HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Գյումրեցի տոհմիկ ոսկերիչներ Տարախչյանների 150-ամյա պատմությունն ու թողած ավանդը

Արծաթից պատրաստված և ոսկեջրած գավաթը հազվագյուտ գեղեցկություն ունի: Արտաքին դրվագումները վեհացնող են: Մեջտեղում Սիսն ու Մասիսն են: Փառապանծ լեռան մի կողմում պատկերված են Գայլ Վահանը, Վարդան և Մուշեղ Մամիկոնյանները, մյուս կողմում՝ Վահան Մամիկոնյանը, Նոյ և Հայկ Նահապետերը: Արծաթե թասի կանթը օձ է՝ փիրուզե շողշողուն աչքերով, իսկ հատակին ամրացված եղունգաչափ թմբիկը պահում է մի ձողիկ, որի վրա պտույտներ է գործում վեց մասից բաղկացած հակինթ ակներով արծաթյա ձուկը: 

Թանգարանի արժանի այս գործի հեղինակը ալեքպոլցի (գյումրեցի) հայտնի ոսկերիչ Գուրգեն Տարախչյանն է: Գավաթը գինու համար է նախատեսված: Օձաքանդակ-օձակերպ կանթով Գուրգենը ցանկացել է ասել՝ «Խմելիս եղիր իմաստուն», այսինքն՝ չափով խմիր: Մոտավորապես 100 գրամ տարողություն ունի գավաթը և այն մինչև վերջ դատարկելու դեպքում ձուկը պոչով հարվածում է խմողի քթին, ասելով՝ բավ է:

Ալեքսանդրապոլի ոսկերչությունը կոչել են «Արհեստների թագուհի»: Ժառանգելով պատմական Անիի ժողովրդական կիրառական արվեստի ավանդույթները՝ տեղացի արեստավորներն այս ասպարեզում ստեղծել են այնպիսի կատարելություններ, որոնք ճանաչում են բերել նրանց հայրենի քաղաքի սահմաներից դուրս: Ինչպես հայտնի է, հնում արհեստը պապից անցել է հորը, նրանից՝ որդուն, որդուց էլ՝ թոռանն ու ծոռանը: Պատահական չէ, որ գյումրվա շատ գերդաստաններ կոչվում էին արհեստների անուններով, օրինակ՝ Փախրջոնք (Պղնձագործյան), Դամրչոնք (Երկաթագործյան), Ղոյումչոնք (Ոսկերչյան) և այլն: 

Հայկական ժողովրդական կիրառական արվեստի, մասնավորապես, արծաթագործության ազգային ավանդույթները կրող ու շարունակող գերդաստաններից է համարվում Տարախչյանների տոհմը, որ վարպետ ոսկերիչների 4 սերունդ է տվել: Տվել է նաև հեղափոխության մարտիկներ, ուսուցիչներ, գրական-գիտական դեմքեր՝ 150-ամյա իր սերնդափոխության ընթացքում: 

Գերդաստանի տոհմապետը եղել է ուստա Մկոն (Մկրտիչը): Նրա մասին շատ բան հայտնի չէ, եղել է իր ժամանակի ճանաչված ոսկերիչ, մահացել է գրեթե 2 դար առաջ՝ թողնելով հանրահայտ արհեստավորի ու գերդաստանի լրջմիտ գլխավորի բարի անուն: Ուստա Մկոյի գործը շարունակել են որդիները՝ Սարգիսը (1850-1896թթ.) և Մարտիրոսը (1860-1918թթ.), որոնք հմտացել են արհեստի մեջ նրա ղեկավարությամբ: Սարգիսը բարձր անուն է ունեցել իբրև արհեստավոր և ուսումնասեր մարդ, կարդացել է գրաբար և լրջորեն զբաղվել դեղաբույսերով՝ ստանալով «Հեքիմ» մականունը: Գրել է բանաստեղծություններ:

Սարգսի կրտսեր եղբայրը՝ Մարտիրոսն իր հմտությամբ գերազանցել է հորն ու եղբորը: Մարտիրոս Տարախչյանի պատրաստած արծաթե սափորը Փարիզում 1889թ.-ին կազմակերպված համաշխարհային ցուցահանդեսում արժանացել է ոսկե մեդալի: Նրա գործերից աղավնակերպ մեռոնամանն այսօր էլ դեռ պահպանվում է Էջմիածնում: Մեծանուն աշխատանք է եղել Ղարսա Քրիստոսի գերեզմանը՝ արծաթակերտ, ակնազարդ: 

Իբրև հայտնի արհեստավոր, ունեցել է աշակերտներ, որոնք հետագայում դարձել են ճանաչված վարպետներ: Նրանցից են Շահրիմանյան Վանոն (Տիկյարի տղեն), Վխկրյան Լևոնը, Ուռում Թոդորը: Մարտիրոսը մահացել է 1918թ-ին, 58 տարեկանում: Ողջ քաղաքը սգացել է «Օսկի մարթու»՝ սիրելի վարպետի մահը, իսկ ճանաչված աշուղ Խայաթը նրա հիշատակին բանաստեղծություն է ձոնել: Մարտիրոսի գործը շարունակել են զույգ տղաները՝ Գուրգենը և Կորյունը: 

Գուրգեն Տարախչյան.JPG (262 KB)Գուրգեն Տարախչյանը

Գյումրեցիների շրջանում «Մաշտի» մականունով հայտնի Գուրգեն Տարախչյանն արհեստավորի երկար ու հանգիստ կյանք չի ունեցել:  Լինելով իր տոհմի արժանի զավակն ու պապական գործի փայլուն ներկայացուցիչ, 1915թ-ին, 18 տարին դեռ չլրացած, զինվորագրվել է հայ կամավորական խմբերին և զենքը ձեռքին կռվել արևմտահայ եղբայրների կողքին: Գուրգենի թոռը՝ Տիգրանուհի Տարախչյանը, պապի հերոսական անցյալից որոշ դրվագներ է պատմում:

«Գուրգեն Տարախչյանը շատ հախուռն բնավորություն տեր մարդ է եղել՝ ուտող-խմող, ծնվել է 1897թ-ին, ծննդյան վկայականը կա: 18 տարեկանում միացել է Անդրանիկի զորքին ու եղել է գյումրեցի թոփչիներից (հրետանավոր): Գյումրու Սև բերդի գրավման ժամանակ վերջիններից է եղել, որ դուրս է եկել տարածքից՝ վիրավոր Գարեգին Պետրոսյանին շալակած: Թե ինչու է մականունը «Մաշտի» եղել, երկու բացատրություն կա: Ուրեմն, «մաշտի» կոչվող պար է եղել, որ միայն տղամարդիկ են պարել ու ասում են իմ պապը շատ լավ է պարել, դրա համար են այդ մականունը տվել: Կա նաև հետևյալ բացատրությունը, որ «մաշտի»-ին «լավ մարդ»-ն է,-ասում է Տիգրանուհին,-երկու դեպքում էլ, որն էլ ճիշտ համարենք, բառը շատ ճիշտ բնութագրել է պապիս»:

Գուրգեն Տարախչյանը կնոջ հետ.jpg (105 KB)

Գուրգեն Տարախչյանը կնոջ հետ

Գուրգեն Տարախչյանը մահացել է 1943 թ-ին Սարատովի բանտում։ Գերեզման չունի, ասում են՝ այդ տարի տիֆի համաճարակ է եղել և բոլոր մահացածներին թաղել են եղբայրական գերեզմանում: Գուրգենի Մարտին տղան փորձեր արել է գտնելու հոր հետքերը Սարատովում, սակայն չի հաջողել: Գուրգեն Տարախչյանի մասին հիշատակում կա Եղիշե Չարենցի «Երևանի ուղղիչ տնից» գրքում: Ըստ Չարենցի նկարագրության՝ Գուրգենն իսկական հին գյումրեցի էր, առաջնակարգ վարպետ-ոսկերիչ: Բանաստեղծի վկայությամբ, Գուրգենին թույլատրվել է ուղղիչ տանը արհեստանոց ունենալ: «Ամբողջ ժամանակ աշխատում էր արհեստանոցում: Դատապարտված էր պատահական սպանության համար 10 տարվա կալանքի: Սկզբի անգամից, չգիտեմ ինչու, նա շահեց իմ համակրությունը: Գյումրվա լոթիական տրադիցիաներով մեծացած, էապես շատ ընկերական ու աշխատասեր մարդ էր, որ դժբախտության էր հասել բացառապես հարբեցողության շնորհիվ: 30-35 տարեկան, միջահասակ, աշխատանքից այրված դեմքով, մեքենայով խուզած մազերով: Ուներ խոսելու և պատմելու չափազանց պատկերավոր, յուրօրինակ ձև»: (Չարենցի երկերի 5-րդ հատոր)

Պապի վերաբեյալ Չարենցի տված խիստ գնահատականի հետ (հարբեցող), Տիգրանուհի Տարախչյանը համամիտ չէ: Ասում է՝ պարզապես ուտող-խմող, ուրախ մարդու համբավ է ունեցել: «Չարենցի գրածից պարզ է դառնում, որ պապս մեկ տարուց դուրս է եկել: Ճշմարտությունն այն է, որ խմելն իրեն անընդհատ փորձանքի է բերել: Պատմում են, որ ստալինյան բռնաճնշումների տարիներին ինչ որ մեկի տուն ուտել-խմելու է գնացած եղել, դուրս գալուց, կոմոդի վրա դրած Ստալինի արձանիկի գլխին է խփել, հաջորդ օրն իրեն աքսորել են: Մահացել է տիֆից, 36 տարեկանում: Ինքը շատ քիչ է ազատության մեջ եղել, անընդհատ ինչ որ պատմությունների մեջ է հայտնվել, բայց դրան զուգահեռ էլ հասցրել է յուրահատուկ գործեր ստեղծել: Ասում են, որ աքսորավայրում էլ պատվեր են տվել, Ստալինի համար պորտսիգար է սարքել, դրա համար որոշակի արտոնություններ է ունեցել»,-սերունդների հիշողություններն է փոխանցում Տիգրանուհին:

Իբրև տաղանդավոր փորագրիչ, Գուրգեն Տարախչյանը 1923-24թթ-ին պատրաստել է Խորհրդային Հայաստանի մի քանի շքանշանների և կրծքանշանների բնօրինակները: Ձվաձև շքանշանի վրա պատկերված են Մեծ և Փոքր Մասիսները, նրանց ստորոտում՝ խաղողի ողկույզ և տերևներ, Մասիսների վրա արև և հնգաթև աստղ: Իսկ Գուրգենի հեղինակած ոսկեջուր թասը, որի նկարագիրը տրված է հոդվածի սկզբում, առ այսօր էլ պահպանվում է Տարախչյանների ընտանիքում: «Հայրս՝ Մարտին Տարախչյանը, պապերի արհեստին տիրապետել է, վեց տարի զբաղվել է, բայց հետո որոշել է չշարունակել ու բարձրագույն կրթություն ստանալ,-ասում է Տիգրանուհին,-հայրս ֆիզիկ էր, ինքը երկար տարիներ դասախոսել է Լենինականի մանկավարժական ինստիտուտում, եղել ամբոնի վարիչ, հետո ֆիզիկա-մաթեմատիկական ֆակուլտետի դեկան: Արդեն 60-ին մոտ էր, որ հանկարծակի որոշեց վերադառնալ արմատներին ու ստեղծագործել դեռևս 1969թ.-ին մեր տանն իր կողմից ձևավորված ոսկերչության պատմության թանգարանի համար»: 

Մարտին Տարախչյանը, պահպանելով տոհմական ձեռագիրը, ոսկերչության ոլորտում ստեղծագործելով ընդամենը երեք տարի, նորություն բերեց: Թեպետ տիրապետում էր ոսկերչության և արծաթագործության տեխնիկային, սակայն հրաժարվեց նրա կիրառականությունից՝ գինդ, մատանի, ապարանջան պատրաստելուց: Տարախչյանների 5-րդ սերնդի ներկայացուցիչը դրվագումով, ձուլմամբ կամ ուրիշ եղանակով մետաղյա մակերեսին դիմապատկերներ, բնանկարներ, սյուժետային տեսարաններ կերտեց, որոնք զարմանալի պլաստիկություն և և արտահայտչականություն ունեին: 

«Ես չգիտեմ, արդյոք զգում էր հայրս, որ իրեն քիչ էր մնացել ապրելու, բայց ինքը տենդագին աշխատում էր՝ ձգտելով ավելի շատ բան ստեղծել,-նկատում է Տիգրանուհին,-նախքան երկրաշարժը մենք ապրում էինք Շահումյան փողոցի վրա ու թանգարանի հետ կապված մեր տուն շատ մարդիկ էին գալիս: Ես միշտ հետաքրքրությամբ կանգնում լսում էի, թե հայրս ինչպես էր ներկայացնում ընտանեկան թանգարանի նմուշները: Ճիշտն ասած, այնքան էի ոգևորված, որ մտածում էի մեծանամ գիդ եմ դառնալու, բայց արդյունքում ընտրեցի մանկավարժության ոլորտը: Այդ տարիներին Լենինականում ձևավորվում էր ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանը՝ Ձիթողցոնց տունը, ու թանգարանի աշխատակիցներից հաճախակի գալիս էին հայրիկիս հետ խորհրդակցելու: Հիշում եմ, որ համոզում էին մեր ընտանեկան հավաքածուն թանգարանին նվիրաբերել, բայց հայրիկս չհամաձայնվեց: Հիմա, տարիների հեռվից, մտածում եմ, երանի տված լիներ, գոնե այսօր պահպանված կլիներ»:

Երկրաշարժին փլվում է Տիգրանուհու հայրական տունն՝ ոչնչացնելով նաև ընտանեկան թանգարանի հավաքածուի մեծ մասը: Ընտանիքի անդամների մոտ պահպանվել են Մարտին Տարախչյանի ստեղծած արծաթե թևնոցները: «Հայրս 80-ականներին որոշեց, որ պիտի նաև զարդեր ստեղծի՝ հիմնականում թևնոցներ և գոտի, որի առաջին կրողները եղել ենք ես և մայրս: Հետո, որ ազգի մեջ ուրախություն էր լինում՝ ծնունդ, հարսանիք, ինքն անպայման որոշում էր, որ իր պատրաստած արծաթե զարդը պիտի տանենք նվեր: Փաստորեն ճիշտ են ասում. գեները կարող են քնել, բայց մի օր անպայման կարթնանան՝ հայրիկիս հետ դա կատարվեց, ուղղակի ափսոս, որ շատ կարճ տևեց»: 

Մարտին Տարախչյանը զոհվել է երկրաշարժին, սեփական բնակարանում: Տղան՝ Գուրգենը, շատ հեռու է պապերի արհեստից, ընտրել է ֆիզիկան՝ ավարտելով Լենինականի մանկավարժական և պոլիտեխնիկական ինստիտուտները: Տիգրանուհին զրույցի ժամանակ հիշատակում է փոքր հորեղբորը՝ Հովհաննես (Օնիկ) Տարախչյանին, որն ի տարբերություն եղբորը, Լենինականում զբաղվել է պապերի արհեստով, ունեցել է կրպակ և շատ ճանաչված ու հարգված անձնավորություն է եղել: Նրա գործն այսօր շարունակում է Աշոտ որդին:

«Այս տարի լրացավ հայրիկիս ծննդյան հարյուրամյակը: Ես միշտ երազել եմ վերականգնել այն թանգարանը, որ 37 տարի առաջ կորստի մատնվեց: Հիմա, տարիներ անց, ափսոսում եմ, որ այն ժամանակ հայրս հավաքածուն չտվեց թանգարանին, ոչ ոքի մտքով չէր անցնում, թե ինչ է տեղի ունենալու, եթե տար՝ հիմա փրկված ու ցուցադրված կլիներ: Բայց ոչինչ, ես որոշակի մտքեր ունեմ, և տա Աստված, որ ստացվի այդ ամենն իրականություն դարձնել ու մեր քաղաքին նվիրել տոհմիկ ոսկերիչների մասին պատմող մի ջերմ անկյուն»,-զրույցն ամփոփում է Տիգրանուհի Տարախչյանը:

Լուսանկարները՝ Գուրգեն և Տիգրանուհի Տարախչյանների ընտանեկան արխիվից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter