Բոլորան․ Իրանի միակ ամբողջովին հայաբնակ գյուղը՝ ծերացող բնակչությամբ
Նազենիկ Սարոյան
Սպահանի Նոր Ջուղա հայկական թաղամասից մոտ 200 կիլոմետրի վրա՝ ճանապարհի աջ կողմում, բլուրների մեջ բացվում է Բոլորանը՝ քարից և ցեխից տներով հայկական բնակավայրը։ Հարյուր տարի առաջ Սպահանի շրջանում 74 հայաբնակ գյուղ կար, որոնցից 24-ը՝ Փերիա գավառում։ Հիմա այստեղ Բոլորանն է կանգնած՝ որպես երբեմնի հայկական բնակչության վկա: Այն միակ գյուղն է 90 միլիոն բնակչությամբ երկրում, որտեղ փողոցում հայերեն են խոսում։ Հինգ տասնյակի հասնող տների մեծ մասը տարվա ընթացքում դատարկ է, մշտական բնակությամբ այստեղ հաստատված է մոտ երկու տասնյակ հայ, մինչդեռ 60 տարի առաջ Բոլորանում շուրջ 1000 հայ էր ապրում (աղբյուր՝ «Պատմություն Փերիայի հայերի», Լ․Մինասեան)։
Բոլորանում միշտ են հայեր ապրել, սակայն վերջին տարիներին, ըստ գյուղացիների, ոմանք տները վաճառել են պարսիկների, որոնք գյուղում դեռ չեն բնակվում։
Հայերը միշտ ձգտել են գյուղում միայն հայկական ներկայություն ապահովել․ գյուղի ամենատարեց բնակիչ 93-ամյա Վազգեն Շահիջանյանը հիշում է, որ նախորդ դարի քառասունականներին (1946-49թթ.)՝ մեծ ներգաղթի օրերին, գյուղից որոշ ընտանիքներ գնացել են Հայաստան, իսկ մնացողները ստիպված են եղել գնացողների տները բուլդոզերով հողին հավասարեցնել, որ օտարազգիներ բնակություն չհաստատեն։
Գյուղի կենտրոնում մի պատ է կանգնած՝ ի հիշատակ գյուղի երբեմնի դպրոցի շենքի:
Հայրիկեան դպրոցը հիմնադրվել է 1892 թվականին Եզնիկ վարդապետ Երկարակեացեանի կողմից՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Մկրտիչ Խրիմեանի հիշատակին։ Դպրոցի առանձին շենքը կառուցվել է ավելի ուշ՝ 1908 թվականին։ Ծախսերը հոգացել են գյուղացիները և նորջուղայեցիները։
Դպրոցի սանն է եղել նաև Վազգեն Շահիջանյանը։ Հիշում է իր ուսուցչներին՝ անգլերեն, ավետարան, հայերեն և պարսկերեն էին սովորում․ «Լավ ուսուցիչներ ունեինք, թե գյուղից, թե Ջուղայից։ Տեր Թահմազը Հայաստան ներգաղթածներից էր, դաշնակցական, աքսորեցին Սիբիր, մեռավ։ Մի ուսուցիչ ունեմ հայերեն դաս տվող, Խոր Վիրապ ա թաղված։ Անգլերենի օրիորդն էլ Ջուղայից էր եկել, հետո տարան Ջուղա, որովհետև այնտեղ էլ կարիքն ունեին։ Առաջինը քաղաքն էր․․․»։
Փերիայում դասագրքերի պակաս կար։ Վազգեն Շահիջանյանն առանձնահատուկ ջերմությամբ է հիշում հայերենի ուսուցիչ Սեթին, որ Թեհրանից իր համար գիրք էր բերել, որ մինչ օրս պահել է։ «Լավ ուսուցիչ էր Սեթին, ինչ կար գլխին, ուզում էր մտցներ աշակերտի գլուխ»։
Դպրոցն արդեն քառասուն տարի է չի գործում, շենքը 1994 թվականին փլվել է անհետևողականության հետևանքով։ «Լավ չպահեցինք մեր գյուղը, մեր ժառանգությունը», - սրտնեղում է Վազգենը։
Նրա հիշողության մեջ տպավորվել է 1943 թվականը, երբ երկրի բոլոր դպրոցները պետականացվեցին։
«Հայրիկեան դպրոցի թաբլոն (ցուցանակը - հեղ․) ցած բերեցին, փոխարենը գրեցին Դաբիրեսթան է դովլաթի է Նադեր (Նադերի պետական միջնակարգ դպրոց - հեղ․)՝ Նադեր շահի՝ թագավորի անունը դրեցին։ Իմ հորեղբայրը և մի քանիսը, որ գիտակից մարդիկ էին, լալիս էին թաբլոն ցած բերելիս, ասում էին՝ մեր Հայրիկեան դպրոցը չպիտի պարսկերեն լինի, բայց Պարսկաստան էր, Կառավարությանը չէր լինում դիմադրել»,- հիշում է բոլորանցի Վազգենը։
Դպրոցն ավարտելուց հետո Վազգեն Շահիջանյանը տնեցիներից գաղտնի գնացել է Թեհրան՝ հորեղբոր տղայի մոտ, որը «Ալիք» խմբագրատան հիմնադիրն էր։ Թեհրանում անգլիացիներից անասնաբուժություն է սովորել, ափսոսում է, որ ժամանակից շուտ է գյուղ վերադարձել՝ ծնողների հորդորով։ Ասում է՝ ուսումը կարևոր է, կուզեր համալսարան գնար, շարունակեր ուսումը, թեկուզ անասնաբուժության գծով, գոնե ակադեմիական կրթությամբ մասնագետ լիներ․ գրքերից սովորեր, ոչ թե պարզապես փորձով։ «Մեզ սովորեցրել են՝ ոնց ասեղ խփես, ինչ տեսակ կլինի կովը, որ հիվանդությունը ինչ կլինի, ինչը ոնց անիլ։ Հիմա որ նայեմ անասունին, կիմանամ՝ ինչ հիվանդություն ա»,- բացատրում է Վազգենը։
Անասնապահությունն ու երկրագործությունը եղել են գյուղի հիմնական զբաղմունքը ինչպես նախկինում, այնպես էլ հիմա։
«Առավոտ շուտ վեր էինք կենում, տավարին էինք տեր կենում, եզներին, կովերին էինք կթում։ Տրակտոր չկար, եզներով էինք երկ անում, ցորեն վարում, դրանից հետո տրակտոր առանք։ Ես երկու հատ ունեի, էն ժամանակ մեկ տրակտորը երեսուն հազար թուման էր՝ ձրի-ձրի, հիմա՝ մեկ միլիոն։ Էն ժամանակ ամեն ինչ արժան (էժան - հեղ․) էր, բայց փող չկար, շատ քիչ էր։ Շատ տարբերություն ունի էն օրվա մեր ապրուստը ու էս օրվանը»,- պատմում է Վազգեն պապը՝ նշելով, որ յոթանասուն տարի առաջ փող ունեցողը «մի քաղաք կառներ»։
Վազգենի խոսքով՝ գյուղում ընտանիքները բազմազավակ էին, իրենք ութ երեխա էին, հորեղբայրը տասն ուներ. «Էլ պետք չկար ուրիշին փող տալու, որ տաներ մեր անասուններին, գոմեշներին, եզներին, ոչխարներին պահեր, վարքը աներ»։ Ազգագրագետ Արամ Երեմեանը նշում է, որ գյուղում տան բոլոր անդամներն էին մասնակցում աշխատանքներին՝ աղջիկ, թե տղա, մեծ, թե փոքր։
Վազգեն պապի խոսքով՝ երկար ժամանակ բոլորանցիներին հարստահարել են, հողագործին շատ են վնաս տվել իրենց բարձր ու անխիղճ հարկերով։
«Մեզ ամենից շատն են նեղացրիլ, մեր գյուղերից մի քանիսը խալիսա (արքունական) էին։ Հետո մեր գյուղերն առան, հասավ մեզ»։ 1910 թվականին Նոր Ջուղայի առաջնորդի ջանքերով գյուղերը գնեցին սուլթանից և վերավաճառեցին հայ գյուղացիներին։ Պատմաբան Լեւոն Մինասեանը իր «Պատմություն Փերիայի հայերի» գրքում գրում է, որ սա անհավատալի գործարք էր այդ ժամանակների համար․ «Գյուղերի գնումով Փերիայի երեք մեծ հայկական գյուղերի բնակիչների կյանքը մտնում է նոր հունի մեջ, վերջ է տրվում երկար տարիների ստրկական ու հալածական կյանքին, և Սահակ Այվատեան արքեպիսկոպոսի անունը անջնջելիերեն վառ է մնում հայ գյուղացիության սրտում»։
Թեհրանից Բոլորան վերադառնալուց հետո Վազգեն Շահիջանյանն ամուսնանում է Արեգնազի հետ։ Արեգնազին առաջինը Վազգենի եղբայրն է տեսել ու նկատի ունեցել հենց Վազգենի համար։ Արեգնազը նախկին հայաբնակ Հադան գյուղից է, որտեղ ամուսնացել էր Վազգենի մորաքույրը։ Այդ առիթով շատ էին գնում Հադան։ Արեգնազին տեսնելով՝ Վազգենը հասկացել է, որ սա հենց այն աղջիկն է, որին տեսել էր երազում։
«Բոլորանի անունը տալիս էին, իմ վատն էր գալիս, միշտ ասում էի՝ շատ ետ ժողովուրդ ա, խոսվածքն էլ էր ուրիշ, մի ձև էին խոսում», - ասում է Վազգենի կինը՝ Արեգնազը։
«Բայց Բոլորանը հեչ ետ ժողովուրդ չի, ամենակրթվածն էր Փերիայում, - անմիջապես շտկում է Վազգենը ու ծիծաղում, - մենք Բլուր գյուղի յուրահատուկ բարբառով՝ մաքուր լեզվով ենք խոսում։ Շատ լավ հայերեն։ Ուղղակի մեզ շատ են նեղացրիլ, աղքատ ենք իլի խաների ու լոռերի (իրանալեզու ցեղ - հեղ․) պատճառով։ Շատ փող ենք տվի, որ եկել են մեզի թրքացնին (իսլամացնել - հեղ․), օտար գյուղացիք առաջ են իլի, հողն իրանցն ա իլի, հարստությունը՝ իրանցը։ Ոչ մի գյուղ Բոլորանի նման չարչարանք չի քաշի»։
Ըստ ավանդության՝ Բոլորանի բնակիչները բռնագաղթել են Հարք գավառի Բլուր գյուղից 17-րդ դարի սկզբին։ Գյուղն անգամ իր մասնակիցն է ունեցել առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ թուրքական ուժերի դեմ կռվող Ֆրանսիայի հայկական լեգիոնի կազմում։
Բոլորանում իր յուրահատուկ տեղն ունի Սուրբ Ղուկաս եկեղեցին, որն այնքան հին է, որքան գյուղը։ Ներկայիս շենքը վերակառուցվել է 1912 թվականին։ Ունի իր սեփական գրչագիր ավետարանը։
Փերիա գավառի և Բոլորանի բնակչությանը, հարստահարելուց բացի, տարբեր ժամանակներում փորձել են կրոնափոխել, սակայն հանդիպել են դիմադրության։ Գյուղի գերեզմանոցում, կամ ինչպես տեղացիներն են ասում՝ հանգստարանում, թաղված են հանուն հավատքի զոհված հայեր։ Վազգենը զուգահեռ է տանում Փերիա գավառում բնակված վրացիների հետ, որոնք պարսկացել են ժամանակի ընթացքում․ այսօր խոսում են հիմնականում պարսկերեն և դավանում իսլամ։
Վազգենն առաջին անգամ Հայաստան է եկել ութ տարի առաջ․ «Ինչ խոտ կար, վրեն պառկում էի, էնքան սիրում էի..․»։
Այսօր 93-ամյա ծերունին հայացք է գցում հայրենիքի վիճակին ու նշում՝ մենք շատ բաժանված ենք, երկու կաթողիկոսություն ունենք, անթիվ կուսակցություններ մի բուռ հողի վրա․ «Ջոկ փայտը հեշտ կկոտրեն, մի քանիսը՝ չեն կոտրի կամ շատ դժվար»։ Ապա մտահոգվում է իր գյուղի ապագայի մասին․ «Գյուղը լավ չպահեցինք․․․»։
Նրա խոսքով՝ գյուղի կյանքին հաշված տարիներ են մնացել։ «Հիմա գյուղում ամենափոքրերը 45-50 տարեկան են։ Երիտասարդները չեն վերադառնա էստեղ ապրեն․․ Իմ թոռները ստեղ չեն, ես ո՞ւր կպչեմ օտարից․․․ իմ թոռը չի գա էստեղ ապրի»։
Այնուամենայնիվ, Բոլորանը սիրված վայր է իրանահայերի համար։ Տները գյուղի բնակիչների մեծամասնության համար ծառայում են որպես ամառանոցներ, նրանք այստեղ են անցկացնում արձակուրդները։ Ամենաշքեղ տոները և հատկապես Վարդավառը նշում են գյուղում, իսկ Իրանի Հեղափոխական ոստիկանությունը հսկում է գյուղը՝ օտարազգիների մուտքը թույլ չտալու համար։ 2025 թվականին Իսրայելի հարձակման ժամանակ Բոլորանը ապաստան էր դարձել Իրանի տարբեր ծայրերում բնակվող հայերի համար, որոնք մեծ քաղաքներից շտապում էին այստեղ՝ անվտանգության հույսով։
Լուսանկարները՝ Նազենիկ Սարոյանի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել