«Մեկ ընտանիքի պես ենք ապրում այստեղ»,- ասում է Լիբանանում մուսալեռցիների հանգրվան դարձած Անջարի քաղաքապետը
Լիբանանի Անջար հայաբնակ քաղաքն այսօր շուրջ 3000 բնակիչ ունի: Չհաշված փոքրամասնություն կազմող արաբներին՝ Անջարի հայությունը ներկայացնում է 3 համայնք՝ առաքելական, կաթոլիկ ու ավետարանական:
Վերջիններս մուսալեռցիներ են, որոնք այստեղ վերաբնակեցվել են 1939-ի սեպտեմբերին ֆրանսիական իշխանությունների աջակցությամբ: Ի սկզբանե հայերի թիվը 5125 էր (1205 ընտանիք): Քանի դեռ Անջարում տներ չէին կառուցվել, մի քանի ամիս մարդիկ ապրում էին վրանների մեջ: Այս պայմաններում կյանքը հեշտ չէր, կար խմելու ջրի եւ սննդի պակաս: Գաղթականների մի մասն այս ամենի պատճառով ցրվեց հարեւան բնակավայրերով: 1205 ընտանիքից մնաց 1050-ը (803 առաքելական, 165 կաթոլիկ, 82 ավետարանական): Սակայն նույնիսկ վրանային պայմաններում մուսալեռցիները կրթում էին իրենց երեխաներին ու կատարում եկեղեցական արարողություններ:
Անջարի ժամացույցը՝ նախկինում եւ այսօր
Ավելի ուշ յուրաքանչյուր համայնք Անջարում հիմնեց իր եկեղեցին ու դպրոցը:
3 համայնք, 3 եկեղեցի, 3 դպրոց
Արծվի տեսք ունեցող հատակագծով Անջարի «գլխամասում» Ս. Պողոս առաքելական եկեղեցին է, «թեւերի» վրա՝ կաթոլիկ (Ս. Վարդարանի Տիրամայր) ու ավետարանական եկեղեցիները:
Ս. Պողոս առաքելական եկեղեցին ու «Գալուստ Գյուլբենկյան» սրահը
1941-ին կառուցվել է ավետարանական եկեղեցին, 1954-ին օծվել է Ս. Վարդարանի Տիրամայրը, իսկ 1960-ին օծվել է Ս. Պողոսը: Ընդ որում՝ վրաններից դուրս գալուց հետո մի որոշ ժամանակ առաքելականներն իրենց եկեղեցական արարողությունները կատարում էին վարժարանի շենքում, իսկ կաթոլիկները՝ փայտաշեն եկեղեցում:
Ս. Վարդարանի Տիրամայր կաթոլիկ եկեղեցին ու «Աղաջանյան» կենտրոնը
Անջարի քաղաքապետ Սեդրակ Հավաթյանն ասում է, որ այսօր համայնքի հայության 90 տոկոսը առաքելականներ են, բայց թե՛ նրանք, թե՛ կաթոլիկներն ու ավետարանականները մուսալեռցիներ են:
Մուսա լեռան հերոսամարտին նվիրված հուշահամալիրը
«Մենք ընդհանրապես տարբերություն չենք դնում,- ասում է «Հետքի» զրուցակիցը,- երբ Մուսա լեռան մեր հերոսամարտի տոնակատարությունն ենք անում, հարիսա պատրաստելիս երեք համայնքներն էլ, երեքի հոգեւորականներն էլ ներկա են լինում՝ կողք-կողքի նստած: Մեր բոլոր ձեռնարկներում իրար հարգում ենք: Երբ դեկտեմբերի 25-ին նշում են կաթողիկե համայնքի Սուրբ ծնունդը, մենք մյուսներով գնում ենք շնորհավորելու, փոխադարձաբար հունվարի 6-ին իրենք են գալիս մեզ շնորհավորելու: Միշտ սերտ ու ջերմ հարաբերություններ են: Մեկ ընտանիքի պես ենք ապրում այստեղ»:
Հարիսան պատրաստվում է այս վառարաններում
Եկեղեցիներ կառուցելուց ավելի շուտ հայ առաքելականները, կաթոլիկներն ու ավետարանականները դպրոցներ (վարժարաններ) են հիմնել իրենց նոր բնակավայրում:
Առաքելականները, մասնավորապես, 1939-ին՝ Անջար հասնելուց շատ չանցած, մի քանի արաբական մեծ վրան էին իրար միացրել ու այդտեղ էին կրթում երեխաներին: Վարժարանն այդպես էլ կոչում էին՝ «վրան-վարժարան»: 1940-ին Փարիզի «Յառաջ» օրաթերթի խմբագիր Շավարշ Միսաքյանի նախաձեռնությամբ ֆրանսահայությունը գումար հանգանակեց, որով էլ կառուցվեց «Յառաջ» ազգային վարժարանը: Այն բացվեց 1941-ին՝ ունենալով 755 աշակերտ: Այստեղ էր, որ ժամանակավորապես արարողություններ էին կատարում առաքելական հոգեւորականները: Պատահական չէ, որ վարժարանի բակում տեղադրված է դրա հիմնադիր համարվող Շ. Միսաքյանի կիսանդրին:
Այդուհանդերձ, Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո դեպի Խորհրդային Հայաստան սկսված հայրենադարձությունն ազդեց թե՛ Անջարի բնակիչների, թե՛ «Յառաջ» վարժարանի աշակերտների թվի վրա: Ի տարբերություն բացման տարվա՝ 1954-1955 ուստարում այստեղ ընդամենը 135 սովորող կար: Մինչեւ 1959 թ. կրթությունը 6-ամյա էր, իսկ 1959-ից՝ 12-ամյա (այս կրթությամբ առաջին շրջանավարտները վարժարանից դուրս են եկել 1965-ին): Այլ կերպ ասած՝ 1959-ից «Յառաջը» երկրորդական վարժարան է (սա համարժեք է ՀՀ ներկայիս ավագ (12-ամյա) դպրոցներին):
Ուսման երկարելը նշանակում էր նաեւ աշակերտների թվի ավելացում: Ընդ որում՝ մանկապարտեզը եւս վարժարանում էր տեղայակված, սակայն, դպրոցականների քանակական աճի ֆոնին 1960-ականների կեսերին այն տեղափոխվեց ծննդատան (մայրանոցի) շենք: 1969-ին սկսվեց վարժարանի նոր՝ երկհարկանի շենքի շինարարությունը, որտեղ պիտի տեղավորվեին 7-12-րդ դասարանների աշակերտները: Շենքը կառուցվեց «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի աջակցությամբ: Եվ այսօր 2 մասնաշենքից բաղկացած կրթական հաստատությունը կոչվում է «Յառաջ-Գ. Գյուլբենկյան» ազգային երկրորդական վարժարան:
Արմեն Թաշչյանը, որը 2005 թ.-ից վարժարանի տնօրենն է, «Հետքի» հետ զրույցում պատմում է, որ նախկինում աշակերտների թիվը տատանվում էր 200-230-ի միջակայքում, բայց երկրում շարունակվող տնտեսական ճգնաժամի ֆոնին (լիբանանյան լիրան 2019-ից սրընթաց արժեզրկվել է) արտագաղթի միտում կա, եւ 2025-2026 ուստարում աշակերտների զգալի նվազում է եղել. վերջին 20 տարիներին առաջին անգամ նրանց թիվն իջել է 200-ից՝ հասնելով 185-ի:
Վարժարանում հայկական առարկաները (հայոց լեզու, հայոց պատմություն, կրոն, Հայաստանի աշխարհագրություն) դասավանդվում են հայերեն, ընդհանուր առարկաները (օրինակ՝ բնագիտություն, ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն)՝ անգլերեն, կան նաեւ արաբերեն ուսուցանվող առարկաներ (կրթությունը վարժարանում վճարովի է):
Տնօրեն Թաշչյանն ասում է, որ Անջարում նվազել է ծնելիության մակարդակը, ինչի պատճառ են դարձել տնտեսական ճգնաժամը, կորոնավիրուսի համավարակը, Լիբանանում տիրող քաղաքական-տնտեսական անկայուն իրավիճակը:
Մանկապարտեզը, որը վարժարանի հարեւանությամբ է, արդեն 16 տարի ղեկավարում է Լենա Աշկարյան-Ստամբուլյանը, որն այստեղ աշխատում է 2000 թ.-ից: Ներկայում մանկապարտեզն ընդամենը 37 սան ունի, անձնակազմն էլ բաղկացած է 8 հոգուց: Տիկին Լենան հաստատում է Արմեն Թաշչյանի միտքը, որ Անջարում ծնունդները նվազել են: Ըստ նրա՝ պատճառը ընտանիքների արտագաղթն է երկրից կամ տեղափոխությունը Անջարից Բեյրութ: Հիշում է, որ մոտ 20 տարի առաջ մանկապարտեզը 130-ից ավելի սան ուներ, բայց թիվն աստիճանաբար նվազել է:
Ինչպես ասվեց, նախկինում մանկապարտեզի տեղում ծննդատուն է գործել: Ժամանակի ընթացքում կրթօջախի տարածքն ընդլայնվել է: Այսօր այստեղ են հաճախում 2-6 տարեկան փոքրիկները: Կա 4 խումբ կամ դասարան՝ «Ծիլ» (2-3 տարեկաններ), «Բողբոջ» (3-4), «Կոկոն» (4-5), «Ծաղիկ» (5-6):
«Երեխաների թիվը բնակչության ընդհանուր թվի հետ նվազում է, լուծումը չգիտեմ, ղեկավարները պետք է որոշեն, բայց իմ կարծիքով՝ Անջարում մեկ մանկապարտեզը բավական է, մյուս (ավետարանական – հեղ.) մանկապարտեզում էլ 34 երեխա կա,- ասում է Լենա Աշկարյան-Ստամբուլյանը,- այնտեղ մեծամասնությունը հայեր են, բայց կան նաեւ օտարազգիներ: Մեր պարագայում օտարազգի սան չունենք»:
Երկար տարիներ իր վարժարանն ուներ Անջարի հայ կաթոլիկ համայնքը: Այն բացվել էր 1940-ին՝ շնորհիվ կաթոլիկ քույրեր Լորենցիա Ալեքսանդրյանի, Մադլեն Ճռնազյանի եւ Պերճուհի Ավետիսյանի ու կոչվում էր «Հայ կաթոլիկ քույրերի վարժարան»: Ինչպես «Յառաջ» վարժարանում, այստեղ եւս սկզբնապես կրթությունը 6-ամյա էր, ընդ որում՝ կային արական ու իգական առանձին բաժիններ, որոնք աշակերտների նվազման հետեւանքով 1954-ին միավորվեցին: 1970-ականներին վարժարանի շենքն ընդլայնվեց, եւ այն դարձավ միջնակարգ (9-ամյա) կրթօջախ:
Անջարի քաղաքապետ Սեդրակ Հավաթյանի տեղեկացմամբ՝ կաթոլիկ վարժարանն արդեն մի քանի տարի չի գործում: Պատճառը Լիբանանի տնտեսական ճգնաժամն է:
1973-ին կաթոլիկ եկեղեցու հարեւանությամբ մանկատուն (որբանոց) է բացվել, որը կրում է կարդինալ Աղջանյանի անունը («Կարդինալ Աղաջանյան սանուց տուն», տես ստորեւ): Ոչ միայն հայ, այլեւ համաշխարհային կաթոլիկ եկեղեցու նշանավոր ներկայացուցիչ, կարդինալ Գրիգոր Պետրոս Աղաջանյանը 1937-1962 թթ. հայ կաթոլիկների կաթողիկոս պատրիարքն էր, իսկ 1958-ին ու 1963-ին եղել է պապաբիլի՝ Հռոմի պապի թեկնածու: 2017-ին մանկատունը վերանորոգվել է, իսկ 2018-ին այստեղ խաղահրապարակ է բացվել:
Ինչ վերաբերում է ավետարանական համայնքի վարժարանին, ապա դրա հիմքերը դրվել են 1940-ին: 1950-ականներին այն ընդարձակվել է՝ ունենալով մանկապարտեզ, նախակրթարան (1-6-րդ դասարաններ), միջնակարգ (7-9-րդ) եւ երկրորդական (10-12-րդ) բաժիններ: Հայ ավետարանական երկրորդական վարժարանն ունի նաեւ գիշերօթիկ բաժին, եւ քաղաքապետ Հավաթյանն ասում է, որ հենց այս հանգամանքն է օգնում կրթօջախին շարունակել գործունեությունը: Գիշերօթիկի շնորհիվ վարժարանն, ըստ Հավաթյանի, աշակերտներ ունի նաեւ Բեյրութից, Սիրիայից, արաբական երկրներից (ի տարբերություն սրա՝ «Յառաջ-Գ. Գյուլբենկյան» ազգային երկրորդական վարժարանում միայն անջարցի հայեր են սովորում):
Անջարը՝ տուրիստական հասցե
Անջարն այցելության արժանի վայր է թե՛ էկոտուրիզմի, թե՛ պատմամշակութային տուրիզմի սիրահարների համար:
Ինչպես գրել ենք նախորդ հոդվածում, Անջարի աղբյուրը (ակը) շրջակայքում ձեւավորել է հարուստ բուսական ու կենդանական աշխարհ: Այստեղից սկիզբ է առնում Ղզայել (Ghzayel) գետը, որը Բեքաայի դաշտում միանում է Լիբանանի գլխավոր գետին՝ Լիտանիին (Litani): Ղզայելի ավազանը կենսամիջավայր է այնպիսի կենդանատեսակների համար, ինչպիսիք են ջրասամույրն (lutra lutra) ու սիրիական սերինոսը (serinus syriacus. Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով համարվում է խոցելի տեսակ):
Զբոսաշրջային երթուղիների վահանակ՝ Անջարում
Բայց, ամեն դեպքում, Անջարն առավել հայտնի է իր պատմամշակութային ժառանգությամբ: Նախորդ հոդվածում նշել էինք, որ սա պատմական բնակավայր է, որտեղ մարդիկ ապրել են դեռ 8-րդ դարում:
Խոսքը Օմայանների խալիֆայության օրոք՝ 8-րդ դարում կառուցված քաղաք-ամրոցի մասին է, որը տեղացիները նաեւ «բերդ» են կոչում: Պահպանվել են, մասնավորապես, մեծ ու փոքր պալատների, մզկիթի, բաղնիքի, բնակելի թաղամասերի, հատվող երկու մեծ փողոցների երկայնքով կառուցված շուրջ 600 խանութների ու դրանց կամարների ավերակները, քաղաքը պարփակող պարիսպներն ու պաշտպանական աշտարակները:
Երբ 1939-ին մուսալեռցիները հաստատվել են Անջարի տարածքում, այն կիսաանապատ էր՝ անմշակ հողերով ու ճահիճներով: Դեռ այն ժամանակ այստեղ նկատելի էին հին քաղաքի որոշ ավերակներ, որոնք, սակայն, շատ աղքատիկ էին՝ համեմատած Լիբանանի տարածքի պատմահնագիտական այլ վայրերի՝ Բաալբեքի, Բիբլոսի, Սիդոնի, Տյուրոսի հետ: Հնագիտական աշխատանքներն Անջարում սկսվել են 1940-ականներին: Դրանց մասնակցել են նաեւ այստեղ հաստատված մուսալեռցիները:
Գիտնականները պարզել են, որ սա Օմայան խալիֆայության (7-8-րդ դարերի պետություն Արաբական թերակղզում, Մերձավոր Արեւելքում, Հայկական լեռնաշխարհում, Իրանում, Կենտրոնական Ասիայում, Հյուսիսային Աֆրիկայում ու Պիրենեյան թերակղզում, մայրաքաղաքը Դամասկոսն էր) խալիֆ Վալիդ I-ի օրոք (705-715 թթ.) կառուցված քաղաք է: Սրա մասին են վկայում ամբողջ ամրոցի տարածքում հայտնաբերված գրությունները: Սակայն հնագետներն այստեղ գտել են նաեւ ավելի վաղ քաղաքակրթության՝ հույների ու հռոմեացիների հետքեր, ինչի վկայությունն են վաղքրիստոնեական շինությունները, որոնք թվագրվում են 395 թվականով:
Այսպիսով՝ Անջարի քաղաք-ամրոցի ավերակները 8-րդ դարի վաղ իսլամական շրջանի քաղաքաշինության յուրահատուկ օրինակ են: Ավերակների բնույթը ցույց է տալիս նախաբյուզանդական մշակույթի վաղ էվոլյուցիան իսլամական արվեստի, ինչի վկայությունն են Անջարում արձանագրված շինարարության տարատեսակ տեխնիկան եւ հուշարձանների ճարտարապետական ու դեկորատիվ տարրերը:
Զբոսավար Ասատուր Անտեքյանը ցույց է տալիս հռոմեական (ստորին) ու բյուզանդական (վերին) շարվածքի տարբերությունը. երկրորդն ավելի սեյսմակայուն է
Պատահական չէ նաեւ վայրը, որտեղ կառուցվել է քաղաքը: Այն գտնվում է պատմականորեն բանուկ երկու երթուղիների հատման կետում: Արեւմուտք-արեւելք ուղղությամբ Բեյրութ-Դամասկոս ճանապարհն է, հյուսիս-հարավ ուղղությամբ՝ Բեքաայի դաշտի երկյանքով անցնող Հոմս-Տիբերիա ճանապարհը: Այս հանգամանքը եւ ավելի քան 600 խանութների ավերակները հուշում են, որ հին Անջարը բարգավաճել է որպես առեւտրական քաղաք:
Բայց հին Անջարի «ոսկեդարը» տեւել է ընդամենը 20-30 տարի՝ մինչեւ 744 թ., եւ քաղաքն այդպես էլ ամբողջությամբ չի կառուցվել: Այդ տարվա աշնանը Իբրահիմ խալիֆի (Վալիդ I-ի որդին) զորքը Անջարի մոտ ծանր պարտություն կրեց Օմայանների մեկ այլ ներկայացուցչից՝ Մարվանից, որն ապստամբել էր խալիֆի դեմ: Անջարում տարած հաղթանակից հետո Մարվանի զորքը շատ արագ հասավ մայրաքաղաք Դամասկոս, որտեղ նա հռչակվեց նոր խալիֆ, իսկ Իբրահիմն ընդունեց պարտությունը: Ճակատամարտի հետեւանքով մասամբ ավերված Անջարն այնուհետ լքվեց: Փաստորեն, մարդիկ այստեղ կրկին բնակություն են հաստատել 1195 տարի հետո՝ 1939-ին՝ ի դեմս մուսալեռցի հայերի:
Անջարի հին քաղաք-ամրոցը 1984-ին ընդգրկվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում:
Ներկա Անջարն ու հին քաղաք-ամրոցը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
Անջարցի զբոսավար Ասատուր Անտեքյանն ասում է, որ ֆինանսական սղության պատճառով մինչ օրս քաղաք-ամրոցն ամբողջությամբ չի պեղվել եւ ուսումնասիրվել: Այսինքն՝ պեղումներն այստեղ շարունակվում են 70 տարուց ավելի: Բնականաբար, պատմամշակութային այս հուշարձանն Անջարի գլխավոր զբոսաշրջային այցեքարտն է, սակայն մեր զրուցակիցն ասում է, որ Լիբանանի տնտեսական ճգնաժամի հետեւանքով շուրջ տասն անգամ նվազել է տուրիստների հոսքն այստեղ:
Հայկական թանգարանները
Բացի հին քաղաք-ամրոցից՝ Անջարում կան պատմամշակութային այլ տեսարժան վայրեր եւս: Դրանցից մեկը Մուսա լեռ-Անջարի ազգագրական թանգարանն է:
Երբ 1939-ին մուսալեռցիները երկրորդ անգամ են լքել իրենց բնօրրանն ու այս անգամ տեղափոխվել են Լիբանան, իրենց հետ տարել են նաեւ փոքր, բայց արժեքավոր իրեր, այդ թվում՝ կրոնական գրքեր (ամենաարժեքավոր նմուշը 1771 թ. Աստվածաշունչն է), զենքեր, կենցաղային առարկաներ, նաեւ իրենց՝ մուսալեռցիների համար մեծ արժեք ունեցող սպիտակ դրոշը՝ կարմիր խաչով: Սա Մուսա լեռան հերոսամարտի մասնակիցների փրկության դրոշն է:
Թանգարանի պատասխանատու Հիլդա Դումանյանն ասում է, որ ցուցասրահում կախված նմուշն այդ դրոշի կրկնօրինակն է, իսկ օրիգինալը պահվում է թանգարանում: Իրականում, սակայն, 1915-ի հուլիս-սեպտեմբերին Մուսա լեռան վրա ինքնապաշտպանության դիմած հայերն ունեցել են 2 սպիտակ դրոշ. մեկը՝ կարմիր խաչով, մյուսը՝ անգլերեն գրությամբ՝ “CHRISTIANS IN DISTRESS: RESCUE” («Քրիստոնյաները վտանգի մեջ են. փրկեք»): Տիկին Հիլդան պատմում է, որ սպիտակ դրոշները կարվել էին մուսալեռցիների սավաններից, իսկ կարմիր խաչի համար օգտագործվել էին դպրոցականների զգեստները: Ի վերջո, 1915-ի սեպտեմբերի 5-ին հենց այս դրոշների շնորհիվ էր, որ ֆրանսիական «Գիշեն» հածանավի անձնակազմը նկատեց հայերին, եւ ապա ֆրանսիական ու անգլիական ռազմանավերը նրանց էվակուացրին եգիպտական Պորտ Սաիդ քաղաք:
Ըստ թանգարանի պատասխանատուի՝ երբ մուսալեռցիները տեղափոխվել են Եգիպտոս, երկու դրոշներն ի պահ են տվել այնտեղի հայոց առաջնորդարանին: Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից եւ Օսմանյան Թուրքիայի պարտությունից հետո՝ 1919-ին, հայերը վերադարձել են Մուսա լեռան հարեւանությամբ գտնվող իրենց գյուղերը, որտեղ ապրել են 20 տարի:
Բնօրրան վերադարձած հայերը 1932-ին Մուսա լեռան հերոսամարտի հուշարձան էին բացել փրկարար նավի տեսքով, որն ավելի ուշ ավերվել է
Երբ 1939 թ. տարածքը (Ալեքսանդրետի սանջակ) ֆրանս-թուրքական համաձայնությամբ միացվել է Թուրքիային, հայերը ոչ թուրք այլ բնակչության հետ վերջնականապես լքել են իրենց բնակավայրերը:
Տիկին Հիլդան ասում է, որ Անջար տեղափոխվելիս կարմիր խաչով դրոշը մուսալեռցիները հանձնել են Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությանը, որը 1930-ից հաստատվել էր Լիբանանի Անթիլիաս քաղաքում: «Հետքի» զրուցակիցը պատմում է, որ մյուս՝ անգլերեն գրությամբ դրոշը չի պահպանվել, կորցրել են: 1970-ականներին Անջարի հիմնադրման 40-ամյակի առիթով մուսալեռցիները դիմել են այն ժամանակ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Խորեն Ա-ին՝ խնդրելով իրենց դրոշը: Կաթողիկոսը մասունք դարձած դրոշը հանձնել է նրանց:
Մուսա լեռ-Անջարի ազգագրական թանգարանի ստեղծման հիմքում եղել է առաքելական համայնքի հոգեւոր հովիվ տեր Աշոտ քահանա Գարագաշյանի նախաձեռնությունը 1976-ին, այն է՝ հավաքել ու պահել հին ու արժեքավոր առարկաները: 1999-ին հանձնախումբ էր ստեղծվել, որը նպատակ ուներ Անջարի 60-ամյակի առիթով թանգարան բացել ու Գարագաշյանի հավաքած իրերը տեղավորել այնտեղ, սակայն ֆինանսական պատճառով դա տեղի չունեցավ:
Այդուհանդերձ, 2019 թ. սեպտեմբերի 14-ին Ս. Խաչի տոնի եւ Անջարի հիմնադրման 80-ամյակի առթիվ բացվեց ազգագրական թանգարանը: Այն նվիրված է Մուսա լեռան հերոսամարտի 18 նահատակների հիշատակին: Նրանց անունները փակցված են ցուցասրահում կախված փրկության դրոշի կողքին:
Թանգարանի նմուշների մեջ առանձնանում են Մուսա լեռան գյուղերից բերված սուրբ գրքերը: Հիլդա Դումանյանը պատմում է, թե քանի որ թուրքերն արգելել էին ոչ թուրք ժողովուրդներին, այդ թվում՝ հայերին, իրենց լեզվով խոսել, վերջիններս ստիպված են եղել կազմել Աստվածաշունչ մատյաններ, որոնք թուրքերեն էին, բայց հայատառ: Եկեղեցական ծեսերը կատարվում էին սրանցով, այսինքն՝ թուրքերեն:
Թանգարանում ցուցադրվող նմուշները ներկայացնում են ոչ միայն մուսալեռցի հայերի պայքարն ընդդեմ Օսմանյան կայսրության, այլեւ նրանց կենցաղն ու մշակույթը Մուսա լեռան գյուղերում ու Անջարում:
Հ. Դումանյանն ասում է, որ այցելուների քանակը շատ է, լինում են թե՛ սովորական զբոսաշրջիկներ, թե՛ պաշտոնյա հյուրեր, նաեւ՝ բարձրաստիճան:
Անջարում մշակութային տուրիզմի մեկ այլ հասցեակետ է քանդակագործ, նկարիչ Վարուժան Մարտիրյանի (1937-2023 թթ.) տուն-թանգարանը:
Թանգարանի պատասխանատու Կարինե Շաննաքյանը պատմում է, որ Մարտիրյանն արմատներով մուսալեռցի էր, բայց ծնվել ու հիմնականում ապրել է Բեյրութում, նաեւ Հայաստանում, ժամանակ առ ժամանակ էլ՝ Անջարում: Մասնագիտությամբ ճարտարագետ էր, սակայն 1985-ից, երբ արդեն 48 տարեկան էր, զբաղվում էր փայտարվեստով: Ըստ Շաննաքյանի՝ փայտարվեստով զբաղվել է նաեւ Վ. Մարտիրյանի պապը:
Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Լիբանանում, Ավստրիայում, Իտալիայում, մասնակցել է հավաքական ցուցադրությունների Լիբանանում, Հայաստանում, ԱՄՆ-ում:
Անջարի տուն-թանգարանը բացվել է արվեստագետի մահից հետո՝ 2024-ին: Նախաձեռնողները եղել են կինն ու դուստրերը:
Ըստ Կ. Շաննաքյանի՝ տուն-թանգարանի այցելուների թիվը հատկապես նկատելի է սեպտեմբերին, երբ տարբեր վայրերից Անջար են ժամանում մուսալեռցիներ, հյուրեր, զբոսաշրջիկներ՝ մասնակցելու Մուսա լեռան հերոսամարտի ամենամյա տոնակատարությանը:
Անջար-Երեւան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել