HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինչու են գործադուլ անում Ախթալայի հանքափորները 

«Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի» բոլոր 52 հանքափորները հունվարի 15-ից գործադուլ են անում՝ աշխատավարձի բարձրացման պահանջով։ Աշխատանքային պայմաններից էլ գոհ չեն, բայց առաջնահերթը, ասում են, վարձատրությունն է։ Մինչդեռ գործատուն մտադիր չէ նրանց պահանջը բավարարել։ 

Գործադուլի մեկնարկից հինգ օր առաջ՝ հունվարի 10-ին, հանքափորները ղեկավարությանը հայտնել են չաշխատելու իրենց մտադրության մասին՝ առաջարկելով վերանայել աշխատավարձը։ Այդ ընթացքում նրանք սովորականի պես աշխատանքի են գնացել, բայց ղեկավարներից որևէ արձագանք չի եղել։

Գործադուլի օրերին ղեկավար կազմից ժամանակ առ ժամանակ ներկայացուցիչ է մոտեցել կոմբինատի առաջին անցակետի մոտ խմբված բանվորներին, փորձել բանակցել և համաձայնության գալ։ Հանքափորների և տնօրինության միջև երկու հանդիպում էլ կոմբինատում է տեղի ունեցել, որոնցից մեկին, որպես միջնորդ, նաև Ալավերդու համայնքապետն է ներկա եղել։ Հանդիպումների ընթացքում հանքափորները ցանկալի պատասխան չեն ստացել։ 

«Պատճառաբանում են, որ տասը տարի ա՝ վնասով են աշխատում։ Բայց մենք ի՞նչ մեղք ունենք, որ սխալ մենեջմենթի, պոչամբարի  պատճառով, օրինակ, պետությունն էկել ա, իրանց տուգանել։ Մեզանից պահանջում են, որ լավ աշխատենք, մենք լավի փոխարեն գերազանց ենք աշխատում էդ պայմաններում։ 350-400 հազարը վատ աշխատավարձ չի, բայց հանքի համար է քիչ։ Բացի դա, ամեն ինչ թանկացել է, համատարած գնաճ է»,- ասում է գործադուլի մասնակիցներից մեկը, ով խնդրեց չհրապարակել իր անունը:   

Փակ հանք, խոնավություն, ծանր օդ, գետնի տակ 2-3 կիլոմետր խորությամբ ամենօրյա աշխատանք՝ 40-50 կիլոգրամանոց հարվածային մուրճն ու լինգը ձեռքում, առանց դիմակի ու պաշտպանիչ այլ միջոցների․ հորատող բանվորներն իրենց աշխատանքն են նկարագրում, որպեսզի այս գործից անտեղյակ մարդկանց համար պարզ լինի, թե ինչու են աշխատավարձի բարձրացման պահանջ ներկայացնում։      

«Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ի և հանքափորների միջև կնքված պայմանագրով 1 խմ հումքի համար կոմբինատը հանքափորներին վճարում է 1700  դրամ, իսկ հանքում 1 մ հորատման համար՝ 18 հազար դրամ։ Հանքափորներն ուզում են, որ այդ գումարը 20 տոկոսով ավելանա։ Այսինքն, մեկ խորանարդ մետր հանքանյութը հաշվարկվի 2200, իսկ մեկ մետր հորատումը՝ 21 հազար դրամով։ Իրենց պահանջը նրանք հիմնավորում են միջազգային շուկայում մետաղների գների բարձրացմամբ։ 

«Որոշ ժամանակ առաջ՝ 2020-ին, երբ պղնձի մեկ տոննայի գինը անգամ 7 հազար դոլարի չէր հասնում, մենք մտել ենք աշխատանքի, պայմանագիր ենք կնքել։ Պայմանագրում նշված է, որ եթե գինը իջնի 7 հազարից, մեր գումարն ավտոմատ իջնում ա, բայց չի նշվել, որ եթե բարձրանա, մեր աշխատավարձն էլ է բարձրանալու։ Իրանց էդ կետը պետք չի եղել, որ նշեն։ Մենք էլ չենք մտածել փաստաբանի, իրավաբանի դիմել, որ իմանանք, թե ոնց ենք պայմանագիր կնքում։ Անգամ հաշվի չեն առնում, որ հիմա կրկնակի է թանկացել պղինձը», - պատմում է 48-ամյա Արտակ Ռևազյանը, որ մասնագիտությամբ ստորգետնյա հորատող է և արդեն 13 տարի ԼՀԿ-ում է աշխատում։ 

Հանքափորների աշխատավարձը գործարքային է, 150 հազարից 700-800 հազար դրամի կարող է հասնել։ Համեմատաբար բարձր վարձատրվող աշխատակիցները, սակայն, փաստում են՝ իրենց առողջության, մեկի փոխարեն երկու անգամ հանք մտնելու, ավելի երկար աշխատելու հաշվին է այդպես։ Հիմնական անելիքից բացի, նրանք նաև հավելյալ աշխատանք են անում, ինչից դժգոհ չեն։ «Թող անելու բան լինի»,- ասում են։   

Հանքափորները վճռական են, ասում են՝ մինչև վերջ գնալու են։

«Բոլորս մի մարդու նման վճռական ենք։ Մենք գիտակցում ենք, որ պաշարները վերջանան, մեզ հետ հնարավոր է նաև մյուս 450 աշխատողները անգործ մնան։ Դա էլ բազմապատկեք իրենց ընտանիքների անդամների թվով։ Ուղղակի մեր աշխատանքը ճիշտ չեն գնահատում, որ վտանգը շատ ա, ստացածը՝ քիչ», - նշում է հանքի 18 տարվա աշխատող Արամ Սահակյանը։ 

Գործադուլի 17 օրերի ընթացքում ԼՀԿ-ի ղեկավարները բանվորներին որևէ կերպ չեն ընդառաջել։ Ավելին՝ հունվարի 19-ին նրանց ծանուցում են ուղարկել՝ աշխատանքի չներկայանալու պատճառների մասին գրավոր բացատրություն ներկայացնելու խնդրանքով։ 

Ընկերությունը նաև հայտնել է, որ աշխատակիցների կողմից հիմնավոր պատասխան չստանալու դեպքում բացակայությունը համարելու է անհարգելի, օրենքով սահմանված կարգով նրանց հետ լուծելու է աշխատանքային պայմանագիրն ու  պատճառված վնասի փոխհատուցում է պահանջելու։ 

Հորատողների մի մասն աշխատավայրից իր ծանուցումը չի վերցրել։ Մյուսներին դա հասել է էլեկտրոնային փոստով։ Ըստ բանվորների՝ ծանուցումից բացի, նաև սպառնալիք են ստացել, որ կոմբինատում աշխատող նրանց  բարեկամներն էլ անգործ կմնան։ 

Սա դեռ ամենը չէ։ «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատը» հորատողների է փնտրում։ Այս մասին ընկերությունն իր ֆեյսբուքյան էջում դեռ հունվարի 20-ին էր հայտարարություն արել, ինչից հետո Վարդենիսից մի քանի բանվորներ են Ախթալա եկել։ Բայց իմանալով, որ այստեղ գործադուլ է, և տեղացիները չեն աշխատում, թողել, հեռացել են, պատմում են ախթալացի բանվորները։ 

Հանքում աշխատելու նպատակով ԼՀԿ-ն փորձել է ներգրավել նաև Հնդկաստանի 20 քաղաքացիների, որոնք, չկարողանալով հարմարվել նշված աշխատանքին, հունվարի 28-ին Երևան են վերադարձել։  

«Հիմա նորից աշխատողներ կան Վարդենիսից, մոտ տասը հոգի։ Էլի են գալու։  Իմացել ենք, որ լավ պայմաններով են ընդունվել աշխատանքի, բարձր աշխատավարձով, կեցությունը, սնունդը, ամբողջը՝ կոմբինատի հաշվին։ Ստացվում է, որ միլիոնների ծախս են անում, իսկ մեր աշխատավարձը չեն ուզում բարձրացնել։ Մենք բախումների չենք գնալու, լավ են արել, եկել են, ցանկացած մարդ տուն ա պահում։ Իրանք էլ (կոմբինատի ղեկավարությունը – հեղ․) երևի մտածում են, որ աշխատողներ են բերել, մենք կոմպրոմիսի կգնանք»,- ասում է հանքափոր Արշալույս Մատինյանը և հավելում՝ մինչև իրենց պայմանը չկատարեն, չեն աշխատելու, թեկուզ ստիպված լինեն այլ տեղ աշխատանք գտնելու։

Փորձեցինք պարզաբանում ստանալ ԼՀԿ-ից, բայց՝ ապարդյուն։ Տարբեր օրերի մեր բազմաթիվ հեռախոսազանգերն անպատասխան մնացին։ 

«Ախթալա» արհեստակցական կազմակերպության նախագահ Սասուն Վարդումյանը, որ նախկինում կոմբինատում է աշխատել, բանվորներին աջակցելու նպատակով հանդիպել է ԼՀԿ-ի գլխավոր տնօրեն Վիլեն Հակոբյանին։ Վերջինս, սակայն, ներկայացրել է  կոմբինատի՝ նոր պոչամբարի կառուցմամբ պայմանավորված  խնդիրները, պարտքերը, որոնց պատճառով, աշխատավարձի բարձրացում հնարավոր չէ։ 

«Տնօրենը նշեց, որ կոմբինատի  մյուս տեղամասերում՝ ջարդման արտադրամասում, ավտոտնտեսությունում և այլ տեղերում, աշխատավարձն ավելի ցածր է։ Եվ եթե հնարավորություն լինի, ապա առաջինը հենց այդ ստրուկտուրաներում կբարձրացնեն։ Իսկ գործադուլավորները պատրաստ են անգամ հարցի փուլային լուծման տարբերակին, այսինքն՝ աշխատավարձի 10 տոկոս բարձրացում լինի մինչև հունիս ամիսը, մյուս տասը տոկոսը՝ մինչև տարեվերջ։ Ես այդ առաջարկը փոխանցել եմ տնօրենին։ Պատասխանել է, որ կփորձի բարձրացումներ անել, բայց կոնկրետ ժամանակահատված, ասում է, մի խնդրեք»,- ասում է Սասուն Վարդումյանը։ 

Գործադուլի մեջ գտնվող հանքափորներին իր աջակցությունն է հայտնել Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան։ Լեռնագործների, մետալուրգների և ոսկերիչների ճյուղային միության նախագահ Էդուարդ Փահլևանյանը «Հետքին» հայտնեց, որ հունվարի 23-ին գրավոր դիմել են «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի» ղեկավարությանը՝ կոլեկտիվ վեճը բանակցությունների միջոցով լուծելու նպատակով։ Մինչև հիմա որևէ արձագանք չի եղել։ 

Կոնֆեդերացիան նամակով դիմել է նաև Կառավարությանը, ՄԻՊ-ին, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին՝ հանքափորների սահմանադրական և աշխատանքային իրավունքների պաշտպանության համար։ 

Ստեղծել կյանքի և առողջության անվտանգ միջավայր, աշխատանքային ընթացիկ պայմաններ (հացի, հիգիենիկ և այլ պարագաների մատակարարում և այլն), ապահովել արժանապատիվ վարձատրություն ըստ Փահլևանյանի՝ օրենքը բանվորների պաշտպանության համար տալիս է բոլոր ընթացակարգերը, և իրենք գործելու են ըստ այդ ընթացակարգերի։

«Ես անձամբ կանգնելու եմ այդ տղաների կողքին։ Հացը ի՞նչ է, որ մի փոքր բուտերբրոդ չտաս աշխատողին։ Բաղնիքը ի՞նչ է, որ մարդը  դուրս գա 2-3 կմ հողի տակից, գնա տուն, էրեխեքն էլ չմոտենան հորը։ Նրանք են ընկերությանը եկամուտ բերում։ Բայց որևէ շահույթ չի կարող լինել այնքան կարևոր, որքան աշխատողների առողջությունն է։ Եթե այդ պատասխանները եղան ոչ պատշաճ, ոչ բավարար, ոչ հօգուտ աշխատողների, դա բերելու է շատ վատ սոցիալական հետևանքի»,- ասում է Էդուարդ Փահլևանյանը։ 

Գործադուլի 17-րդ օրը՝ հունվարի հունվարի 31-ին, հանքափորները հայտարարեցին, որ սպասում են իրենց համաքաղաքացիների և ամբողջ համայնքի աջակցությանը։ Հավաքվելու են փետրվարի 2-ին նույն տեղում՝ կոմբինատի առաջին անցակետի մոտ։ 

Տաթևիկ Ճուղուրյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter