HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Կներդրվի տարեցներին մատուցվող խնամքի նոր ձև՝ խնամատարություն

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել կառավարության որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու նախագիծ, որով առաջարկվում է ներդնել տարեցներին մատուցվող խնամքի նոր ձև՝ խնամատարություն։ Նախարարությունը դրանով փորձում է երկու հարց լուծել՝ տարեցի խնամքի կազմակերպում ընտանիքում և գործազուրկ անձի զբաղվածության ապահովում:

Խնամատար ընտանիքում խնամքը տրամադրվելու է այն տարեց, ներառյալ՝ հաշմանդամություն ունեցող անձանց, ովքեր չունեն սեփականության իրավունքով իրենց պատկանող գույք և չունեն աշխատունակ չափահաս զավակներ: Բացառություն են լինելու դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված անձիք։ 

Խնամատար ընտանիքում խնամք ստանալու համար տարեցը ներկայացնելու է խնամատար ընտանիքին ներկայացվող ցանկալի պահանջներ, այդ թվում՝ խնամատար ընտանիքի գտնվելու վայրի, բնակարանային պայմանների, խնամատար ընտանիքում անձանց ընդհանուր թվի, նրանց սեռի, տարիքի, զբաղվածության, նախասիրությունների, ընտանի կենդանիների առկայության ու այլ հանգամանքների առնչությամբ:

Ըստ նախագծի՝ ընտանիքում խնամք տրամադրելու համար Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնն առաջարկելու է գործազուրկ անձանց տարեցի խնամքը կազմակերպել իրենց ընտանիքում: Համաձայնությունը ստանալուց հետո՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում, նրա ընտանիքի չափահաս անդամները նույնպես պետք է ներկայացնեն գրավոր համաձայնություն՝ ընտանիքում տարեցի խնամքը կազմակերպելու համար:

Այժմ Հայաստանում խնամատարությունը  նախատեսված է որպես երեխայի այլընտրանքային խնամք, սակայն տարբեր երկրներ, մասնավորապես՝ Շվեդիան, Ֆինլանդիան, ճապոնիան, Կանադան, ԱՄՆ որոշ նահանգներ և այլ երկրներ, խնամատարությունը կիրառում են նաև որպես տարեց, իսկ որոշ դեպքերում նաև՝ հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի տեսակ:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության դիրքորոշումն այն է, որ տարեցներն առավել հաճախ ունեն նման խնամքի կարիք, մասնավորապես՝ խնամքի հաստատություններում բնակվող այն տարեցներն, ովքեր չունեն մշտական վերահսկողության կարիք, չունեն սեփականության իրավունքով իրենց պատկանող գույք և չունեն աշխատունակ չափահաս զավակներ, կարող են խնամքը ստանալ խնամատար ընտանիքներում։ Երբ չափահաս անձը ստանձնում է պարտավորություն այդ տարեցին խնամելու՝ դառնալով խնամատար, պետությունն անհամեմատ քիչ ֆինանսական ծախս է կատարում այդ խնամքը կազմակերպելու համար:

Տարեցի խնամատարությունը ներդնելու համար անհրաժեշտություն է առաջանալու մի շարք իրավական ակտերում փոփոխություններ կատարել։ Համապատասխան ենթաօրենսդրական կարգավորումներն ամրագրելուց հետո խնամքի այս տեսակը կամրագրվի խնամատարության պայմանագրով, որը լինելու է եռակողմ՝ խնամքի կարիք ունեցող տարեցի, խնամատար անձի և միասնական սոցիալական ծառայության միջև:

Նախարարությունն ակնկալում է, որ նախագծի ընդունմամբ կընդլայնվեն տարեց, իսկ որոշ դեպքերում հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի ձևերը, և նրանց խնամք կտրամադրվի նաև խնամատար ընտանիքում: Բացի այդ, խնամատար ընտանիքում խնամք տրամադրելը կլուծի նաև այլ խնդիր՝ կապահովի Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնում հաշվառված գործազուրկ անձանց զբաղվածությունը, քանի որ խնամքի տրամադրման համար նախապայման է սահմանված՝ խնամքի տրամադրումն այդ անձանց ընտանիքում:

Խնամատար ընտանիքում խնամվող յուրաքանչյուր տարեց շահառուի խնամքի դիմաց տրվող վարձատրության ամսական չափը սահմանվելու է նվազագույն ամսական աշխատավարձի չափով՝ այժմ 75000 դրամ։ Իսկ հաշմանդամություն ունեցող տարեցի համար նախատեսվում է նվազագույն ամսական աշխատավարձի չափին հավելյալ 30% վարձատրություն:

Նախարարությունը հաշվարկել է, որ կառաջանա լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն։ 30 խնամվողի հաշվարկով 64 մլն 592 հազար դրամ է հաշվարկվել։ Այդ գումարի մեջ հաշվարկվել է տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձի խնամքի համար նախատեսված վարձատրությունը, ապրուստը հոգալու համար անհրաժեշտ անձնական հիգիենայի պարագաների, կենցաղային իրերի, հագուստի, կոշկեղենի, անկողնային պարագաների, սննդի ու կահույքի ձեռքբերման, ջեռուցման, լուսավորության, ջրմուղ-կոյուղու և այլ կոմունալ ծառայությունների դիմաց վճարները։ 

Լուսանկարը՝ Unsplash.com կայքից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter