HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Ու՞ր են անհետացել Ախուրյան խոշորացված համայնքի ստերջացված շները

Ախուրյան խոշորացված համայնքում թափառող կենդանիների ստերջացման ծրագիրն առաջին անգամ գործել է 2023թ-ին: Հայտարարված մրցույթին մասնակցել է Գյումրիում գործող «My Vet» կլինիկան, խոշորացված համայնքի 33 բնակավայրում ընդհանուր առմամբ ստերջացվել է 35 շուն: Ծրագրի ընթացքի վերահսկողությունն այդ ժամանակ իրականացրել էր նախկին համայնքապետ Արծրուն Իգիթյանի տեղակալ Վարդան Իկիլիկյանը:

«Այդ ժամանակ ուզեցինք փորձնական ծրագիր անել ու սիմվոլիկ քանակ վերցրինք: Որքան հիշում եմ, մի 15 շուն Ախուրյան բնակավայրից էր, մի 3-4 շուն Ազատան բնակավայրից, երևի մի էդքան էլ Արևիկից, մյուս գյուղերից էլ մեկ կամ երկու շուն, ամբողջը՝ 35 շուն: Կազմակերպությունը շատ լավ աշխատեց, ինչքան կենդանի տարել էին, էդքանին էլ նույնությամբ հետ բերեցին, խնդիրներ չեն եղել»,- հեռախոսազրույցի ժամանակ նշեց Վարդան Իկիլիկյանը:

Իսկ ահա 2024թ-ին՝ պիլոտային ծրագրից ընդամենը մեկ տարի անց, Ախուրյան համայնքում ստերջացման ենթակա շների բավականին մեծ թիվ էին ստացել՝ 850: Ախուրյանի համայնքապետարանի «Գյուղատնտեսության և բնապահպանության» բաժնի պետ Հովիկ Մելքումյանի փոխանցմամբ՝ խոշորացված համայնքի կազմում ներառված բնակավայրերի վարչական ղեկավարները ստացել են հանձնարարական՝ ներկայացնելու իրենց տարածքում առկա թափառող շների քանակը: 

35 համայնքից, օրինակ, Ախուրյանում հաշվառած թափառող շների թիվը եղել է 140, Ազատանում՝ 240, Արևիկում՝ 40, Մայիսյանում՝ 30, Մարմաշենում` 15, Վահրամաբերդում` 10, Ոսկեհասկում` 80, Հայկավանում` 35, Ղարիբջանյան գյուղում` 25,  Այգաբացում՝ 10 շուն և այլն: Ներկայացված թվերի հավաստիությունը չի ստուգվել, հաշվառման մեթոդաբանությունը ևս՝ մանավանդ, եթե հաշվի առնենք, որ շները՝ կապված կերի բազայի հետ, տեղաշարժվող կենդանիներ են:

Ախուրյան համայնքը ստերջացման ծրագրի կազմակերպման նպատակով բյուջեից հատկացրել էր 25 մլն 500 հազար դրամ (ներառյալ ԱԱՀ-ն): 2024թ-ի հունիսին հայտարարված մրցույթի միակ հաղթողը «Կումնի» ՍՊԸ-ն էր, որի նկատմամբ նույն թվականի մարտին՝ կենդանապաշտպանների բողոքի հիման վրա քրեական վարույթ էր նախաձեռնվել Գյումրի համայնքում իրականացրած ստերջացման ծրագրի շուրջ բարձրացված աղմուկի պատճառով: Շիրակի մարզի դատախազությունը ապրիլին կարճել էր վարույթը՝ համայնքապետարանից ստացած փաստաթղթերի հիման վրա: Շների ստերջացման ծրագիրը Գյումրիում տապալած կազմակերպությունը, որին կենդանապաշտպանները մեղադրում էին շների նկատմամբ դաժան վերաբերմունքի համար, բարձրացված աղմուկից երկու ամիս անց մասնակցում է հարևան համայնքում հայտարարված մրցույթին։

Ախուրյանում, մեկ շան ստերջացման մրցութային գինը սահմանվել էր 30 հազար դրամ, «Կումնի» ՍՊԸ-ն մրցույթը շահել էր 24 մլն 489 հազար դրամով (4.081.500 դրամը ԱԱՀ), այսինքն՝ մեկ շան համար սահմանելով 28 հազար 810 դրամ` ներառյալ ԱԱՀ-ն: Հիշեցնենք, որ Գյումրիում 500 շան ստերջացման համար քաղաքապետարանը հատկացրել էր 13 մլն դրամ, «Կումնի» ՍՊԸ-ն մրցույթում հաղթել էր՝ յուրաքանչյուր շան ստերջացման ու պատվաստման համար առաջարկելով 17 հազար 834 դրամ, ընդհանուր՝ 8 մլն 917 հազար դրամ: 

Ծրագրի իրականացման ընթացքում նախապես հայտարարված մրցութային թիվը փոխվել էր: «Ախուրյանի կոմունալ սպասարկում և բարեկարգում» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Վլադիմիր Հովհաննիսյանի փոխանցմամբ, իրենք ամեն անգամ վճարել են կոնկրետ քանակի համար, որ տվյալ պահին ներկայացրել է կազմակերպությունը: «Բերել ներկայացրել են, որ ստերջացրել են 7 շուն, վճարել ենք դրա դիմաց, ներկայացրել են 20 շուն, ստացել են էդ քանակի դիմաց նախատեսված գումարը: Արդյունքում ունեցել ենք 350 ստերջացված շուն»,- նշեց Վլադիմիր Հովհաննիսյանը: Ծրագրի իրականացման համար «Կումնի» ՍՊԸ-ն ստացել է 10 մլն 83 հազար 500 դրամ` ներառյալ ԱՀՀ-ն: Ըստ ՀՈԱԿ-ի փոխանցած տվյալների՝ շների համար նախատեսված կլիպսները եղել են դեղին և կապույտ գույնի, ձևը՝ կլոր: 

Գուցե այս ծրագրին անդրադարձ չլիներ, եթե Ախուրյան խոշորացված համայնքում հնարավոր լիներ հայտնաբերել ստերջացված շների այն տարբերանշաններով, որոնք նշված են «Ախուրյանի կոմունալ սպասարկում և բարեկարգում» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունում առկա փաստաթղթերում: Օրինակ, Ախուրյան բնակավայրում շները պարզապես անհետացել են: Ինչպես արտահայտվեց բնակիչներից մեկը՝ «օրըմ էլ տեսանք, որ մայլի շներն էլ չկան, շուն հավաքողներն եկել, տարել էին»: Թաղերից հիմնականում տարվել են խելոք և չափսերով փոքր շները, որոնց հնարավոր է եղել տեղավորել «Կումնի» ՍՊԸ-ին պատկանող «Մոսկվիչ» մակնիշի մեքենայում: Տարբերանշանով ստերջացված շներ, չենք հայտնաբերել նաև Ազատան, Արևիկ և Մայիսյան գյուղերում: Պետք է ենթադրել, որ նույն պատկերն է նաև Ախուրյան համայնքի մնացած բնակավայրերում: 

Թափառող շների ստերջացումը չես կարող համեմատել շինարարության հետ, որի դեպքում հնարավոր է տեղում կատարել աշխատանքների գնահատում, պահանջել թերությունների վերացում և այլն: Ինչպես կարելի է համոզված պնդել, որ իրենց համայնքում ստերջացվել է 350 թափառող շուն միայն կազմակերպության ներկայացրած թղթերի կամ բանավոր խոսքի հիման վրա՝ առանց այցելությունների, տեղում իրականացրած դիտարկումների: Ախուրյանի իշխանություններին պետք է անհանգստացներ Գյումրիում բարձրացված աղմուկը, սակայն դրա փոխարեն երկամսյա ընդմիջումով կրկնել են նույն «սխալը»՝ Ջաջուռում մատնանշված անասնագոմը համարել են բավարար վայր՝ շների նկատմամբ վիրահատական միջամտություն կատարելու համար, չեն հետևել, թե ուր են անհետանում կենդանիները կազմակերպության «թակարդում» հայտնվելուց հետո:

«Եթե «Կումնի» ՍՊԸ-ն իրոք մեղավոր էր, իրենք պիտի որ հայտնվեին «սև» ցուցակում ու չկարողանային մասնակցել մրցույթներին, -պատճառաբանեց համայնքապետարանի «Գյուղատնտեսության և բնապահպանության» բաժնի պետ Հովիկ Մելքումյանը,- իրենց գործունեությունը չի կասեցվել, օրենքով մասնակցել է, եղել է միակ մասնակիցը, շատ ցածր գին էլ չի առաջարկել, որ կասկածենք: Գնումների օրենքով, եթե դու գրանցված կազմակերպություն ես, կարող ես մասնակցել ցանկացած մրցույթի»: 

Գյումրիում, դասեր քաղելով նախորդ աղմկահարույց դեպքերից և հանրապետության տարբեր համայնքներում կատարված ստերջացման վատ ծրագրերից, այս տարի, հերթական մրցույթը հայտարարելիս ներկայացվող պահանջների ցանկում արել են խստացումներ: Այստեղ մեկ քայլ էլ են առաջ գնացել, անցյալ տարվանից ծրագրի նկատմամբ հանրային վերահսկողություն սահմանելու նպատակով հանձնաժողովի աշխատանքներում ընդգրկել են անձի, ով տիրապետում է ոլորտին: 

Բացի մայրաքաղաքից, հանրապետության մյուս մարզկենտրոններում շների ստերջացման ծրագրի պատասխանատուն համարվում են համայնքապետարաններում գործող կոմունալ բաժինները: Բոլոր վայրերում բացակայում է հանրային վերահսկողությունը: Ախուրյանում այս տարի ևս կատարելու են թափառող շների ստերջացում: «Գյուղատնտեսության և բնապահպանության» բաժնի պետ Հովիկ Մելքումյանի փոխանցմամբ՝ փորձելու են ավելի շրջահայց լինել և համագործակցել կենդանասերների հետ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter