Առողջապահության նախկին փոխնախարարի, կնոջ ու որդու գործը Հակակոռուպցիոն դատարանում է
Առողջապահության նախկին փոխնախարար Վահան Պողոսյանի, կնոջ և որդու քրեական գործը 2025թ․ դեկտեմբերի 26-ին ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան։ Փոխնախարարը մեղադրվում է պաշտոնեական դիրքի օգտագործմամբ փողերի լվացման, ծառայողական լիազորությունների չարաշահման, իսկ ընտանիքի անդամները՝ օժանդակելու համար։ Գործը մակագրվել է դատավոր Տիգրան Դավթյանին։ 2026թ․ հունվարի 9-ին նշանակվել է առաջին դատական նիստը, սակայն չի կայացել։
Մեղադրանքի համաձայն՝ Վ․ Պողոսյանը շահադիտական և անձնական դրդումներով ծառայողական լիազորություններն ու դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, օրինական գործունեության շղարշի ներքո թաքցրել և խեղաթյուրել է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքի ծագման աղբյուրը, դրա իրական բնույթը, պատկանելությունը և տնօրինման եղանակը։ Այդպիսով կատարել է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերի գումարների փոխարկում՝ փողերի լվացում:
Վահան Պողոսյանը առողջապահության փոխնախարարի պաշտոնը զբաղեցրել է 2011-2016 թվականներին։
Մեղադրանքներ են առաջադրվել նաև Վահան Պողոսյանի կնոջը՝ «Էջմիածնի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի նախկին տնօրեն Լիլիթ Գասպարյանին, որդուն՝ Էդգար Պողոսյանին։ Վերջինս 2013թ․ նոյեմբերի 19-ից մինչև 2018թ․ դեկտեմբերի 15-ը զբաղեցրել է Դիլիջանում գտնվող «Առողջ ապագա բժշկական կենտրոն» ՍՊԸ-ի գործադիր տնօրենի պաշտոնը։
Ըստ մեղադրանքների՝ Լիլիթ Գասպարյանն ու Էդգար Պողոսյանը շահադիտական դրդումներով օժանդակել են առողջապահության փոխնախարար Վահան Պողոսյանի կողմից պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելուն, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ։ Բացի այդ, անձնական այլ դրդումներով, օրինական գործունեության շղարշի ներքո թաքցրել և խեղաթյուրել են հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքի ծագման աղբյուրը, դրա իրական բնույթը, պատկանելությունը և տնօրինման եղանակը։ Կատարելով հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերի գումարների փոխարկում՝ իրականացրել են փողերի լվացում:
Մեղադրանք է առաջադրվել նաև 2011թ․ հունվարի 1-ից 2018թ․ դեկտեմբերի 15-ը Շիրակի մարզի Էնրիկո Մատտեի անվան պոլիկլինիկան ղեկավարած Գագիկ Ադամյանին։ Նա մեղադրվում է Վահան Պողոսյանին՝ պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելուն օժանդակելու համար։
Նույն արարքի համար մեղադրվում է նաև 2011թ․ հունվարի 1-ից 2013թ․ նոյեմբերի 19-ը «Առողջ ապագա բժշկական կենտրոնի» գործադիր տնօրեն Եվգենիա Հովհաննիսյանին։
Հիշեցնենք՝ «Հետքը» դեռևս 2015թ․ գրել էր, որ առողջապահության փոխնախարար Վահան Պողոսյանի ընտանիքը առողջապահական համակարգում բիզնես գործունեություն է ծավալում, սակայն չի ցանկանում հրապարակայնացնել և խոսել այդ մասին: Փոխնախարար Վահան Պողոսյանի ու այդ ժամանակ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի ընտանիքները համատեղ բիզնես ունեին: Օրինակ՝ պատրաստի դեղորայքի գնման ու վաճառքի, առողջապահական ծրագրերի իրականացման, հիվանդանոցային և արտահիվանդանոցային բժշկական օգնության կազմակերպման, բժշկական և իրավաբանական գործունեություն իրականացնող «Առողջ Ապագա Բժշկական Կենտրոն» ՍՊԸ-ի բաժնեմասը 50/50 հարաբերակցությամբ բաշխվել էր Գալուստ Սահակյանի կնոջ` Ժաննա Աղաբաբյանի ու փոխնախարարի կնոջ՝ Էջմիածնի պոլիկլինիկայի տնօրեն Լիլիթ Գասպարյանի միջև, իսկ ընկերությունը ղեկավարում է վերջինիս որդին՝ Էդգար Պողոսյանը:
«Առողջ Ապագա Բժշկական Կենտրոն» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2002թ. հունիսին: Գալուստ Սահակյանի կինն այս ընկերության բաժնետեր է դարձել ավելի ուշ` 2005-ին: Մինչ այդ Լիլիթ Գասպարյանի հետ միասին ընկերության բաժնետերեր են եղել վերջինիս ազգական Մարուշ Մելքոնյանը և փոխնախարար Պողոսյանի մորաքրոջ որդին` Վահրամ Հարությունյանը: Մինչև փոխնախարարի որդու` տնօրեն նշանակվելը Վահրամ Հարությունյանը եղել է նաև «Առողջ Ապագա Բժշկական Կենտրոն» ՍՊԸ-ի տնօրենը:
«Առողջ ապագա» բժշկական կենտրոն» ՍՊԸ-ն «Տուբերկուլյոզի բժշկական օգնության ծառայություններ» ծրագրի շրջանակներում խոշոր գումարներ ստացող բժշկական հաստատություններից էր: Տարիներ շարունակ կառավարությունն այս ընկերության նկատմամբ բավականին առատաձեռն էր գտնվել: Վահան Պողոսյանի՝ նախարարություն մուտք գործելուց հետո «Առողջ ապագա բժշկական կենտրոն» ՍՊԸ-ի գործերը լավացել էին, և տարեց տարի ավելացել էր հատկացվող ֆինանսավորումը: Եթե երաշխավորված անվճար հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման համար ընկերությանը 2009թ. հատկացվել էր մոտ 160 մլն դրամ, ապա 2015թ.-ին՝ 270 մլն դրամից ավելի:
Առողջարանային պայմաններում տուբերկուլոզի բուժման նպատակով «Առողջ ապագա» ԲԿ-ն, ըստ ներկայացրած հաշվետվության, միայն 2015թ. մոտ 279 մլն 305 հազար դրամի ծառայություններ էր մատուցել, իսկ 2016թ.՝ 273 մլն 183 հազար դրամի: Համարժեք եկամուտ ստացել էր նաև 2017թ., իսկ 2018թ. ապրիլի 30-ի դրությամբ «Առողջ ապագա» բժշկական կենտրոն» ՍՊԸ-ն արդեն 8 մլն 700 հազար դրամի ծառայություններ էր մատուցել:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել