HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հավատարմություն հայրենի երգին. ջուղայեցի Համիկի ու «Տաթև» երգչախմբի ճանապարհը

Նազենիկ Սարոյան

Մեղրիում սահմանային անցակետ չկար։ Հայաստանի անկախ Հանրապետությունը մեկ տարեկան էր դառնում, երբ Սպահանի Նոր Ջուղայից իրանահայ երաժիշտ Համիկ Ալեքսանդրյանն առաջին անգամ ոտք դրեց հայրենիք՝ վայր, որի լուսանկարները տեսել էր միայն օրացույցների վրա, հիմնականում Ծիծեռնակաբերդի պատկերով։ Հայաստանի մայրաքաղաք ճանապարհն անցնում էր Կարսով․ Կարս-Լենինական (Գյումրի)-Երևան։ Վերջնակետը Կոմիտասի անվան երաժշտական կոնսերվատորիան էր, որի «գոյության մասին լուրը ինչ-որ քամիներ էին բերել Նոր Ջուղա»։

30 տարի է անցել, նա կրկին Նոր Ջուղայում է՝ կանգնած իր հիմնած «Տաթև» երգչախմբի առաջ։ 26 տարի առաջ Նոր Ջուղայի թեմի առաջնորդ Կորյուն Սրբազանը Համիկին առաջարկեց համայնքային երգչախումբ ստեղծել։ Հեշտ տարիներ չէին, խմբի շատ անդամներ հեռացել են, գաղթել, ամուսնացել, նոր կյանք սկսել այլ վայրերում։ Ամեն դեպքում «Տաթևը» շարունակում է մեղեդիներով լցնել տեղի հայկական եկեղեցիները և դահլիճները։

Համիկն էլ կարող էր լքել։ Հրավերներ, հրապուրիչ գործնական առաջարկներ կային մայրաքաղաք Թեհրանից, Հայաստանից, արտերկրից, ավելի լավ կյանքի հեռանկարներ։ Բայց Նոր Ջուղային կապող արմատները խորն են, դարերից եկող, ինչպես ինքն է նշում՝ բոլոր պապերը ջուղայեցի են։ 

Որոշեց մնալ և, ինչպես գրված է երգչախմբի կանոնագրում, «սեր առաջացնել եկեղեցական և ազգային երաժշտության նկատմամբ, տարածել այդ մշակույթը երիտասարդների մեջ»։ Նա իրեն ամբողջությամբ նվիրեց համայնքին։

Մանկությունն ու հետհեղափոխական պատանեկությունը

5 տարեկան էր, երբ ձեռքն առավ մելոդիկան։ Շատ չանցած՝  նվագում էր համայնքային հավաքների, դպրոցական ծրագրերի ժամանակ և այն բոլոր վայրերում, որտեղ Նոր Ջուղան երաժշտության կարիք ուներ։ Առանց ֆորմալ կրթության. լսում էր, մտապահում, նվագում։ 

Ծնողները նրա համար ստեղնաշար գնեցին։ Երրորդ դասարանում, տեղի ուսուցիչներից մեկի ուղղորդմամբ, սկսեց հաճախել երաժշտության դասերի։

1979թ. Իրանում  տեղի ունեցած հեղափոխությունից հետո նորաստեղծ Իսլամական Հանրապետությունը երաժշտությունը հարամ հռչակեց։ Չնայած հետհեղափոխական առաջին տարիներին երկրով մեկ երաժշտական խստապահանջությանը և որոշ երաժիշտների նկատմամբ հետապնդումներին՝ հայ համայնքում երաժշտությունը երբեք չլռեց։

«Առհասարակ յոթ-ութ տարեկանում բեմ բարձրանալը յոթանասունականներին հազվադեպ երևույթ էր։ Իսկ հեղափոխությամբ եկան ամենադժվար տարիները, բայց ես նվագում էի։ Դպրոցներում համերգներ էինք ունենում․ մամաս, որ նախակրթարանի օրիորդ էր (ուսուցչուհի - հեղ․), երգերն էր սովորեցնում երեխաներին, իսկ ես նվագում էի։ Գործիքս ինձնից մեծ էր»։

Ավելի ուշ «Արարատ» միությունը, որը համայնքի հիմնական հավաքատեղին է, ի ուրախություն փոքրիկ Համիկի, դաշնամուր նվեր ստացավ, որը դարձավ նրա հիմնական գործիքը։ Օրվա մեծ մասը տղայի մատները դաշնամուրի ստեղներին էին։ Երբ դպրոցից տուն էր գնում, մինչ մայրը ճաշը կտաքացներ, ձեռքերը չլվացած՝ նստում էր նվագելու. «Ցերեկները երաժշտության համար էին, գիշերները՝ դպրոցին պատրաստվելու»։ 

Բանակից` ուղիղ Երեւանի կոնսերվատորիա

Համիկի կյանքում երաշտական դադարներ չեղան, անգամ բանակում ծառայելիս։ Իսլամական իշխանությունը նրան հարթակ տվեց երաժշտությամբ զբաղվելու։ «Պարսիկների խումբ էին տվել ինձ, բեմ էի բարձրանում։ Հեղափոխության տոնակատարության առիթով պետք է ծրագիր կազմակերպեի, նվագում էի, սովորեցնում»։

Զորացրվելուն պես հորն ասաց. «Հայաստան եմ գնում, ուրիշ ելք չկա»։ Վաղուց էր որոշել, ասում է՝ «մի քիչ շատ հայ էի, վստահաբար Հայաստան պիտի գայի, մեզ ընտանիքներից, սկաուտությունից մինչև դպրոց դա էին սովորեցնում»։

«Ինչպե՞ս ես գնալու», - հարցրել էր հայրը։ Անձնագիր ստանալը բարդ էր, Հայաստան-Իրան հարաբերությունները նոր էին հաստատվել։ Այնուամենայնիվ, հաջողեց։ 

-Ինչո՞ւ ես եկել, - կոնսերվատորիայում հարցրել էր դասախոսը, որին ջերմությամբ է հիշում։ 

-Երաժշտության համար։

Անգամ չգիտեր՝ մասնագիտական ինչ ուղղություններ կային։ «Միայն գիտեի, որ առանց երաժշտության չէի կարող, կյանքը երաժշտություն էր»,- պատմում է «Տաթև» երգչախմբի խմբավարը։ Հենց այստեղ էլ դրվեց «Տաթևի» հիմքը։ Համիկին ստուգելուց հետո լսվել էր դասախոսի եզրակացությունը. «Աբսալյուտնիկ ականջ, խմբավարակա՛ն»։ 

Առաջին ամիսները դրախտային էին։ Հիշում է պարսկական ասացվածքը. «Կույրն ի՞նչ է ուզում, երկու լուսավոր աչք»։ Համիկի համար դրանք Հայաստանն ու երաժշտությունն էին։

Դրախտը երկար չտևեց։ Վրա հասան «մութ ու ցուրտ» տարիները։ «Ռուբլին փոխվեց, հաց չկար, բենզին չկար, հոսանք չկար, ջուր չկար, այս չկար, այն չկար․․․»,- թվարկում է երաժիշտը։  

Երաժշտությունը՝ հայապահպանության միջոց

«Եթե չունենաս հայապահպանության առաքելություն, մի սովորական երաժիշտ կլինես»,- ասում է Համիկը՝ նշելով, որ իր վրա ամենամեծ ազդեցությունն ունեցել են Կոմիտասը, Առնո Բաբաջանյանը և Արամ Խաչատրյանը։ 

Թեև մինչ Հայաստան գալը ռադիոյով լսում և մեծարում էր հայ երաժիշտներին, բայց Կոնսերվատորիայի դերը մեծ է հայկական երաժշտության նկատմամբ սիրո արմատացման գործում։ «Այդպես չէր լինի, եթե կրթություն ստանայի Ավստրիայի հեղինակավոր հաստատություններից մեկում ․․․ Հիմա ինչ էլ անեմ, դրա մեջ վստահաբար հայկականությունը կլսեք»։

Համիկն ավելացնում է, որ երբ երիտասարդներին ծանոթացնում է հայ մեծերի հետ, հայկական հոգին մտնում է նրանց սիրտ ու երկարատև հիշողություն։ Սա իր առաքելությունն է համարում։

Ջուղայեցի երիտասարդը Երևանում ուսանեց 9 տարի` խմբավարությունից մինչև սիմֆոնիկ դիրիժորություն, դաշնամուր, վոկալ ու կոմպոզիցիա։ Այդ տարիներին Համիկը ծննդավայրի հետ կապը չկորցրեց, ամռանն աշխատում էր համայնքի «Կոմիտաս» եկեղեցական երգչախմբում։

Երաժշտի խոսքով՝ երբ հիմնադրվում էր «Տաթևը», համայնքը շատ ակտիվ էր, մարդաշատ, բայց տարիների ընթացքում մարդիկ գնացին։ Երգչախումբը լուծարելու օրհասական պահեր շատ են եղել, հատկապես չդադարող արտագաղթի ալիքների ժամանակ։ Այդուհանդերձ, այն շարունակում է գործել։

«Դժվար է, - նշում է Համիկը՝ որպես ապացույց ցույց տալիս ճաղատ գլուխը, - նոտա չգիտեն, երգել  չգիտեն, նոր եկողների հետ պետք է զրոյից աշխատել, նոտաներ այնքան էլ չեն սիրում սերտել։ Փոխարենը երգել են սովորում, լավ ձայն ունեն, հրաշալի մասնագիտանում են երգչախմբային ուղղությամբ, բայց հետո թողնում գնում են։ Սերնդափոխությո՛ւն, սերնդափոխությո՛ւն, այդպես 25 տարի․․․»։

Իր գործունեության ընթացքում երգչախումբը երբեք նույն երգը համերգներին երկու անգամ չի կատարել։ Մոտ 400 երգ են սովորել՝ տարբեր ժանրերի։ Տարեկան 2-3 համերգ են ունեցել, երգում են նաեւ պատարագներին։ 

Երգչախմբի 25-ամյակի հոբելյանական համերգը կայացել է Սուրբ Բեթղեհեմ եկեղեցում՝ Սուրբ Ծննդյան երգերով։ Հիմա արդեն նոր համերգային ծրագիր են կազմում՝ թարմացված երգացանկով։ 

«Տաթևը» անուղղակիորեն հայկական ընտանիքների ստեղծման դեր է ստանձնել։ Երգչախմբում տասնյակ ընտանիքներ են ձևավորվել։ Այստեղ է Համիկը հանդիպել կնոջը՝ Արսինեին։ Արսինեն երաժշտություն է դասավանդում, երգչախմբի անդամ է, միասին դաստիրակում են երկու երաժշտասեր երեխաների։

Հետ նայելով՝ Համիկը դա համարում է երգչախմբի առաքելության թաքնված մի մաս։ Սփյուռքում երգչախումբ պահելը միայն երգերի մասին չէ, այլ կապերի՝ մարդիկ հավաքվում են, հանդիպում, արմատներ գցում։

Տարիներ անց Համիկը մասնագիտական կրթությունը շարունակեց Ֆրանսիայում՝ կրկին վերադառնալով ծննդավայր։ Այսօր նրա լուսանկարը կախված է Նոր Ջուղայի երաժշտական թանգարանում՝ Վարուժան Պարթևի, Առնո Բաբաջանյանի, Լորիս Ճգնավորյանի, Տիգրան Մանսուրյանի, Վիգենի և այլ մեծերի կողքին, իսկ «Տաթևը» պատրաստվում է հաջորդ մեծ համերգին։

Լուսանկարները՝ հեղինակի և Համիկ Ալեքսանդրյանի անձնական արխիվից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter