HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի անդամակցությունը ԵԽ-ին նշանավորվել է քաղաքական, սոցիալական ու իրավական բարեփոխումներով. Միրզոյան

Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցության 25-ամյակի կապակցությամբ միջոցառում է կազմակերպվել ԵԽ կենտրոնակայանում՝ Ստրասբուրգում։

Ելույթով հանդես են եկել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԵԽ Գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն։ Ստորեւ՝ նախարար Միրզոյանի ելույթը՝ ըստ ԱԳՆ-ի հաղորդագրության։

«Ինձ համար մեծ պատիվ է այսօր Ստրասբուրգում նշել Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցության 25-ամյակը։ Վերջին 25 տարիների ընթացքում Հայաստանի անդամակցությունը Եվրոպայի խորհրդին նշանավորվել է քաղաքական, սոցիալական ու իրավական բարեփոխումներով։

Եվրոպայի խորհրդի հետ մեր համագործակցության փորձը վկայում է մեր հաստատակամ հանձնառության մասին՝ իրականացնելու եվրոպական չափանիշներին համահունչ բարեփոխումներ՝ միաժամանակ ամրապնդելով մեր ժողովրդավարության, իրավունքի գերակայության և մարդու իրավունքների պաշտպանության հիմնասյուները:

Այս բարեփոխումները կենսական դեր են ունեցել Հայաստանի ժողովրդավարական վերափոխման գործում՝ բարձրացնելով մեր դիմակայունությունը տարածաշրջանային մարտահրավերների պայմաններում և նպաստելով մեր երկրի ու ողջ տարածաշրջանի խաղաղ ու բարեկեցիկ ապագայի տեսլականի ձևավորմանը։

Այս պատմական հոբելյանի կապակցությամբ այսօր ինձ համար մեծ պատիվ է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեին հանձնել «Դատաստանագիրք» աշխատության՝ հայոց առաջին դատական ​​օրենսգրքի մի հատվածի ձեռագիր վերարտադրության օրինակը։

12-րդ դարի փիլիսոփա և օրենսդիր Մխիթար Գոշի կողմից գրված այս կարևորագույն աշխատանքը հայկական իրավական մտքի հիմնաքարն է։ Դարեր առաջ այն հիմք դրեց իրավունքի գերակայության մեր ընկալմանն՝ այն հիմնարար սկզբունքին, որը հանդիսանում է Եվրոպայի խորհրդի և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի կենսական առանցքը։

2025 թվականի ապրիլին «Դատաստանագիրքը» միաձայն ընդգրկվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Աշխարհի հիշողության միջազգային ռեգիստրում»՝ որպես նրա մշակութային և քաղաքակրթական հավերժ նշանակության վկայություն։

Մենք վստահ ենք, որ այս նվերը, որն արտացոլում է Հայաստանի և Եվրոպայի խորհրդի կողմից կիսվող հիմնարար արժեքները, կզբաղեցնի իր նշանակալի տեղն այս հաստատությունում՝ դառնալով դրա սկզբունքների նկատմամբ մեր խորը հարգանքի և անսասան նվիրվածության խորհրդանիշը։

Այն նաև արտացոլում է մեր երախտագիտությունը Եվրոպայի խորհրդի՝ Հայաստանի քաղաքացիների իրավունքների և ազատությունների պաշտպանության գործում ունեցած էական ներդրման համար:

Այս կարևոր հանգրվանը հավելյալ կերպով նշելու նպատակով, նվերի հանձնման արարողությունից հետո, Գլխավոր քարտուղարի և Խորհրդարանական վեհաժողովի նախագահի հետ միասին կմասնակցենք «Հայփոստ»-ի կողմից թողարկված հատուկ փոստային նամականիշի մարման արարողությանը՝ նվիրված Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցության 25-ամյակին՝ ի նշան մեր ընդհանուր պատմության և ընդհանուր արժեքների։

Գործընկերության 25-ամյակը նշելիս եկեք նոր վճռականությամբ նայենք ապագային՝ ամրապնդելու մեր հանձնառությունները և ձևավորելու ավելի լուսավոր ու արդար ապագա գալիք սերունդների համար։ Շնորհակալություն»:

Նախարար Միրզոյանը ԵԽ Գլխավոր քարտուղարին է հանձնել Կազմակերպությանն անդամակցության 25-ամյակի կապակցությամբ Հայաստանի պատրաստած նվերը՝ «Դատաստանագիրք» աշխատության՝ հայոց առաջին դատական ​​օրենսգրքի ձեռագիր վերարտադրության օրինակը։

Լուսանկարը եւ տեսանյութը՝ ԱԳՆ-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter