Կաթողիկոսից դէռ շատ բան կարելի է յուսալ հօգուտ ազգին. Հովհաննես Խան Մասեհեան (մաս 3)
Ռեզա Շահ Փահլավիի կարգադրությամբ
Քաղաքական, դիվանագիտական հարցերը Պարսկաստանի մեջլիսի հայ պատգամավոր Հովհ. Մասեհեանին հաճախ էին հոգնեցնում: Թեհրանում «...կեանքը... կեդրոնացած է քաղաքականութեան մէջ եւ փողի շուրջ: Ամէնից ուժեղ մտքերը այստեղ կարող են բորբոսել»: Եվ այդ բորբոսի դեմ նրան փրկում էր Շեքսպիրը և մտքերը՝ Փարիզում բնակվող զարմանահրաշ մի տիկնոջ մասին, «որ մանուշակներ շատ էր սիրում», թեև ինքը վարդ էր՝ Վարդանուշ անունով: «...շատ մենակ եմ զգում առանց անուշիկ Վավայիս: Հէնց որ գործերը վերջանում են ու մի րոպէ ժամանակ եմ գտնում շնչելու, իսկոյն մտքերս թռչում են դէպի քեզ եւ մտածում եմ թէ ինչէր կարող էինք խօսել, եւ ո՜րքան երկար, եթէ այստեղ լինէիր»: Քննարկվում էր Խան Մասեհեանին կրկին դիվանագիտական աշխատանքի ուղարկելու հարցը: Երկու տարբերակ կար՝ Վաշինգթոն կամ Լոնդոն: 1927թ. Ռեզա Շահ Փահլավիի կարգադրությամբ Հովհաննես Խան Մասեհեանը նշանակվեց Միացյալ Թագավորությունում Պարսկաստանի դեսպան: Ավելի մոտ Շեքսպիրին, ավելի մոտ Փարիզին, որտեղ իր՝ ամուրիի սերն էր:
Ընդունելություն Վինձորյան պալատում
Նշանակված էր Գեորգ 5-րդ Մեծն Բրիտանիոյ թագավորին հավատարմագրի հանձնման արարողություն օրը: Մասեհեանը՝ Հովհաննես Խան Մոսսաէդը, մտավ խոնարհության մեծ սրահը, ինչպես ինքն է նկարագրում՝ Bow-room-ը: Խոնարհվեց: 2 կողմում սենեկապետերն էին: Թագավորը մի քանի քայլ առաջ եկավ, «ձեռքս սեղմեց, և շատ համակրալից խօսքերով իր գոհունակութիւնը յայտնեց իմ դեսպան նշանակուելու մասին: Իմ մասին մանրամասն տեղեկութիւններ հարցրեց Բեռլինից հեռանալու պատճառների վրայ և այլն, յետոյ անցաւ քաղաքական խնդիրներին: ...մօտ 20 րոպէ տևեց ունկնդրութիւնս, ինչ որ մեծ շնորհ է»: Դեսպան Մասեհեանին տրամադրվեց սպասուհի, որի անունը Լիզա էր, խոհարար և 2 ծառա՝ մեկը պարսիկ: Հաճախ այցելում էր քույրը և ոչ պակաս հաճախ՝ անդիմադրելի Վավան: Լոնդոն գալու պատրվակ դժվար չէր գտնել կամ հորինել: Մեկ՝ ամուսնու՝ ճանաչված նկարիչ Սարգիս Խաչատուրեանի ցուցահանդեսը կազմակերպելու, մերթ նորաձևության՝ «մօդի atelier» բացելու, մերթ ձայնը մշակելու... բայց բուն նպատակով՝ Հովհաննես Խան Մասեհեանին հանդիպելու, որին կոչում էր, «անուշիկ պապաս», նկատի ունենալով նրա հոգատարությունը, նյութական աջակցությունը և գուցե նաև տարիքային տարբերությունը...

Լոնդոն, 1927 թ․
«Արդեօ՞ք հագուստներդ սկսել ես շինել տալ»,- հետաքրքրվում էր Վարդանուշից: Ուզում էր, որ նա ունենա այն, ինչ սիրտն է ուզում, հոգս չունենա, միայն ակնարկի ցանկության մասին: Մասեհեանը նրբաճաշակ էր ամեն առումով, նաև՝ իր հագուկապի և տան արդուզարդի հարցում: Եվ որպես կանոն, լավագույնը փնտրում էր Փարիզում: Այս հարցում իրեն օգնում էր «պաշտելի Վավա»-ն: Հովհաննեսը ուղարկում էր դրամը և խնդրում Վարդանուշին, ասենք, Լուվր խանութից գնել աղցանի «սէրվիս»ի պակասող կտորները: Հախճապակու նկատմամբ երբեք էլ անտարբեր չէր եղել: Ասում են ուներ չինական հրաշալի հավաքածու: Իսկ իր վերնաշապիկները... շատ բծախնդրորեն էր մոտենում: Սովորաբար դրանց համար կերպաս գնում էր Փարիզի Օպերային թատրոնի մոտակայքում գտնվող “Maison de Blanc”-ից: Կամ էլ Լոնդոնից գնված վերնաշապկացուն կարելչեքի հետ ուղարկում էր Փարիզ՝ Վավային, որ այնտեղ դերձակին տանի:
Վավան
Քանի-քանիսն «ընկան» սիրահարի «մահով» Վավայի կանացիությունից: Քանիսը նրա մեղմ, հաճելի ձայնից կորցրին գլուխները: «Պաշտելի Վավաս, ....ձայնդ ականջիս էր, մեղմ և անո՜ւշ ձայնդ...»: Բացի արտաքին անհաղթահարելի հրապույրներից, Վարդանուշ Սարեանը գիտեր նաև տղամարդկանց հետ շփման և նրանց «առումի» մարտավարական բոլոր հնարքները: Եվ դրանցում մարմնական տկարություններն ուռճացնելը մեծ տեղ ուներ: Հովհաննեսը, երբ լսում էր Վավայի հոգնության, ռևմատիզմի, կամ սակավարյունության մասին, կորցնում էր իրեն: Երանի Թիֆլիսի բաղնիքներից լինեին, որ լավ են ռևմատիզմի համար: Խնդրեմ, հիմա էլ Փարիզում համաճարակ է: Հանկարծ Վավան չվարակվի: Վավան պետք է իրեն հանգիստ պահի, չհոգնի: Ուրեմն՝ Վավային աղախին է պետք, որ հոգ տանի իր մասին: «Անուշիկս, քեզ ուղարկեցի ...800 ֆրանկ, որից 300-ը “femme de menage”ի (սպասուհի) համար և մնացորդ 500-ով խնդրում եմ մի փոքրիկ բան առնես քեզ համար, քո ճաշակով, իբրև չնչին մի յիշատակ քո տարեդարձի առիթով:...Գրի ինձ թէ ինչ ես առել»:
Ոչ կրակ կայ, ոչ ծաղիկ, և ոչ the sweet Rose
Ամեն անգամ, երբ Վավան ցանկություն էր հայտնում Լոնդոն գալու, Հովհաննեսը նրան նախ ուղարկում էր ճանապարհածախսը, հետո վարձում էր սենյակ իր տանը մոտ գտնվող պանդոկում և հավաստիացնում որ՝ «Աւելորդ է ասել, որ այստեղ մի սանթիմի ծախք չես ունենայ, անուշիկս...»: Միայն խնդրում էր Վավային, որ իրենց ընդհանուր ծանոթներից գաղտնի պահի իր այցը: «...Գլխաւոր խնդիրն այն է, որ դու ցանկանում ես ինձ մօտ լինել, մնացածը երկրորդական է»: Երբ մեկնում էր, դատարկվում էր տունը: Այն սենյակը, որտեղ նստում էին դեմ դիմաց, թեյ խմում և զմայլվում մեկը մյուսով, կորցնում էր հմայքը: «Ոչ կրակ կայ, ոչ ծաղիկ, և ոչ the sweet Rose (անուշիկ Ռոզը): «Արդարացի կը լինէր որ մարդ ծերանալիս զգացումներն էլ հետը բթանային և վառ զգացումներ այլևս չունենար. Բայց երբեմն այդպես չի լինում»,- մտածում էր Հովհ. Խան Մասեհեանը 32 տարով երիտասարդ կնոջ նկատմամբ իր սիրո մասին:
Ճապոնիայում Պարսկաստանի առաջին դեսպանը՝ Հ.Խ. Մ.
Լոնդոնի օդից էր, թե ինչ, անընդհատ հարբուխ էր: Այսպես՝ այս խոնավ երկրում մնաց մինչև 1929 թվականը: Նույն այդ թվականին Պարսկաստանը, առաջին անգամ լինելով, Ճապոնիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու ճանապարհին էր: Եվ մեծ հարց էր, թե ով էր լինելու առաջին դեսպանը: Միակ դիվանագետը, ըստ Ռեզա Շահ Փահլավիի, որ կհամապատասխեր այդ պաշտոնին, Հովհաննես Խան Մասեհեանն էր: Մի մասնագետ, որ երբեք թարգմանչի օգնությանը չդիմեց իր առաքելությունների ժամանակ, որ, իբրև դիվանագետ, երբեք չստեց, չշողոքորթեց, չկեղծեց՝ այդպես կոտրելով այս մասնագիտության մասին բոլոր կարծրատիպերը:1929-ին, չհասցնելով տնօրինել Լոնդոնում իր ունեցվածքը, հատկապես հսկայական գրադարանը, որ այդպես էլ, ասում են, կորավ, նավով մեկնեց Ամերիկա, այնտեղից իր պաշտոնավարման հաջորդ կղզին հասնելու համար: Մինչդեռ երազում էր հանգստի մասին: «Դժբախտաբար մի ամբողջ կեանք իմ կառավարութեան ծառայութեանը նւիրելուց յետոյ՝ տակաւին ստիպված եմ աշխատել»: Նյու Յորքը շատ տհաճ տպավորություն գործեց Մասեհեանի վրա: Հատկապես երկնաքերերը՝ «...Ինչպե՞ս կարող է 77 յարկ ունէցող մի տուն գեղեցիկ լինել...»: Դեռ մի բան էլ պատրաստվում էին 100 հարկանի մի շենք «տնկել» քաղաքում «...զարհուրելի անգեղարուեստական քաղաք է. անճաշակութեան գագաթնակետը...»՝ նամակով բողոքեց Վավային և նրա ամուսնուն՝ Սարգիսին: Քաղաքի աղմուկը, շտապող մարդիկ այնքան տարբեր էին արևելյան հանդարտության մեջ մեծացած և եվրոպական ճաշակի մեջ ապրած մեկի համար: «...խենթութիւն է բռնել այս մարդկանց», որոնց « միտքը զբաղուած է ամէնակարող դօլարով»: Ճապոնիա ուղևորվելու համար հասավ արևմտյան ափ՝ Սան Ֆրանցիսկո: Այս երկրից միակ դրական և անջնջելի տպավորությունը Նիագարան էր: Ամերիկայից գրեց Վավային՝ փոխանցելով Բրոդվեյը և շարժանկարի աշխարհը հաստատուն քայլերով նվաճող Թիֆլիսեցի բեմադրիչ Ռուբեն Մամուլեանի և դիմանկարներ վրձնելու հրաշալի վարպետ Տիգրանակերտցի Հովսեփ Փուշմանի հասցեները: Վավան դրանք կօգտագործի լավագույնս, երբ Փարիզից տեղափոխվի Ամերիկա:
Ճոճվող գետին, անսովոր բույրեր և ժայթքող հրաբուխ
Մոտ 3400 մղոն, գրեթե կես ամիս նավի վրա: Վերջապես «կէս կենդանի կէս մեռած դրութեան մէջ հասա Եօկօհամա», Ճապոնիայի ամենամեծ նավահանգիստը: Այստեղից մոտ 22 մղոն էր մինչև Տոկիո: Իջավ “Imperial Hotel Tokyo”ում, մինչև որ կլուծվեր կեցավայրի հարցը: «..Օրը մի քանի անգամ գետինը ճօճւում է», կարծես բավական չէր Խաղաղ Օվկիանոսի վրա տարուբերվելը: Մի խոսքով, այստեղ էլ առաջին տպավորությունը վատն էր: Փակ տարածքներում ծխացող անուշաբույրերը «բաւական տհաճելի են»: Ուրեմն՝ երկրաշարժից ճոճվող երկիր, անսովոր բույրեր, և ժայթող Ասամա հրաբուխից բարձրացող ծուխ, փոշի, մոխիր...: Դժգոհ էր նաև սնունդից: Միակ բանը, որ կարողանում էր ուտել ձուկն էր, այն էլ «փչացնում են հազար տեսակ անտանելի սոուսներով»: Կարճ ժամանակ անց, Պարսկաստանի դեսպանատունը, որ կահավորվել էր անձամբ Մասեհեանի ձեռքով, այլ երկրների դեսպանատների մեջ, ճանաչվեց «...Թոքիոյի ամենէն ճաշակաւոր»ը:
Մի խոսքով, տարօրինակ այս երկրում Մասեհեանը 2 տարի լուծում էր Պարսկաստանի համար կարևոր քաղաքական և հատկապես առևտրային-տնտեսական հարցերը, կնքում պայմանագրեր երկու պետությունների միջև:
Ցտեսություն Ճապոնիա...
Այլևս դիմանալու չէր: «Իմ առողջութիւնս էլ սաստիկ վնասւում է տօթից ու անքնութիւնից. Այս պատճառով յարմար տեսայ այսօր մի հեռագիր ուղարկել Թէհրան, խնդրելով որ ինձ ծառայութիւնից արձակեն և թօշակաւոր համարեն»՝ գրեց Սարգիս և Վավա Խաչատրեաններին, 1931թ. Օգոստոսի 21 -ի նամակում: Այս որոշումը կայացնելիս՝ հաշվի էր առել նաև իր առողջությանը հետևող ճապոնացի բժշկի խոսքերը, թե՝ այս երկրում «միայն տեղացիք դարաւոր ատավիզմի շնորհիւ կարող են առողջ ապրել», և ուրեմն ճիշտ կանի, եթե հեռանա Ճապոնիայից: Պաշտոնական պարտականությունների կատարման և Ճապոնիայի անհամատեղելի կլիմայի դեմ անօգուտ պայքարների ընթացքում, դեսպան Մասեհեանը մխիթարվում էր իր ապագայով՝ վաստակած հանգիստ, մի փոքրիկ առանձնատուն Լոնդոնում, կամ, ավելի լավ է, Փարիզում ՝ մոտ իր անուշիկ Վավային՝ սիրելի աղջկան: «Ինձ թւում է թէ Եվրոպա վերադառնալս նոր կեանք պիտի տայ և մանաւանդ քո ընկերութեան մէջ...Ուրեմն ցը տեսութիւն շատ շուտով...»:
Եվ այսպես՝ 1931-ի Հոկտեմբերին Հիրոհիտո կայսրից ստացած «Սուրբ գանձ» առաջին աստիճանի շքանշանը ավելացրեց իր կուրծքը երբևէ զարդարած մյուս շքանշաններին՝ ստացված իտալական, գերմանական, ռուսաց, պարսից կառավարություններից, ինչպես տարիներ առաջ պատմել էր «Սուրհանդակ» թերթին տված հարցազրույցում, ասելով, թե «Այո՛, բաւական է որ մարդ իր պարտականութիւնը խղճամիտ կերպով կատարէ, եւ պատուանշանները ինքնին կուգան...»: Հավաքեց ունեցվածքը , նաև Կորիոլանի՝ օրեր առաջ ավարտած թարգմանությունը, որ «չորս-հինգ տարուց ի վեր անավարտ էր մնացել ...», մեծ սպասումներով ճանապարհ ընկավ դեպի Հարբին:
1931, նոյ. 19
Այստեղից նա այլևս անկարող կլինի որևէ տեղ մեկնելու: Թոքաբորբով ընկավ մի թշվառ հիվանդանոց...և վերջացավ ամեն բան: 1931 թվականի Նոյեմբեր 19-ը: Միայնակ՝ օտարության մեջ: Իր ապարծ շքեղ կյանքը , քաղաքականությամբ, հայկական հարցով, արվեստներով, Շեքսպիրով, գեղեցիկով , և դեռ լի հույսերով՝ վայրկենապես անհետացավ: Ի՞նչ կուզեր ասել հոգին ավանդելուց առաջ, ինչ զգաց իր անհեթեթ վախճանի պահին: Հիվանդանոցից լուր տվեցին պատկան մարմիններին՝ թե մահացել է Պարսկաստանի մի դեսպան՝ անձնագրով Հ.Խ Մոսսաեդ: Հարբինում Ֆրանսիայի հյուպատոսը, որը նաև Չինաստանում պարսկահպատակների հարցերի պատասխանատուն էր, կազմակերպեց Հովհաննես Մասեհեանի հուղարկավորությունը... իսլամական ծեսով, իրականում շատ լավ իմանալով , թե ով է Մոսսաեդը: Բարեբախտաբար Հարբինի հայ համայնքը, ինչ-ինչ եղանակով իմացավ եղելության մասին, անմիջապես տեղեկություն ուղարկեց Թեհրան: Նոյեմբեր 22-ին Թեհրանի «Վերածնունդ», իսկ ամսի 26-ին «Ալիք» թերթերը առաջին էջերում տպագրեցին Մասեհեանի մահվան լուրը: Իսկ դեկ. 3-ին «Ալիք»ը գրեց .«Մասեհեան, Պետրոսեան, Քաջբերունի ընտանիքները և իրենց ազգականները սրտի անհուն կսկիծով և խորին վշտով յայտնում են յարգելի հասարակութեան՝ Յովհաննէս Խան Մասեհեանի անակնկալ մահը, որ տեղի է ունեցել ամսոյս 19-ին, Խարբինում: Արտաքին գործոց նախարարութեան բարձր կարգադրութեան համաձայն՝ դիակը փոխադրուելու է Թեհրան, որից յետոյ կը կատարուի յուղարկաւորութիւնը»: Պահանջվեց արտաշիրիմում: Հարբինի հայ համայքնը բացառիկ հետևողկանություն ցուցաբերեց այս քաղաքում ֆրանսիայի հյուպատոսի անգութ և ստոր արարքի հետևանքները շտկելու համար: Կար նաև Ռեզա Շահ Փահլավիի հրահանգը՝ Մասեհեանին տուն վերադարձնելու: Արտաշիրիմումից հետո, տեղի հայկական եկեղեցում հոգեհանգստի արարողություն կատարվեց: Համայնքը հրաժեշտ տվեց այս մեծ հային՝ ճանապարհելով մի երկար, հոգնեցնող տունդարձի: 170 օր մահից հետո խեղճ Մասեհեանի մարմինը հասավ Պարսկաստան: Փեհլևի նավահանգստում նրան դիմավորեցին մեծ սգահանդեսով, հետո արդեն ցամաքով հասցրին Ռաշտ, ապա Ղազվին և վերջապես Թեհրան: «Ալիք» թերթի թղթակիցները պատմեցին, թե գավառներում ինչ հոծ բազմություն էր ամենուրեք դիմավորում և ճանապարհում Հովհաննես Խան Մասեհեանի չարչրկված դին: 1932 թվականի մարտի 31-ին հասավ Թեհրան և մեկ օր անց՝ Ապրիլի 1-ին մեծ շուքով թաղվեց Վանաք թաղի Կիլիկիոյ կաթողիկոսության հայկական Սուրբ Մինաս եկեղեցու բակում։ Ավելորդ է ասել, թե թաղման արարողությանը ներկա էին պետական, զինվորական պաշտոնյաներ, դիվանագետներ, ականավոր դեմքեր, հայ համայնքը: Բայց պարզվեց դա չէր լինելու նրա վերջին հանգրվանը: Երբ Թեհրանում 1945թ.օծվեց 20-րդ դարի առաջին հայկական նորակառույց եկեղեցին՝ Սուրբ Աստվածածինը, Հովհաննես Մասեհեանի մասունքները տեղափոխվցին այստեղ և կանգնեցվեց նրա հուշարձանը։
Հովհաննեսը իր վերջին հանգրվանը գտավ նորից այս նույն քաղաքում՝ Թեհրանում, որտեղ ծնվել էր 67 տարի առաջ, թեև երազում էր Եվրոպայի մասին: Չգիտենք, թե Վավան ինչպես իմացավ Հովհաննեսի մահը: Համենայդեպս, նրանից ստացած վերջին նվերը իր մոտ էր՝ Տոկիոյից ուղարկած կիմոնոն, նաև այն հրահանգը, թե ինչպես այդ թանկարժեք հագուստի համար քիչ մաքս վճարի: Պարզապես պետք էր ասել, որ կիմոնոն «գործածուած է»: Իր բոլոր իրերը, ձեռագրերը, նոթերը, գուցեև օրագրերը անհետացան: Ինչ եղան «Թիմոն Աթենացի» թատերգության թարգմանական ինքնագրերը, որ Հովհաննեսը հանձնել էր Փարիզում մի հրատարակչի: Մնաց միայն այն, ինչ երբևէ հրատարակվել էր: Հայաստանը գոնե դրանց տեր կանգնեց՝ վերստին լույս ընծայելով, ուսումնասիրելով, բեմ բարձրացնելով և մեծ զարգացում ապահովելով Շեքսպիրագիտությանը մեր երկրում:
Գլխավոր նկարը՝ Մասեհեանի տանը, Լոնդոն,
Լուսանկարները՝ Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի արխիվից
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել