HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

2025 թվականին 96 մլրդ դրամի եկամտային հարկ է վերադարձվել վարկառուներին

Հիփոթեքային վարկի սպասարկման՝ տոկոսավճարների համար 2025 թվականին պետական բյուջեից վարկառուներին է վերադարձվել 95.6 միլիարդ դրամի եկամտային հարկ։ Այս մասին տեղեկանում ենք Պետական եկամուտների կոմիտեի հրապարակած վիճակագրությունից։ 

2024 թվականի համեմատ այս գումարն աճել է 27 մլրդ դրամով կամ 39.4%-ով։ 

2015 թվականից մեկնարկած ծրագրի համաձայն՝ եկամտային հարկն ուղղվում է առաջնային շուկայից՝ կառուցապատողից գնվող բնակարանի կամ տան հիփոթեքային վարկի տոկոսագումարները մարելուն։ 

Վերադարձվող գումարները մի քանի միլիոն դրամից հասել են 100 մլրդ դրամի շեմին։

2025-ին վերադարձված 95.6 մլրդ դրամը հավասար է նույն տարում բյուջե մտած հարկերի և տուրքերի ընդհանուր գումարի 3.5%-ին։ 

2025-ի հոկտեմբերի 2-ի կառավարության նիստին Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուրադ Հակոբյանը հայտարարեց, որ նշված ծրագրի շահառու է շուրջ 62 հազար քաղաքացի։ 

2025-ի բյուջեն պլանավորելիս կառավարությունը ի սկզբանե նախատեսել էր 84 մլրդ դրամ ուղղել այս ծրագրին, որի մեծ մասը նույն տարվա սեպտեմբերի դրությամբ արդեն ծախսվել էր։ 

Տարվա ընթացքում կառավարությունը ստիպված էր ավելացնել այդ գումարը՝ պլանավորելով դարձնել 97 մլրդ դրամ։ 

Քննարկումները, որ այս ծրագիրը «գլխացավանք» է դառնում բյուջեի համար, սկսվել են առնվազն 2019 թվականից՝ թեև կառուցապատողները պնդում են, որ պետությունը չի տուժում։ 

Կառավարությունը տարիների ընթացքում աստիճանաբար սահմանափակեց ծրագիրը։ Քննարկվում էր անգամ վերադարձվող եկամտային հարկը հարկելու թեման, որը կյանքի չկոչվեց։

2025 թվականից հիփոթեքային վարկի գծով եկամտային հարկի վերադարձի ծրագիրը Երևանում դադարեցվեց. գործում է հին շահառուների համար։ 

Այս սահմանափակումները, ըստ Էդուարդ Հակոբյանի, պատճառ են հանդիսացել, որ 2025-ին շահառուների թիվը ավելանա։ Այսինքն՝ քաղաքացիները շտապել են օգտվել հնարավորությունից։ Կառավարությունը հույս ունի, որ առաջիկա տարիներին, երբ այս ծրագրից օգտվող քաղաքացիների հիփոթեքային վարկի ամսական տոկոսավճարները սկսեն նվազել՝ ի հաշիվ մայր գումարների մեծացման, աստիճանաբար կպակասի նաև բյուջեից վերադարձող գումարի չափը։ 

2026 թվականի պետական բյուջեով նախատեսված է հիփոթեքային վարկի վճարված տոկոսների գումարի վերադարձին ուղղել 102 միլիարդ դրամ։ 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter