգորյանը պնդում է, որ ընկերությունը նման բան իրեն չի առաջարկել:
Դատարանը՝ Տ. Ստեփանյանի նախագահությամբ, 2025թ. հունիսի 25-ին վարույթ է ընդունել ամուսինների դեմ ներկայացված հակընդդեմ հայցադիմումը:
«Հետքն» այս դատական գործի մասին գրել է դեռևս 2025թ. սեպտեմբերի 21-ին: Արմեն Գրիգորյանն ու իր ներկայացուցիչը դատավոր Տ. Ստեփանյանին ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել, քանի որ «դատավորն օբյեկտիվ չէ և կողմերից մեկի նկատմամբ ունի կողմնակալ վերաբերմունք»: Նրանց բնորոշմամբ՝ Տաթևիկ Ստեփանյանն անհիմն մերժել է հայցի հիմքի և առարկայի փոփոխության թույլտվության վերաբերյալ իրենց միջնորդությունը՝ չնշելով որևէ իրավական և փաստական հիմնավորում:
Այս ամենից ելնելով էլ Արմեն Գրիգորյանը կարծում է, որ դատավորը հայցվորների դեմ է գործում, եւ դա հիմնավոր կասկած է առաջացնում նրա հնարավոր կողմնակալության առնչությամբ:
Դատավորը ոչ միայն վարույթ է ընդունել հակընդդեմ հայցը, այլև բավարարել է կառուցապատողի հայցի ապահովման միջնորդությունը և արգելել է Արմեն Գրիգորյանին ու նրա կնոջը օտարել բնակարանի գնման իրավունքը: Սա այն դեպքում, երբ դատավորը մերժել էր Ա. Գրիգորյանի ու կնոջ միջնորդությունը՝ հայցագնի չափով արգելանք դնել կառուցապատողի գույքի վրա:
Արմեն Գրիգորյանը ապահովում կիրառելու վերաբերյալ հակընդդեմ միջնորդություն է ներկայացրել դատարան: Հիմնավորումն այն է, որ դատարանի կիրառած հայցի ապահովման միջոցի հետևանքով կրել և շարունակում են կրել վնասներ, քանի որ վճարել են բնակարանի համար, սակայն կառուցապատողը չի հանձնել բնակարանը, իսկ իրենք զրկված են այն երրորդ անձանց օտարելու հնարավորությունից: Կիրառված հայցի ապահովման միջոցի հետեւանքով սահմանափակվել են իրենց իրավունքները, վտանգվել օրինական շահերը, և անհարկի զույքային վնաս է առաջացել:
Դատարանը մերժել է հակընդդեմ հայցի ապահովման միջնորդությունը: Այն բողոքարկվել է Վերաքննիչ քաղաքացիական դատարան: Դատավոր Անի Մխիթարյանը մերժել է ամուսինների վերաքննիչ բողոքը՝ առաջին ատյանի դատարանի որոշումը թողնելով ուժի մեջ, այսինքն՝ նրանք չեն կարող որեւէ գործողություն կատարել բնակարանի առնչությամբ:
Դատական գործընթացները դեռ շարունակվում են։ Արդյոք Արմեն Գրիգորյանը եւ կինը կկարողանան ստանալ իրենց գնած բնակարանը՝ պարզ կդառնա դատարանների վերջնական որոշումներից հետո։ «Դատալեքս» տեղեկատվական համակարգում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ «Շինարտ Գրուպ» ՍՊԸ-ի դեմ արդեն մեկ տասնակի հասնող դատական հայց կա՝ սեփականության իրավունքը ճանաչելու և այլ պահանջներով:
Լուսանկարը՝ «Հետքի»
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել