HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել և կասեցվել է պաշտոնավարումը

«Հետքի» տեղեկություններով՝ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանի նկատմամբ: Ընտրվել է խափանման միջոց, պաշտոնավարումը կասեցվել է: Քննչական կոմիտեից անուն չհայտնեցին, սակայն մամուլի խոնակ Կիմա Ավդալյանն ասաց, որ Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաներից մեկին վերաբերող քրեական հետապնդման որոշում է կայացվել: Մասնավորապես՝ դատական ակտը չկատարելու կամ դրա կատարմանը խոչընդոտելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը և պաշտոնավարման կասեցումը: Մեր աղբյուրները հայտնում են, որ դեպքը կապված է գնման մրցույթ չհայտարարելու՝ դատարանի որոշումը չկատարելու հետ: 

Դեռևս 2023թ. օգոստոսի 1-ին գրել էինք քրեական գործի հիմք հանդիսացած գնման գործընթացների մասին: Մասնավորապես՝ «Իմպեքս» ՍՊԸ-ի և Երևանի քաղաքապետարանի միջև 2023թ. փետրվարին կնքվել էր ճանապարհային նշանների տեղադրման աշխատանքների կատարման պայմանագիր: Այդ ընթացքում մրցույթի մասնակիցներից «Ռեգիոնստրոյսերվիս» ՍՊԸ-ն դատական կարգով բողոքարկել է արդյունքները:

Քաղաքապետարանը, հաշվի առնելով հրատապ կարիքը, ցածր գին առաջարկած «Իմպեքս» ՍՊԸ-ի հետ մարտի 3-ին, մեկ անձից գնում կատարելու ընթացակարգով (առանց մրցույթի) կնքել է ճանապարհային նշանների տեղադրման պայմանագիր: Գինը կազմել է մոտ 9 մլն 636 հազ. դրամ: Իհարկե, այս պայմանագիրն ավելի փոքր ծավալներ ունի, քան մրցույթի արդյունքում կնքված պայմանագիրը:

Բողոքարկման գործընթացների ավարտից հետո, երբ մերժվել է «Ռեգիոնստրոյսերվիս» ՍՊԸ-ի հայցը, քաղաքապետարանը հունիսի 6-ին «Իմպեքս»-ին ուղարկել է համաձայնագիր կնքելու ծանուցում: Զուգահեռ նշել է, որ պայմանագրի որակավորման և կատարման ապահովումները պետք է ներկայացվեն բանկային երաշխիքի կամ կանխիկ փողի ձևով: Պայմանագրի կատարման համար թողարկման երաշխիքային ժամկետը պետք է լինի 10 տարի:

«Իմպեքս» ՍՊԸ-ի տնօրեն Միքայել Շահնազարյանն առաջին անգամ էր հանդիպում իրավիճակի, երբ պահանջել են 10 տարվա բանկային երաշխիք: Երևանի քաղաքապետարանը նույն բնութագրերով պայմանագրեր է կնքել և նման պահանջ երբևէ չի ներկայացրել:

«Իմպեքս» ՍՊԸ-ն 2023թ. հունիսի 23-ին դիմել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան՝ պահանջելով ոչ իրավաչափ ճանաչել Երևանի քաղաքապետարանի գործողությունները, որը վերաբերում է աշխատանքի և ապրանքի 10 տարվա բանկային երաշխիք պահանջելուն: Քաղաքապետարանն օրեր անց՝ հունիսի 30-ին, պայմանագիրը միակողմանի լուծելու վերաբերյալ ծանուցում է ուղարկել «Իմպեքս» ՍՊԸ-ին:

Դատարանը 2023թ. օգոստոսի 23-ին որոշել է կիրառել հայցի ապահովման միջոց: Արգելվել է Երևանի քաղաքապետարանին  իր կարիքների համար Երևան քաղաքում ճանապարհային նշանների տեղադրման աշխատանքների ձեռքբերման նպատակով  գնման գործընթաց նախաձեռնել մինչև քաղաքացիական գործով եզրափակիչ դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը:

Երևանի քաղաքապետարանը ոչ միայն ընկերության հետ լուծել է պայմանագիրը, այլև հայտարարել է ճանապարհային նշանների տեղադրման աշխատանքների կատարման նոր մրցույթ ու փոփոխություն կատարել բնութագրերում: Այլևս չի պահանջվել 10 տարվա բանկային երաշխիք: Իսկ 2023թ. օգոստոսի 1-ին «Իմպեքս» ՍՊԸ-ն քաղաքապետարանից ստացել էր ծանուցում՝ այս անգամ մեկ անձից գնում կատարելու ընթացակարգով մարտին կնքված պայմանագիրը՝ մոտ 5 մլն դրամի չափով, միակողմանի լուծելու մասին: Այս ամենն ընկերության ներկայացուցիչների մոտ կասկած են առաջացրել, որ հաղթող ճանաչված ընկերության նկատմամբ քաղաքապետարանը որոշ վերապահումներ ունի:

Քրեական գործի հիմք է հանդիսացել հենց այս հանգամանքը, որ հայցի ապահովման միջոց կիրառված լինելու պայմաններում, երբ դատարանն ուղիղ արգելել էր քաղաքապետարանին նոր մրցույթ հայտարարել, անտեսվել է ու մրցույթ է հայտարարվել՝ փաստացի չկատարելով դատարանի որոծումը:

5 մլն դրամի չափով պայմանագիրը լուծելու մասին որոշումը ևս դատական վեճի առարկա է դարձել, ընկերությունը դիմել է դատարան:

«Իմպեքս» ՍՊԸ-ի հայցերով դատարանն անվավեր ու ոչ իրավաչափ է ճանաչել Երևանի քաղաքապետարանի՝ ճանապարհային նշանների տեղադրման պայմանագիրը միակողմանիորեն լուծելու և ընկերությանը գնումների «սև ցուցակում» ներառելու որոշումները:

Քրեական հետապնդում հարուցելը չի նշանակում, որ անձը կատարել է վերագրվող արարքը։ Անձը մեղավոր է ճանաչվում միայն օրինական ուժի մեջ մտած դատական ակտով։

Մեկնաբանություններ (1)

Անուշ
«Հետքը»կարո՞ղ է հետաքննել և պարզաբանել,ինչու՞մի պաշտոնյայի դեպքում պաշտոնավարումը կասեցվում է,իսկ մյուս՝կոնսերվատորիայի ռեկտորի ժպ պաշտոնավարումը երկարացվում(ԿԳՄՍՆ) և հանրային քրեական հետապնդումը դադարեցվում՝նույն դատարանի վճիռը չկատարելով։ խոսքը կոնսերվատորիայի օրինախախտ ժպ ռեկտոր Ծովինար Մովսիսյանի մասին է,ով կամայական դրսևորումով,զուտ իր ցանկությունները կատարող ,կոնսերվատորիայի հաստիքային շրջիկ, իրավախորհրդատու,իրավական գիտելիքներից զուրկ, Վարինկա Ավիգիմյանի«ազդեցիկ» «իրավական հիմնավորումներով» չի կատարում օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը։ Այս արտոնյալի բացահայտված հովանավորներից է Գիտ.Կոմի ղեկավար Սարգիս Հայոցյանը՝ (վարչության պետ՝ Լուսինե Գրիգորյան,բաժնի պետ՝Աիդա Խաչատրյան,ԿԳՄՍՆ իրավաբան .վարչության պետ՝ Հովհաննես Գևորգյան)իր ստորագրությամբ, անօրինական,կեղծ բովանդակությամբ գրություններով։ Մյուս իրավասու պետական մարմինների փաստացի Հովանավորների հայտնաբերումը՝ ըստ «Հետքի» հետաքննության արդյունքների... Հ. Գ. «Հետքի» հետաքննությանն եմ ներկայացնում Վարինկա Ավագիմյանի պետական հիմնարկում օրինական իրավախորհրդատու լինելու հանգամանքի պարզաբանումը։Ըստ աշխատակիցների տեղեկության, Վ. Ավագիմյանը աշխատում է 3տարբեր հիմնարկներում, չունի ԵՊկոնսերվատորիա ՊՈԱԿում աշխատանքային հստակ ամրագրված ժամեր,կոնսերվատորիայում չունի հստակ ամրագրված աշխատասենյակ և«շրջիկը» կոնսերվատորիայում «հայտնվում է միայն»ռեկտորի «կանչով»,հիմնականում ժամը 18։00ից հետո, չունի պետական կոնտակտային հեռախոսահամար,իսկ թեմայից դուրս,իր «հանճարեղ իրավական» գրությունների տակ,որպես կոնտակտային հեռախոսահամար գրված է իր անձնական հեռախոսահամարը։Զանգահարելու դեպքում ,զայրանում է ու աղմկում ,որ զանգը իր անձնական համարով է։ Դատ գործ եդ0011/02/21

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter