HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկ Մակիյան

Հովիկ Սարդարյանի կոմպոզիտորական ուղու միջազգային գնահատականը

Էրնստ ֆոն Սիմենսը (1903–1990) գերմանական հայտնի Siemens ընկերության հիմնադրի՝ Վերներ ֆոն Սիմենսի ժառանգներից էր։ Չնայած իր ինժեներական և արդյունաբերական գործունեությանը՝ նա առավել հայտնի դարձավ որպես մշակութային գործիչ, բարերար, դասական և ժամանակակից երաժշտության մեծ աջակից։

Էրնստ ֆոն Սիմենսը համոզված էր, որ արվեստը, հատկապես երաժշտությունը, ունի հիմնարար դեր հասարակության մշակութային և մտավոր զարգացման մեջ։ Այդ համոզմամբ նա 1972 թվականին հիմնադրեց Ernst von Siemens Music Foundation-ը, որի նպատակն էր աջակցել բարձրարժեք երաժշտություն ստեղծողներին, խթանել նորարարությունը և գնահատել այն հեղինակներին, որոնք ձևավորում են երաժշտության ապագան։

Էրնստ ֆոն Սիմենսի երաժշտական մրցանակը դարձավ համաշխարհային մակարդակի հեղինակավոր պարգև։ Այն ամենամյա երաժշտական ​​մրցանակ է, որը շնորհվում է երաժիշտներին Բավարիայի գեղարվեստի ակադեմիայի (Bayerische Akademie der Schönen Künste) կողմից. գեղարվեստական խորության, ազդեցության, ստեղծագործական բարձր արժեքի համար։ Siemens Music Prize-ը անվանում են «երաժշտության Նոբելյան մրցանակ»։

2026 թվականի հունվարի 22-ին հայտարարվեց այս տարվա Siemens Music Prize-ի գլխավոր դափնեկրի անունը։ Այն շնորհվեց վիոլա դա գամբայի վիրտուոզ կատարող, կատալոնացի Ժուրդի Սավալին (Jordi Savall) երաժշտության մեջ բացառիկ ավանդի, միջնադարյան, վերածննդի, բարոկկո շրջանի  ստեղծագործությունների, կատարողական ավանդույթների ուսումնասիրման և տարածման համար։

Գլխավոր մրցանակից բացի, ամեն տարի շնորհվում է նաև կոմպոզիտորական մրցանակ՝ Composer Prizes։ Կարևոր այս հարթակում երեք մրցանակակիրների մեջ էր 32-ամյա կոմպոզիտոր Հովիկ Սարդարյանը։ Ծնունդով Արցախից երիտասարդ կոմպոզիտորի երաժշտական ուղին սկսվել է Հադրութի երաժշտական դպրոցից, հետո՝ Ստեփանակերտի Սայաթ-Նովա երաժշտական քոլեջ, Երևանի պետական կոնսերվատորիա՝ Աշոտ Զոհրաբյանի կոմպոզիտորական դասարան։ Հովիկը վերջին տասը տարիներին սովորում և ստեղծագործում է Գերմանիայում։

Siemens Music Prize-ի թիմը տարիների ընթացքում հետևում է ստեղծագործողի աշխատանքին, կազմվում են փակ առաջարկություններ (nominations), որոնք չեն հրապարակվում,  անկախ ժյուրին ուսումնասիրում է թեկնածուների ստեղծագործությունները, ազդեցությունը, կատարումները միջազգային հարթակներում և նրանց դերը ժամանակակից երաժշտության զարգացման մեջ։

Siemens Music Prize-ի պաշտոնական կայքում գերմանացի երաժշտագետ Հաբակուկ Տրաբերն այսպես է բնորոշել այս տարվա մրցանակակիր կոմպոզիտոր Հովիկ Սարդարյանին. «Արվեստը մեզ հետ խոսում է և պահանջներ է ներկայացնում։ Իր վառ ստեղծագործական անհատականությամբ աչքի ընկնող Հովիկ Սարդարյանը դրա օրինակն է (...) Նա միավորում էր հայկական մոնոդիայի հատկանիշները՝ կլավիրային երգի ժանրի մեջ։ Սարդարյանն արևմտյան գործիքներից ստանում էր այնպիսի հնչողություններ, որոնք հիշեցնում են ավանդական հայկական երաժշտական գործիքները, և այս տարբեր տարրերի համադրությունը նրա համար բացում է նոր ստեղծագործական հեռանկարներ»։

Լուսանկարները՝  Ernst von Siemens Music Foundation կայքից

 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter