HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Գյումրեցի գեղանկարչուհու «համի ուժը»

Թեթև, սահուն քայլվածք, մշտապես կանացի հագուկապ, խնամքով արվածսանրվածք ու գույներ, գույներ, գույներ՝ հագուստի, պահվածքի, անգամ ժպիտի մեջ: Մարդիկ հանդիպելիս, հաճախ են մոռանում նրա տարիքը, սակայն միևնույն ժամանակ շատերին է հետաքրքրում տիկնոջ «հավերժ երիտասարդության գաղտնիքը»: Գեղանկարչուհի Սուսաննա Մկրտչյանին ողջ Գյումրին է ճանաչում: Նրա մասին խոսելիս՝ շատերն են համոզված պնդում, թե իրենց սիրելի Սուսիկը բնիկ գյումրեցի է, մեջբերելով՝ «հբը ղայդով իսանն ու՞րդեղից կեղնի» հայտնի խոսույթը:

ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչն, ով ժամանակին աշակերտել է նկարիչ Հակոբ Անանիկյանին, Սերգեյ Միրզոյանին, նկարելուց զատ, նաև հմուտ խոհարար է ավանդական ուտեստների պատրաստման առումով: Կատակում եմ, թե եկել ենք հանրությանը մի ուրիշ Սուսաննա Մկրտչյան ներկայացնելու: «Իմ ֆիրմեննի ուտեստը, որ միշտ պատրաստում եմ, կաղամբի թփով, բրնձով, չրեղենով տոլման է, անմահական համ ունի, գուցե մի օր ձեզ համար էլ պատրաստեմ,-իրեն բնորոշ ժպիտով խոստանում է նկարչուհին, հետո մի փոքր խոժոռվելով՝ շարունակում,-միս չեմ ուտում, էն նոր տարվա բուդ կոչվածի համն անգամ տեսած չկամ: Ես պարզ կերակուրներ եմ սիրում»:

-Անգլիական մի ասացվածք կա.«Մենք այն ենք ինչ ուտում ենք»,-գուցե դա՞ է ձեր ավյունի գաղտնիքը: 

-Հնարավոր է,-զրուցակցիս դեմքին կրկին ժպիտ է հայտնվում,-նաև որոշ կանոնների պահպանումը, հատկապես. «մի վնասիրը»: 

Տիկին Սուսաննան թեպետ ծնվել է Լենինականում, սակայն իրեն համարում է ղարսեցի: Ծնողները՝ Սաթիկն ու Հարությունը, որբանոցի սաներ էին, հարազատներին կորցրել էին 1915թ.-ին տեղի ունեցած ջարդերի ժամանակ: «Ես տատիկ-պապիկ չեմ տեսել,-ասում է նկարչուհին,-ծնողներս մանկատանն են մեծացել, այնտեղ էլ ծանոթացել են, հետո ամուսնացել: Ավանդական, բազմանդամ ընտանիք են ստեղծել: Մայրս անչափ համեղ էր պատրաստում, տարատեսակ ճաշերի բաղադրատոմսեր գիտեր: Հետո, արդեն հասուն տարիքում, զարմանում էի, թե որտեղից իրեն նման գիտելիքներ, որովհետև այդ ամենը կրողին ու փոխանցողին, այսինքն մորն ու տատին, կորցրել էր շատ վաղ տարիքում»:

Գյումրու Կրուպսկայայի անվան փողոցը կոչում էին «ղարսեցիների ծվար»: Կարսից գաղթած ընտանիքներն հիմնականում այդտեղ էին տնավորվել: Ինչպես պատկերավոր նկատեց զրուցակիցս. «աշխատում էին անպայման իրար կողք ապրել, ինչպես հավի ճուտերը, որ միմյանց են կպնում տաքանալու նպատակով»: 

«Մենք հարուստ չէինք, բայց աղքատ էլ չէինք: Հայրս քարհանքերի վարչությունում էր աշխատում, ղեկավար աշխատող էր, բայց անչափ համեստ: Խորհրդային տարիներին այդպիսի սովորույթ կար, որ վաղ առավոտյան մարդիկ նախ գնում էին շնորհավորելու իրենց կողմից ամենահարգված մարդու Նոր տարին՝ ազգի մեծ, քավոր, հիմնարկի տնօրեն և այլն: Մենք տոնածառը դնում էինք մեծ սենյակի կենտրոնում, քույրերս երեկոյան մաստիկա էին քսում հատակին, պլպացնում: Հիշում եմ, որ  առավոտ շուտ, ժամը վեցին-յոթին, մայրս մեզ ձայն էր տալիս, թե՝ «վեր կացեք, հիմի բանվորները գուկան»: Ու գալիս էին մի խումբ տղամարդիկ, սապոգներով, դոփելով պարում տոնածառի շուրջ, երգում, ուրախանում: Ազգագրական երգերն առաջին անգամ ես իրենցից եմ լսել: Սեղանին պարզ կերակուրներ էին հիմնականում, սակայն կար մի անասելի ջերմություն, որ հիմա կորսված է ցուցադրական ճոխությունների ֆոնին»:

Գեղագիտության ազգային կենտրոնի Գյումրու մասնաճյուղի հիմնադիր-տնօրենն է Սուսաննա Մկրտչյանը 1978թ-ից: Այստեղ երեխաներին դասավանդում են ոչ միայն նկարչություն, պար, երգ, թատրոն, դիզայն, ձեռքի աշխատանք, գոբելեն, այլև եղավ մի ժամանակահատված, երբ սաների համար համար կարողացան կազմակերպել խոհարարական դասընթացներ: 

«Ազգի հիշողությունը սերունդներին փոխանցվում է նաև համի միջոցով,-ասում է նկարչուհին,-հայկական ավանդական ուտեսները հիմնականում ունեցել են ծիսական-տոնական նշանակություն: Հիմա նրանցից շատերը վերածվել են առօրյա կերակուրների, իսկ մի մասն էլ՝ մոռացվել: Երբ դու կերակուրի մասին ես խոսում, ենթադրենք հարիսայի պատրաստման, չես կարող չհիշատակել Մուսա լեռն ու պայքարի 40 օրը: Այսինքն ուտելիքի հետ երեխային նաև ազգիդ պատմությունն ես հրամցնում»:

Նկարչուհու մանկության ու հասունության տարիները թունդ աթեիզմի ոգով դաստիարակման շրջանի հետ էին համընկել: Պատմում է, որ եկեղեցի չէին գնում, Սուրբ ծնունդ չէին նշում, պաս չէին պահում, սակայն առօրյա կյանքում ու տոներին պատրաստում էին նախնիներից ժառանգած ծիսական ուտեստները:

«Ամանորի սեղանին ընդունված չէր մսից կերակուր դնել: Հիմնականում հատիկեղենից պատրաստված կերակուրներ էին: Ես հիշում եմ, խաշած կարտոֆիլ էին դնում՝ վրան սոխ կտրատած, ավելուկով սալաթ, հատ կարմիր լոբի՝ վրան սոխ ու կարմիր պղպեղ, ձկան պահածո էին դնում, պասուց տոլման պարտադիր էր: Թանով ապուր էին պատրաստում պարտադիր, պոչով ապուր, աղացած ձավարով, թթված թփով կոնջոլ, ավելուկով ու բլղուրով ապուր: Սեղանի զարդերից էր ծիրանի չրից պատրաստած կոմպոտը: Հունվարի 6-ին էլ հարիսա, չամիչով փլավ ու ձուկ էին պատրաստում: Էս ամբողջը ինչ թվարկեցի, մեր տանը մշտապես պատրաստվում է»:

Զրուցակիցս հիշում է, որ շատ հաճախ հարիսան փոխարինում էին կորկոտից պատրաստած խաշիլով՝ դա նույն հարիսան էր, ուղղակի առանց հավի մսի: Կորկոտով խաշիլը պատրաստելիս անպայման հրավերք էին անում, ուտում էին հալած յուղով ու կաթով, տարածված էր փոխինձով խաշիլը, որը ճաշակելու հերաքրքիր ձև ունի՝ կերակուրի մեջ փոսիկ են անում, հալած տաք յուղը լցնում ու գդալով շերտ-շերտ քսելով ուտում: Շատերը փոխինձի վերջին մի քանի գդալը սիրում են խառնել տաք կաթի հետ՝ ավելացնելով շաքարավազ: Հայկական ավանդական ուտեսներում գերակշռում էր այն, ինչ ստացել էին հողից ու պատրաստվում էին գարնանը վերադարձնել հողին, այսինքն՝ հատիկեղեն:

Պահքի պահեցողությանը տիկին Սուսաննան որոշ վերապահումներով է մոտենում: Ասում է՝ շատերը պաս են պահում նիհարելու համար, մտածում են մարմնի թեթևացման, մաքրման մասին՝ մոռանալով հոգևորը: «Կարծեմ մի 2 տարի առաջ էր, երբ ընկերներով պահքի մասին էինք խոսում, ես ասացի, որ ուտելիքի մասով չեմ կարող, իմը հոգևորն է: Այդ տարի, 40-օրյա մեծ պահքի ժամանակ որոշեցի Աստվածամորը նկարել: Վերջում ստացվեց 26 աշխատանք կերպասի վրա, որ հետո ցուցադրվեց՝ «Ավետումից Համբարձում» խորագրով: Ես համարեցի, որ դա էլ իմ պասն էր, իմ ուխտը, իմ նվիրումն այդ օրերին, որովհետև զոհողություն էր պահանջում, քանի որ տեսողությունս շատ էր թուլացել»:

Խոսելով հայկական ավանդույթների, ծիսական կերակուրների և պահքի մասին, չենք մոռանում անդրադառնալ Բարեկենդանին, որ ցավոք մոռացության է տրված անգամ գյուղերում: Մեր նախնիներն այդ օրը ճոխ սեղաններ էին գցում, երգում, պարում, զվարճանում, դիմակավորված խաղեր կազմակերպում, ներկայացումներ բեմադրում: Գործածում էին հատկապես յուղալի ուտեստներ, մսեղեն և կաթնեղեն, քանի որ Բուն Բարեկենդանին հաջորդելու էր Մեծ պահքը: Բարեկենդանի առաջին օրերին ընդունված էր պատրաստել գաթա ու հալվա, երեկոյան ուտում էին կաթնապուր և մածուն: Պարտադիր ճաշատեսակ էր խաշիլը, որոշ բնակավայրերում նախապատվությունը տալիս էին ձավարով կամ համեմունքներով լցոնած ոչխարին:

«Ափսոսում եմ, որ նախկինում հայերիս կողմից սիրված այս տոնը գրեթե չենք նշում, ու ինքը դարձել է մշակութային կազմակերպությունների կողմից միջոցառումների ձևով հիշատակվող օր,-ասում է տիկին Սուսաննան,-Բարեկենդանն էն տոնն է, որ միավորում է մեր ազգային, մշակութային, խոհանոցային գունապնակի բոլոր երանգները: Մեր կենտրոնում էլ ենք այդ օրերին միջոցառումներ կազմակերպում, երեխաները ստեղծագործում են այդ թեմայով՝ հիմնականում նկարում են, դիմակներ են պատրաստում, բայց շատ կարևոր մի բան դուրս է մնում՝ համը»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter