HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

6 բարձրաստիճան հոգևորականի մեղադրանք է առաջադրվել ու ընտրվել «բացակայելու արգելք» խափանման միջոցը

Այսօր՝ 2026թ. հունվարի 31-ին, առավոտվանից ոստիկանության միջոցով ծանուցագրեր են հանձնվել Մայր Աթոռի Գերագույն հոգևոր խորհրդի եպիսկոպոս անդամներին, որպես մեղադրյալ Քննչական կոմիտե ներկայանալու համար: Եպիսկոպոսները մեղադրվում են դատական ակտի կատարմանը խոչընդոտելու արարքի կատարման մեջ:

Մեղադրանքներ են առաջադրվել Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանին, Հովնան եպիսկոպոս Հակոբյանին, Մակար եպիսկոպոս Հակոբյանին, Մուշեղ եպիսկոպոս Բաբայանին, Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանին, Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանին և Մովսես քահանա Սահակյանին։ Վերջինս Գերագույն հոգևոր խորհրդի քարտուղարն էր։ Նրանց նկատմամբ ընտրվել է բացակայելու արգելք խափանման միջոցը։

«Որպես քարտուղար ես արձանագրումներ եմ անում ու կազմակերպչական հարցերով զբաղվում, բայց որոշումներ կայացնող մարմին չեմ ու կապ չունեմ այդ ամենի հետ։ Իմ ձայնն այնտեղ չի լսվում, ժողովներին ես չեմ խոսում»,- Քննչական կոմիտեի դիմաց լրագրողների հետ զրույցում հայտարարել է Մովսես քահանա Սահակյանը։

Հիշեցնենք՝ Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում 2026թ. հունվարի 29-ին նախաձեռնվել է քրեական վարույթ՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով դատական ակտը չկատարելու և համակցության հատկանիշներով: 

2026թ. հունվարի 15-ին Արման Սարոյանը (Գևորգ եպիսկոպոս Սարոյան) հայց է ներկայացրել դատարան ընդդեմ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու։ Եպիսկոպոսը պահանջում է անվավեր ճանաչել Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից իրեն ազատելու մասին Գարեգին Բ Ամենայն hայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությունը և որպես հետևանք վերականգնել իրեն Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում:

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը հաղորդում է ներկայացրել, որ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը քաղաքացիական գործի շրջանակներում 2026թ. հունվարի 16-ին տրված կատարողական թերթով արգելել է «Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցի» կրոնական կազմակերպությանը և այլ անձանց իրականացնել որևէ գործողություն, որը կարող է որևէ կերպ խոչընդոտել Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանին, որպես Մասյացոտնի թեմի առաջնորդ, եկեղեցու կանոնադրությամբ, ինչպես նաև կիրառելի այլ կանոններով կատարել թեմի առաջնորդի համար սահմանված իրավասություններն ու պարտականությունները։ 

Դատարանի որոշման հիման վրա Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում հարուցվել է կատարողական վարույթ, որի շրջանակում կայացվել է «Պարտապանին որոշակի գործողություններ կատարելուն պարտադրելու կամ որոշակի գործողությունների կատարումից ձեռնպահ մնալուն հարկադրելու մասին» որոշումը: 2026թ. հունվարի 19-ին որոշումն առձեռն հանձնվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Դիվանատուն: Մինչդեռ Գերագույն հոգևոր խորհրդի 2026 թվականի հունվարի 27-ի որոշմամբ՝ հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը: 

Նկատի ունենալով, որ հաղորդմամբ փաստվում են հիշյալ կատարողական վարույթի շրջանակներում «Հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցու» համապատասխան ծառայողների կողմից իրենց ծառայողական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, օրինական ուժի մեջ մտած դատական ակտը չկատարելու և այն չկատարելուն դրդելու առերևույթ հանցագործության դեպքեր, նախաձեռնվել է քրեական վարույթ։

Նշենք, որ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը 2026թ. փետրվարի 16-19-ին Ավստրիայում հրավիրել էր Եպիսկոպոսաց ժողով։ Իշխանական ճամբարից հնչում էին հայտարարություններ՝ այդ ժողովը կանխելու մասին։ Քանի որ եպիսկոպոսների նկատմամբ ընտրվել է բացակայելու արգելք խափանման միջոցը, փաստացի նրանք զրկվում են ժողովին մասնակցելու հնարավորությունից, քանի որ չեն կարող երկրից դուրս գալ։

«Ակնհայտ է, որ սա հերթական միջամտությունն է Եկեղեցու ներքին գործերին, որի հիմնական նպատակն է խոչընդոտել Եպիսկոպոսաց ժողովի անցկացմանը: Ցավում եմ, որ Քննչական կոմիտեի ղեկավարը շեղվել է իր առաքելությունից և այդ համակարգում գտնվող բազմաթիվ բարեխիղճ քննիչների վատ վիճակի մեջ  է դնում»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է եկեղեցու իրավունքները պաշտպանող փաստաբան Արա Զոհրաբյանը:

Իսկ Մայր Աթոռը հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ խստորեն դատապարտում է ՀՀ Սահմանադրության և օրենքների բացահայտ խախտումներով իշխանությունների հերթական միջամտությունը Եկեղեցու ներքին գործերին, որով քրեական վարույթ է նախաձեռնվել և քրեական հետապնդում է հարուցվել Գերագույն Հոգևոր Խորհրդի հոգևորական անդամների նկատմամբ՝ դատական ակտի կատարմանը խոչընդոտելու մեղադրանքով։ 

«Մայր Աթոռը կոչ է անում Հայաստանի Հանրապետության իշխանությանը և իրավապահ համակարգին գործել բացառապես ՀՀ Սահմանադրության և օրենքի շրջանակներում, արդարության և ճշմարտության բարձրագույն սկզբունքներին հավատարմությամբ և հարգել Եկեղեցու ինքնավարության իրավունքը»,- նշված է հայտարարության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter