HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Արդարադատության վարչական շրջապտույտը. գործեր, որոնք տարիներով չեն ավարտվում

Վարչական դատարաններում քննվող 434 գործով (2026թ. հունվարի 20-ի դրությամբ) հաջորդ դատական նիստը նշանակվել է 2027 թվականին։ Այս գործերի մեծ մասը Վերաքննիչ վարչական դատարանի վարույթում է: Սա նշանակում է, որ դատարան դիմած անձինք պետք է սպասեն ևս 1-1,5 տարի, երբեմն՝ ավելի շատ, որպեսզի դատական նիստը կայանա։ Օրինակ՝ այդ գործերից 51-ով դատական նիստի օր է նշանակվել 18-22 ամիս անց: Իսկ եթե ստորադաս դատարանի վճիռը բեկանվի և ուղարկվի նոր քննության, ժամկետները երկարելու են առնվազն մեկ տարով:

Project-04.jpg (161 KB)

Դատական իշխանության անարդյունավետությունը միայն իրավական խնդիր չէ․ այն ունի ուղիղ քաղաքական հետևանք։ Երբ դատարանները տարիներով չեն կարողանում լուծել վեճը, քաղաքացիների մոտ ձևավորվում է համոզմունք, որ դատարան դիմելն անիմաստ է, իսկ վարչական մարմինները գործում են գրեթե անպատիժ։ Վերաքննիչ վարչական դատարանում դատական նիստերի 1-1,5 տարվա ուշացումը ոչ թե բացառություն է, այլ օրինաչափություն, որը խորացնում է արդարադատության ճգնաժամը:

Վարչական դատարաններում ողջամիտ ժամկետի բացակայությունը՝ պատկերավոր

Ն. Աղաջանյանը Ստեփանավանի քաղաքապետի, Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի, ֆիզիկական անձանց և երրորդ անձ՝ «Ստեփանավան» նոտարական տարածքի նոտարի դեմ 2010թ. փետրվարին հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան՝ քաղաքապետի որոշումը, դրա հիման վրա կատարված առուվաճառքի պայմանագիրը և իրավունքների պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջով։

Ստեփանավանի բնակիչ Ա. Քոչարյանը 2005թ. դիմել է քաղաքապետին՝ խնդրելով աճուրդով ձեռք բերված 235 քմ հողամասին կից գտնվող անօգտագործելի` 185 քմ հողամասն ուղղակի վաճառքով օտարել իրեն։ Քաղաքապետը վաճառել է հողատարածքը, կատարվել է պետական գրանցում: Սակայն, վաճառված հողամասը Ն. Աղաջանյանի հողամասի հարևանությամբ է և հաշվառված է եղել այլ անձի անունով:

Դատական գործի նյութերի համաձայն՝ «անօգտագործելի» հողամասը տարիներ շարունակ մշակել և հարկերը վճարել է Ն. Աղաջանյանը: Իսկ երբ այդ հողամասը տիրազուրկ ճանաչելու և իր սեփականության իրավունքն դրա նկատմամբ ճանաչելու պահանջով դիմել է դատարան, պարզել է, որ քաղաքապետն այն վաճառել է այլ քաղաքացու՝ առանց չափագրումների և իր հողամասից առանձնացնելու: Հողամասն ընդհանուր ցանկապատված է՝ որպես մեկ միավոր:

Փորձաքննությամբ պարզվել է, որ վաճառված 185քմ հողամասից 122.1քմ-ը համադրվում է Աղաջանյանների հողամասի հետ, հետևաբար քաղաքապետն այն չէր կարող վաճառել: Ուշագրավ է, որ բարելավման նպատակով ուղիղ վաճառքով գնած 185 քմ հողամասը Ա. Քոչարյանը 4 տարի անց վաճառել է այլ քաղաքացու:

Վարչական դատարանում գործը մոտ 2 տարի քննելուց հետո, 2012թ. հոկտեմբերին նշանակվել է վճռի հրապարակման օր, սակայն այդ օրը գործի քննությունը վերսկսվել է: 2013թ. փետրվարին նշանակվել է վճռի հրապարակման օր, սակայն այդ օրը դարձյալ վերսկսվել է գործի քննությունը: Այս անգամ վճռի հրապարակման օր է նշանակվել 2013թ. սեպտեմբերին, և դարձյալ գործի քննությունը վերսկվել է ու վճռի հրապարակման օր է նշանակվել նույն տարվա դեկտեմբերին: Այդ ժամանակ նույնպես վճիռ չի կայացվել, և գործի քննությունը դարձյալ վերսկսվել է:

Նույն սխեմայով վճռի հրապարակման օրեր են նշանակվել 2014թ. փետրվարին, սեպտեմբերին, բայց էլի գործի քննությունը վերսկսվել է: Ի վերջո, 2016թ. հունիսին՝ հայցադիմում ներկայացնելուց մոտ 6 տարի անց, գործով վճիռ է կայացվել: Քաղաքացու հայցը մերժվել է, և նույն տարվա հուլիսին Ն. Աղաջանյանը վերաքննիչ բողոք է բերել:

Գրեթե նույն կերպ վարվել է Վերաքննիչ վարչական դատարանը: 2017թ. ապրիլին Վերաքննիչ դատարանն ավարտել է գործի քննությունը և հեռացել վերջնական դատական ակտ կայացնելու, որը պետք է հրապարակվեր նույն ամսին, սակայն դատական ակտի հրապարակումը հետաձգվել է  մեկ ամսով, բայց այդ ժամանակ էլ չի հրապարակվել: Ուսումնասիրելով գործի նյութերը՝ Վերաքննիչ դատարանը գտել է, որ անհրաժեշտ է լրացուցիչ հետազոտել ապացույցները և շարունակել գործի համար նշանակություն ունեցող որոշ հանգամանքների պարզումը, ուստի գործի քննությունը ենթակա է վերսկսման։ Ի վերջո, որոշումը կայացրել է 2018թ. մարտին: Վճիռը բեկանվել և գործն ուղարկվել է վարչական դատարան` նոր քննության:

Թեև Վարչական դատարանում գործը 6 տարի քննվել է, սակայն չեն պարզվել գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը, փորձաքննության անհրաժեշտություն է եղել, որը չի արվել, ինչն էլ վճիռը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու հիմք է հանդիսացել։

Բեկանումից հետո, ստացված գործը Վարչական դատարանը 2018թ. դեկտեմբերին կասեցրել է՝ նշանակվել է դատաշինարարատեխնիկական փորձաքննություն: Գործի քննությունը վերսկսել է 2023թ. հունիսին՝ 4,5 տարի անց:

Սակայն, 2024թ. մարտին գործը քննող դատավորը տեղափոխվել է այլ դատարան, և գործը մակագրվել է այլ դատավորի՝ քննությունը սկսելով սկզբից:

2025թ. հուլիսին հայցը բավարարվել է մասնակի: Դրա դեմ Ն. Աղաջանյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել: Վերաքննիչ դատարանը 2025թ. նոյեմբերին ընդունել է վարույթ և դատական նիստի օր է նշանակել 2027թ. փետրվարին՝ 15 ամիս անց:

Արդարադատություն՝ առանց ժամկետի

Վարչական դատավարության առանձնահատկությունն այն է, որ դատավարության մի կողմում միշտ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմին է (վարչական մարմին), իսկ մյուս կողմում՝ քաղաքացին կամ իրավաբանական անձը։ Վերջիններս դատարան են դիմում հենց այդ մարմինների որոշումները, գործողությունները կամ անգործությունը վիճարկելու համար։

Project-01.jpg (191 KB)

Այս իրավիճակը լուրջ հարցեր է առաջացնում գործերի՝ ողջամիտ ժամկետում քննության ապահովման առումով։ Երբ դատական պաշտպանության հասնելը տարիներ է պահանջում, իրավունքի արդյունավետ պաշտպանության հնարավորությունը փաստացի նվազում է։

Գործեր կան, որ 15-16 տարի քննվում են Վարչական դատարանում և հայտնի չէ՝ դեռ որքան կտեւի դա, ու երբ կավարտվի շրջապտույտը։

Project-03.jpg (164 KB)

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներում բազմիցս ընդգծվել է, որ «արդար դատաքննության իրավունք» հասկացությունը ներառում է նաև գործի ողջամիտ ժամկետներում քննությունը։ Գործերի ողջամիտ ժամկետում դատական քննության իրավունքը արդար դատաքննության հիմնարար բաղադրիչներից մեկն է։ Երբ դատարանը տարիներով չի կարողանում վերջնական դատական ակտ կայացնել, արդարադատությունը դառնում է տեսական և ձևական, իսկ դատական պաշտպանությունը՝ պատրանք։ Այս համատեքստում գործերի քննության համակարգային ուշացումները ոչ միայն իրավական, այլև իրավաքաղաքական լուրջ խնդիրներ են առաջացնում, որոնք վկայում են արդարադատության կառավարման համակարգային ձախողման մասին։

«Հետքը» դեռևս 2024թ. գրել էր, որ Վարչական դատարանի դատավորները վճիռները հրապարակում են գործերի քննությունն ավարտելուց հետո 10-15 ամսվա ընթացքում: Այդ ժամանակ նույնպես պատճառաբանում էին, որ դատավորները գերծանրաբեռնված են: Մոտ 2 տարի անց պատկերը գրեթե նույնն է:

Վերաքննիչ վարչական դատարանում համակարգային խնդիր կա, երբ դատական նիստերը նշանակվում են բողոքը վարույթ ընդունելուց 1-2 տարի անց։ Պատճառաբանությունը Վերաքննիչ դատարանի ծանրաբեռնվածությունն է, որը հնարավորություն չունի ավելի սեղմ ժամկետում քննություն իրականացնելու: Ժամանակային այս խզումը չի կարող համարվել «ողջամիտ ժամկետ»՝ հատկապես այն վարչական վեճերի պարագայում, որոնք անմիջականորեն առնչվում են մարդկանց սոցիալական, գույքային կամ տնտեսական իրավունքներին։

Այսպիսի ուշացումները նվազեցնում են դատական պաշտպանության արդյունավետությունը, խաթարում են դատարանների նկատմամբ հանրային վստահությունը։ Պետությունը պարտավոր է ձեռնարկել արդյունավետ կազմակերպչական և օրենսդրական միջոցներ՝ դատարանների գերծանրաբեռնվածությունը նվազեցնելու, դատական վարույթների պլանավորումն ու կառավարումը բարելավելու, վարչական արդարադատության ոլորտում արագ և արդյունավետ դատական պաշտպանություն ապահովելու համար։

Project-02.jpg (152 KB)

ՄԻԵԴ-ը հետևողականորեն ընդգծում է, որ դատական համակարգի գերծանրաբեռնվածությունը, կադրային պակասը, կառուցվածքային կամ կազմակերպչական խնդիրները չեն կարող արդարացնել դատական վարույթի ձգձգումը։ Դրանք պետության պատասխանատվության տիրույթում գտնվող հանգամանքներ են, և դրանց առկայությունը վկայում է Եվրոպական կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների ոչ պատշաճ կատարման մասին։ Իրավունքի հռչակումը, առանց դրա իրացման իրական մեխանիզմների, չի կարող համարվել բավարար և չի ազատում պետությանը միջազգային պատասխանատվությունից։

Օրենսդրական փոփոխություններ՝ ծանրաբեռնվածությունը թեթեևացնելու ակնկալիքով

Կառավարությունն Ազգային ժողով է ներկայացրել Վարչական դատավարության և Քաղաքացիական դատավարության օրենսգրքերում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենսդրական փաթեթ: Դրանցով առաջարկվում է ամրագրել երկու առանցքային կարգավորում, որոնց  նպատակը Վարչական վերաքննիչ դատարանի ծանրաբեռնվածությունը թեթեւացնելն է և գործերի քննության ժամկետները կրճատելը: Այդ մասին Ազգային ժողովում ասել է Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը՝ առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով նախագծերը:

Որպես ընդհանուր կանոն առաջարկվել է, որ վարչական դատավարությունում վերաքննիչ բողոքները քննվեն գրավոր ընթացակարգով: Միայն բացառիկ դեպքում, երբ դատարանը պատճառաբանված որոշում կայացնի, որ բողոքի քննությունն ավելի արդյունավետ կարող է լինել բանավոր ընթացակարգով, ապա գործը կքննվի բանավոր նիստով:

Սահմանվել է, որ վերաքննիչ դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտերի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքները պետք է քննի և որոշում կայացնի բողոքը վարույթ ընդունելու մասին որոշում կայացնելուց հետո՝ 6-ամսյա ժամկետում: Նշված ժամկետը վերաքննիչ դատարանի պատճառաբանված որոշմամբ կարող է երկարաձգվել մինչև 4 ամիս:

Ըստ հիմնավորման՝ Վարչական և Վերաքննիչ վարչական դատարաններում գործերի քննության վիճակագրությունը ցույց է տալիս, որ զգալի թիվ են կազմում Վարչական դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոքները: Վարչական դատարանում գործերի քննության 2024թ. հաշվետվության համաձայն, նշված տարում ավարտվել է 15.695 գործի քննություն, իսկ Վերաքննիչ վարչական դատարանի 2024թ. հաշվետվությամբ՝ հաշվետու ժամանակահատվածում ստացվել է 8748 բողոք:

2024թ. ընթացքում դրամական պարտավորություն առաջացնող վարչական ակտերի վերաբերյալ կայացված դատական ակտերի դեմ ներկայացվել է ընդհանուր 2877 վերաքննիչ բողոք, որից 2367-ը՝ վարչական մարմինների կողմից։ Ընդ որում, վարչական մարմինների ներկայացրած 2367 բողոքից 1974-ը ներկայացվել է մինչև 300.000 դրամով հանրային իրավական դրամական պահանջներով։

Ստացվում է, որ 2024 թվականին Վերաքննիչ վարչական դատարանի ստացած՝ բողոքների 32%-ը դրամական պարտավորություն առաջացնող վարչական ակտերի վերաբերյալ կայացված դատական ակտերի դեմ է եղել: Դրանց 82%-ը ներկայացվել է վարչական մարմինների կողմից, 83%-ը ներկայացվել է մինչև 300.000 դրամով հանրային իրավական դրամական պահանջներով (դրանց 65%-ը ներկայացվել է ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայության կողմից 25.000 դրամ պահանջներով դատական ակտերով):

Ընդ որում, 1974 գործից 1705-ը ներկայացվել է մինչև 200.000 դրամ պահանջներով, որոնցից 1292-ը ներկայացվել է Պարեկային ծառայության կողմից 25.000 դրամ պահանջով դատական ակտերով։ Նշված 1705 բողոքներից 985-ը մերժվել է, 77-ը՝ բավարարվել, 543-ը դեռ չի լուծվել։ Այսինքն՝ քննված բողոքների 84%-ը մերժվել է։

Մյուս կարևոր փոփոխությունն այն է, որ երբ Վարչական դատարանը պետական և տեղական ինքնակառավարման մարմինների դեմ 300.000 դրամը չգերազանցող տուգանքների վերաբերյալ  վճիռ կայացնի, վարչական մարմինն այլևս չի կարողանա վերաքննության կարգով բողոքարկել առաջին ատյանի համապատասխան որոշումները:

Նախարարությունն ակնկալում է, որ վերաքննիչ բողոքների գրավոր ընթացակարգով քննության միջոցով կթոթափվի դատարանների ծանրաբեռնվածությունը, կապահովվեն գործերի քննության ողջամիտ՝ առավել կարճ ժամկետներ: Միաժամանակ, առաջարկվող օրենսդրական փոփոխությունների շնորհիվ հնարավոր կլինի թեթևացնել Վերաքննիչ վարչական դատարանի ծանրաբեռնվածությունը՝ փոքր հայցագին ունեցող գործերով բողոքարկման սահմանափակում նախատեսելու միջոցով:

Մեկ այլ օրենսդրական նախաձեռնությամբ պարզեցվում են մի շարք դատավարական ընթացակարգեր: Դատական կազմի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով առաջարկվում է՝ նորմատիվ իրավական ակտի իրավաչափությունը վիճարկելիս ներկայիս՝ 5 դատավորի կազմով գործը քննելու փոխարեն այն քննել 3 դատավորի կազմով, որ մյուս երկու դատական կազմերը կարողանան ներգրավվել այլ գործերում:

Գրավոր ընթացակարգը ևս չի թեթևացրել դատարանների ծանրաբեռնվածությունը

Փաստաբան Մարգարիտա Գյուլումյանը «Հետքին» ասաց, որ Վարչական դատարանի վճիռների դեմ բերված վերաքննիչ բողոքների հիման վրա գործն ըստ էության լուծող դատական ակտերի՝ վերաքննիչ դատարանի որոշումների հրապարակման օր դեռևս 2025 թվականից սկսել են նշանակել 2027թ. առաջին կիսամյակի վերջ:

Փաստաբանի դիտարկմամբ՝ միջազգայնորեն ընդունված է այն մոտեցումը, որ «ուշացած արդարադատությունը հավասար է մերժված արդարադատության», քանի որ գործի քննության անհարկի ձգձգումները, նույնիսկ անկախ գործի ելքից, անարդյունավետ են դարձնում մարդու իրավունքների պաշտպանությունը։

«Վարչական դատարանում, օրինակ, Ներքին գործերի նախարարության ոստիկանության դեմ ներկայացվող հայցադիմումների քննությունը՝ անկախ ներկայացված հայցատեսակից, իրականացվում է գրավոր ընթացակարգով, բացառությամբ անհետաձգելի միջամտության որոշման բողոքարկման վարույթով քննվող գործերի: Թվում է՝ պետք է բավականաչափ թեթևացներ ստեղծված իրավիճակը, այնինչ ունենք հակառակ պատկեր»,-ասում է Մ. Գյուլումյանը։

Փաստաբանի փոխանցմամբ՝ Վերաքննիչ վարչական դատարանում դատական քննության ուղենիշային ժամկետը, ըստ Բարձրագույն դատական խորհրդի 2021թ. «Գործերի քննության միջին տևողության ուղենիշային ժամկետները` ըստ գործերի առանձին տեսակների և բարդության սահմանելու մասին» որոշման, մինչև 9 ամիս է:

«Պետությունը պետք է ստեղծի անհրաժեշտ երաշխիքներ մարդու իրավունքների և ազատությունների արդյունավետ իրացման համար: Պետությունը պարտավորվում է ոչ միայն ճանաչել, պահպանել և պաշտպանել իրավունքները և ազատությունները, այլև ստեղծել պետական-իրավական այնպիսի կառուցակարգեր, որոնք արդյունավետ ձևով կարող են կանխել, վերացնել դրանց ցանկացած խախտումներ, վերականգնել խախտված իրավունքներն ու ազատությունները: Պետությունը գործի քննության ձգձգումների դեպքում պետք է ապահովի ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքի արդյունավետ պաշտպանության հնարավորություն»,-ասում է փաստաբանը:

Մ. Գյուլումյանի դիտարկմամբ՝ օրեր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արդարադատության նախարարություն, որտեղ քննարկվել է գերատեսչության 2025թ. գործունեության հաշվետվությունը: Վերջինիս զեկուցվել է, որ իրավունքների պաշտպանության և վեճերի լուծման արդյունավետության բարձրացման համատեքստում առաջարկվում է սահմանել քաղաքացիական և վարչական գործերի քննության հստակ ժամկետներ, որոնց վերաբերյալ նախագծերը ներկայացվել են Ազգային ժողով:  Օրենսդրական փաթեթի ընդունման պարագայում ակնկալվում է, որ 2000 գործով կնվազեն Վերաքննիչ դատարան ներկայացվող բողոքները:

«Այսինքն՝ ունենք մի իրավիճակ, երբ հստակ մեխանիզմներ մշակելու փոխարեն, մարդկանց հասցնում են դատարանի դուռը, այնուհետև ընդունած հակասահմանադրական որոշմամբ զրկում դատական պաշտպանությունից»,-ասում է Մարգարիտա Գյուլումյանը։

Առաջարկվող օրենսդրական փոփոխությունները կարող են որոշ չափով նվազեցնել Վերաքննիչ վարչական դատարանի ծանրաբեռնվածությունը, սակայն դրանք ինքնին չեն լուծում հիմնական հարցը՝ արդյո՞ք պետությունը ունակ է ապահովել գործերի քննությունը ողջամիտ ժամկետներում՝ որպես արդար դատաքննության հիմնարար երաշխիք։ Առանց դատական վարույթների արդյունավետ կառավարման, դատավորների բաշխման և պատասխանատվության հստակ մեխանիզմների, նույնիսկ ամենակարճ ժամկետները ձևական կդառնան։

Տվյալների հավաքագրումը, մշակումը և ինֆոգրաֆիկաները՝ Արեն Նազարյանի

Գլխավոր լուսանկարը պատրաստվել է արհեստական բանականության միջոցով

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter