ԵՄ խորհուրդը հաստատել է Հայաստանին ուղղված 20 մլն եվրո արժողությամբ աջակցության միջոցի տրամադրումը
ԵՄ Խորհուրդն այսօր հաստատել է Եվրոպական խաղաղության գործիքակազմի ներքո 20 մլն եվրո արժողությամբ աջակցության միջոցի տրամադրումը։ Այս մասին հայտնում են Հայաստանում ԵՄ պատվիրակությունից։
Ըստ հաղորդագրության՝ աջակցման միջոցի նպատակն է ամրապնդել Հայաստանի Հանրապետության Զինված Ուժերի նյութատեխնիկական կարողությունները՝ հատկապես ճգնաժամային և արտակարգ իրավիճակներում քաղաքացիական բնակչության պաշտպանության ապահովման ուղղությամբ։ Այն նաև կնպաստի Հայաստանի դիմակայունության ամրապնդմանը և Զինված ուժերի փոխգործելիության ընդլայնմանը, այդ թվում՝ Եվրոպական միության կողմից ղեկավարվող միջազգային ռազմական առաքելություններին և գործողություններին Հայաստանի հնարավոր ապագա մասնակցության տեսանկյունից։
«Այս աջակցման միջոցը միտված է լրացնելու և զարգացնելու 2024 թվականին մեկնարկած ընթացիկ աջակցման միջոցառումները, որոնցով նախատեսվում էր շարժական վրանային ճամբարի տեղակայում՝ այն ընդլայնելով ու հասցնելով բրիգադային մակարդակի։ Այսօրվա որոշմամբ՝ Եվրոպական խաղաղության գործիքակազմի ներքո Հայաստանին աջակցության ընդհանուր ծավալը հասնում է 30 մլն եվրոյի։
«Եվրոպական խաղաղության գործիքակազմի շրջանակում այս աջակցման միջոցը ևս մեկ կարևոր քայլ է ԵՄ-Հայաստան անվտանգության և պաշտպանության ոլորտում համագործակցության խորացման ուղղությամբ։ Այս միջոցի տրամադրմամբ Եվրոպական միությունը վերահաստատում է իր հանձնառությունը շարունակելու աջակցել Հայաստանի դիմակայունության հետագա ամրապնդմանը, ինչը նպաստում է ամբողջ տարածաշրջանի կայունությանը, խաղաղությանը և անվտանգությանը», – նշել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Արտաքին գործերի խորհրդի նախագահ Կայա Կալասը։
Այսօր հաստատված աջակցությունը տրամադրվում է ԵՄ-Հայաստան գործընկերության շրջանակում, որը հիմնված է ընդհանուր արժեքների վրա և նպատակ ունի Հայաստանում և Հարավային Կովկասում խթանել խաղաղությունը, կայունությունն ու բարեկեցությունը։
Եվրոպական միությունը հանձնառու է Հայաստանի հետ խորացնելու համապարփակ քաղաքական և տնտեսական գործընկերությունը` հիմնված ԵՄ-Հայաստան գործընկերության նոր ռազմավարական օրակարգի վրա»,- ասված է ԵՄ պատվիրակության հաղորդագրությունում։
Նախապատմություն և հաջորդ քայլեր
Եվրոպական խաղաղության գործիքակազմը հիմնադրվել է 2021 թվականի մարտին՝ նպատակ ունենալով ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության ներքո ֆինանսավորել գործողություններ՝ ուղղված հակամարտությունների կանխարգելմանը, խաղաղության պահպանմանը և միջազգային անվտանգության ու կայունության ամրապնդմանը: Մասնավորապես, Եվրոպական խաղաղության գործիքակազմը ԵՄ-ին հնարավորություն է տալիս ֆինանսավորել ռազմական և պաշտպանական ոլորտներում երրորդ երկրներին, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային կազմակերպությունների կարողությունների ամրապնդմանն ուղվված գործողությունները։
Լուսանկարը՝ ԵՄ մամուլի ծառայության
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել