Վարչապետն ընդունել է GRAWE ընկերության գլխավոր տնօրեն Կլաուս Շայտեգելին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ավստրիական GRAWE ընկերության գլխավոր տնօրեն և կառավարման խորհրդի նախագահ Կլաուս Շայտեգելին և C–Quadrat ներդրումային խմբի կառավարիչ տնօրեն և վերահսկիչ խորհրդի նախագահ Անդրեաս Վիմմերի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հաղորդում է Կառավարության մամուլի ծառայությունը:
«Քննարկվել են GRAWE ընկերության՝ Հայաստանի ապահովագրական շուկա մուտք գործելու հնարավորություններին վերաբերող հարցեր։
Վարչապետը կարևորել է ապահովագրության ոլորտում միջազգային հեղինակավոր ընկերությունների ներգրավումն ու ոլորտի հետևողական զարգացումը։ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ Կառավարությունը պատրաստ է կառուցողական համագործակցության և հետագա քայլերի քննարկման։ Միաժամանակ, վարչապետն ընդգծել է մեր երկրում C–Quadrat ներդրումային խմբի արդյունավետ գործունեության փաստը։
Կլաուս Շայտեգելը ներկայացրել է GRAWE ընկերության գործունեությունը տարբեր երկրներում և նշել, որ շահագրգիռ են մուտք գործել նաև հայաստանյան ապահովագրական շուկա։ Նա հավելել է, որ արդյունավետ կերպով համագործակցում են ՀՀ Կենտրոնական բանկի հետ և պատրաստ են շարունակել քննարկումները ներդրումային ծրագրերի իրականացման նպատակով։
Անդրադարձ է կատարվել հետագա փոխգործակցությանը վերաբերող հարցերի»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել