Ինչու՞ են ձախողվում աղբի վերամշակման ծրագրերը Գյումրիում
2011թ-ին Գյումրիում, շատ կարճ ժամանակով, գործեց աղբի տեսակավորման գործարան: 2009թ-ին ստեղծված «Քլինլենդ» ՍՊԸ-ի նախաձեռնությամբ նույնատիպ գործարան կառուցվել էր նաև Վանաձորում, իսկ աղբի վերամշակումը կատարվելու էր Երևանում: Բնակչության առողջության և էկոհամակարգի պահպանության, ինչպես նաև արդյունավետ աղբահանության կազմակերպման նպատակով Վանաձորի, Գյումրու, Հրազդանի, Դիլիջանի և Սևանի քաղաքային համայնքների ավագանիների որոշումներով «Քլինլենդ» ընկերությանը տրամադրվել էր աղբի տեսակավորման բացառիկ իրավունք` 25 տարի ժամկետով:
Վանաձորում աղբի տեսակավորման գործընթացը սկսվել էր 2011 թ. փետրվարից`30 հոգու ապահովելով կայուն աշխատատեղով: Գյումրու տեսակավորման գործարանը գործարկվել էր սեպտեմբերից`աշխատանքով ապահովելով 40 մարդու: Մյուս համայնքներում, ինչպես նաեւ երկրի հարավում աղբի տեսակավորման կայաններ պիտի կառուցվեին 2012թ-ին:
«Քլինլենդ»-ի մասնագետների դիտարկմամբ Հայաստանում գոյություն ունեցող աղբավայրերը և չարտոնագրված աղբակույտերը չեն համապատասխանում բնապահպանական նորմերին: Կենցաղային աղբի մեջ գտնվող տարբեր ոչ օրգանական նյութերը ոչ միայն չեն լուծվում (լուծվում են հարյուրավոր տարիների ընթացքում), այլ նաև տարբեր բնակլիմայական ազդեցությունների ներքո արտադրում են թունավոր նյութեր, որոնք անցնում են մթնոլորտի և ստորգետնյա ջրերի մեջ` վտանգելով հարակից բնակավայրերի բնակիչների առողջությունը:
Կազմակերպությունը գործունեության կարճ ժամանակահատվածում պարզել էր, որ Գյումրիում և Վանաձորում աղբահանությունն ամբողջ ծավալով չի կատարվում: Այսինքն արտադրվում է շատ ավելին, սակայն դրա մի մասը նետվում է բնության մեջ` աղտոտելով շրջակա միջավայրը: Օգտահանվող նյութերի տեսականին մեծ չէ` պլասմասե շշեր, պոլիէթիլենից պարկեր, ապակի, թուղթ, մետաղ: Տեսակավորման կայանից քաղաքային աղբավայր տեղափոխվում են ոչ վտանգավոր նյութերը: Վերամշակումից հետո ստացվում է երկրորդային նյութ գրանուլային տեսքով, որ արտահանվում է Ռուսաստան, Չինաստան և օգտագործվում արդյունաբերության մեջ:
Դեռևս այն ժամանակ, «Քլինլենդ»-ի գործադիր տնօրեն Տիգրան Գաբրիելյանը պնդում էր, որ քաղաքային աղբավայրի աղբն իրենց կողմից չի օգտահանվում, որովհետեւ այն արդեն ծերացած է ու բավական թունավոր: Բացի դրանից, քաղաքային աղբավայրերն ունեն իրենց ոչ ֆորմալ տերերը, ովքեր ապրում, աշխատում և գոյատևում են այդ նույն աղբի հաշվին: Վերլուծությունը ցույց էր տվել, որ Գյումրիի աղբամաններից բացակայում է թուղթը: Բայց դա էլ ուներ իր պարզ բացատրությունը՝ տնակներում ապրող սոցիալապես անապահով շատ ընտանիքներ հենց այդ աղբամաններից էին հայթայթում օրվա վառելիքը:
Գյումրիում աղբահանության գործընթացը կազմակերպելու համար «Քլինդլենդ» ընկերությունը պարտավորվել էր քաղաքապետարանին ամիսը 300 հազար դրամ վճարել, թեպետ նախնական պայմանավորվածությունն եղել էր 3 մլն դրամի շուրջ: «Բիոսոֆիա» բնապահպանական հկ-ի ղեկավար Գևորգ Պետրոսյանին այս հանգամանքը տարօրինակ էր թվացել: Վերջինիս կարծիքով, չէր կարելի գումարներ տալ ՏԻՄ-ին մի բանի համար, որն իր գործառույթների շրջանակում է:
«Զարգացած երկրներում այդ գումարները ոչ թե տալիս են տեղական ինքնակառավարման մարմիններին, այլ ստեղծում են հիմնադրամ, որի բաժնետերերը քաղաքի բնակիչներն են: Ճիշտ է, դրանք չնչին գումարներ են, բայց էդ գումարները տարիների հետ կուտակվելով կարող են լուրջ սոցիալական ծրագրեր իրականացնելու հնարավորություն տալ,-տարիների առաջ պնդում էր բնապահպան Գևորգ Պետրոսյանը,-ասեմ, որ քաղաքացիներն այդ դեպքում ավելի շահագրգիռ կլինեն աղբը կազմակերպությանը տալ, երբ հասկանան, որ հնարավոր է հավաքված գումարներով լուրջ գործեր ձեռնարկել: Իսկ ՏԻՄ-ին տալու դեպքում դա չի երեւա»:
Բացի տեսակավորման գործարանից, ընկերությունը պատրաստվում էր 2013թ-ին Գյումրիում կառուցել աղբի այրման գործարան, որտեղ օգտագործվելու էր աղբի այրման պիրոլիզային եղանակը: Այս գործարանի շնորհիվ վերանալու էր աղբավայրը և արտադրվելու էր էներգիա: Մինչև հիմա էլ հստակ չէ, թե ինչու բավական հաջող սկսված ծրագիրը հանկարծ ընդհատվեց: Ըստ «Քլինլենդ» ընկերության տարածած հայտարարության, աղբամաններից գործարան հասնող աղբի տեսականին եղել է անբավարար՝ իրենց հետաքրքրող նյութերը՝ թուղթ, պլաստիկ, շատ հաճախ բացակայել են և իրենք վնասով են աշխատում: Նշենք, որ գործարանի կարճաժամկետ գործունեության ժամանակ, Գյումրու քաղաքապետն էր Վարդան Ղուկասյանը:
13-ամյա ընդմիջումից հետո, 2024թ-ին, կենցաղային թափոնների վերամշակման գործարանի ծրագրով Գյումրի էր հասել «Արմէկոտեկ» ՍՊԸ-ն: Գործարանն աշխատելու էր առանց արտանետումների, լինելու էր փակ արտադրություն, ամբողջովին լուծվելու էր քաղաքի աղբահանության հարցը: Ընկերության տնօրեն Միխայիլ Բադինը հանրային լսման ժամանակ ներկայացրել էր ծրագիրը, որն արժանացել էր հավանության: Այդուհետ, գործարանի կառուցման ծրագրին հավանություն էր տվել ավագանին: Հիշեցնենք, որ այդ ժամանակ Գյումրի համայնքի ղեկավարն էր Վարդգես Սամսոնյանը:
Սակայն, Գյումրիում և Վանաձորում ներդրվող աղբի վերամշակման ծրագիրը, որը գնահատվում էր 9 մլն դոլար, իրականություն չդարձավ: Գյումրիում ձևավորվեց նոր իշխանություն, իսկ Վանաձորում շարունակաբար տապալվում էին ավագանու նիստերը: Պարզվեց, Գյումրու ներկայիս՝ 13 տարի ընդմիջումից հետո ընտրված համայնքապետ Վարդան Ղուկասյանը դեմ է ծրագրին: Ավագանու նիստերից մեկի ժամանակ՝ պատասխանելով ՔՊ խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանի հարցին, պարոն Ղուկասյանն իր չկամությունը պատճառաբանեց հետևյալ կերպ, որ ծրագրի իրականացման դեպքում քաղաքապետարանը մեծ վնասներ կկրի, քանի որ աղբահանության գումարները կազմակերպությունն է հավաքագրելու՝ ստանալով մեծ շահույթներ:
«Արմէկոտեկ» ընկերությունն, ըստ ծրագրի, պատրաստվում էր երկու քաղաքում էլ աղբահանությունը կատարել սեփական միջոցներով ու առաջատար եղանակով՝ համայնքապետարանների ենթակայության տակ գործող կոմունալ բաժինների հետ համատեղ: Աղբի վերամշակումից գյուղատնտեսական պարարտանյութ են ստանալու՝ լոլիկի և վարունգի աճեցման համար: Կազմակերպության ստացած շահույթի 5 տոկոսն էլ ուղղվելու է համայնքային բյուջե: Թե ինչ գերշահույթի մասին էր խոսքը, ինչ վերլուծություններ էր արել Գյումրի համայնքի ղեկավար Վարդան Ղուկասյանը, ներկայում դժվար է պարզել, քանի որ վերջինս կալանավորված է:
Այս տարի, աղբի հետ կապված խնդիրներին ավելացավ ևս մեկը: Աշնան սկզբին Մուշ, Շերամ, Անի, Շիրակացի թաղամասերի բնակիչները սկսեցին բողոքել այրվող աղբադաշտից թաղամասերի վրա տարածվող անտանելի ծխից: «Ես ապրում եմ Մուշ թաղամասում 2016թ-ից, ու էդ խնդիրը՝ քիչ, թե շատ, տեղափոխման առաջին օրվանից եղել է՝ նկատի ունեմ աղբավայրի այրումից առաջացած ծխի տարածումը հատկապես քամոտ եղանակներին: Շատ եմ գնացել աղբավայր, որ հասկանամ ովքեր են այրում,-ասում է Գյումրու ՔՊ խմբակցության անդամ Վահան Դավթյանը,-անցած տարի ամառը բռնկված հրդեհն երևի ամենաանտանելին էր, մարդիկ բողոքում էին, հիշում եմ, որ անգամ հրշեջ մեքենա եկավ, մի 3-4 օր զբաղվեցին էդ հարցով, մարեցին, անգամ փոխքաղաքապետն այցելեց աղբավայր՝ տեղում համոզվելու համար, բայց...փաստ այն է, որ հարցը վերջնական լուծում չի ստանում, չեն հայտնաբերում վառողներին, որևէ կանխարգելիչ գործողություն չի կատարվում»:
Վահան Դավթյանն ասում է, եթե տաք եղանակներին կարող են պատճառաբանել, թե ինքնայրում է տեղի ունենում, ապա ձմռանն ու աշնան ամիսներին անհնար է: «Էս դեպքում չպետք է բացառել նաև դիտավորության վարկածը,-նկատում է զրուցակիցս,-անցած տարվա հուլիսին ես ոտքով հասել եմ տարածք ու էդ պահին, երբ ուժեղ կրակ էր, տեսա նաև հեռացող աղբատար մեքենա: Քանի որ այրվում էր ճամփեզրին լցրած աղբը, մտածում եմ, որ հենց վարորդն էլ այրեց ու գնաց,-նկատում է Վահանը,-բայց որպեսզի չստացվի, թե մեղադրանքներն անհասցե են, կամ կասկածի տակ են ընկնում հենց քաղաքի կոմունալ բաժնի աշխատողները, առաջարկում եմ համայնքապետարանը տեսախցիկներ տեղադրի, հետևի, հասկանա ովքեր են այրողները»:
Զրուցակիցս անհասկանալի բաղադրությամբ աղբի այրումից առաջացած ծուխը համեմատում է «մասսայական ոչնչացման զենքի» հետ: Ըստ Վահանի, հնարավոր է, որ աղբն այրեն տարածքում պլաստիկ շիշ, գունավոր մետաղ, թուղթ և էլի ինչ որ նյութեր հավաքողները: «Տեսեք, ամենամոտիկ բնակելին աղբադաշտից հեռու է 500 մետր, հիմա պատկերացրեք ինտենսիվ այրման ժամանակ օրերով ինչ են շնչում էդտեղի ապրողները: Իհարկե հարցը գլոբալ լուծում է պահանջում՝ աղբի տեսակավորման գործարանի կառուցումից սկսած աղբադաշտի ճիշտ կառավարումով վերջացրած: Բայց էս պահին պետք է գոնե ջանքեր ներդնել այրումը կանխելու ուղղությամբ, մինչև մեծ ծրագրերի իրականացումը»:
Տարիների ընթացքում, քաղաքային աղբադաշտի համար նախատեսված 4 հա-ն աստիճանաբար մեծացել է՝ դառնալով 20 հա: Բուն աղբավայր տանող ճանապարհի երկու կողմերում սարեր են գոյացել թափած աղբից: Պարզ աչքով դիտարկելուց էլ հասկանալի է դառնում, որ աղբատար մեքենաների վարորդները զլանում են հասնել բուն աղբադաշտ՝ մեքենայի մեջ կուտակվածից ազատվելով հենց ճամփեզրին: Հինգ անգամ մեծացած աղբադաշտն այլևս խեղդվում է իր սահմաններում՝ չունենալով ընդարձակվելու հնարավորություն: Հնարավոր է Գյումրին նման խնդրի չբախվեր, եթե տարիներ առաջ կառուցված աղբի տեսակավորման գործարանը շարունակեր աշխատել, իսկ հետագայում էլ կառուցվեր աղբի վերամշակման գործարանը:
Չմոռանանք նաև, որ հսկայական աղբադաշտն ունի իր ոչ «պաշտոնական» տերերն ու շահագործողները: Այնտեղ օրավարձով մարդիկ են «աշխատում»՝ աղբից հավաքելով մետաղ, շիշ և այլն, որոնք հետո հանձնում են պատվիրատուին:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել