HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մոլորեցնող և համեմատություններ ունեցող գովազդը կկարգավորվի օրենքով

էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Կառավարության հունվարի 15-ի նիստին հաստատման է ներկայացրել «Գովազդի մասին» և «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերը։ Այս օրենսդրական փոփոխություններն ուղղված են Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով (CEPA) Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարմանը։ 

Նախագծով «Գովազդի մասին» օրենքում սահմանվում են նոր հասկացություններ՝ 

  • մոլորության մեջ գցող գովազդ, սա այն գովազդն է, որը պարունակում է ոչ հավաստի, աղավաղված տեղեկատվություն, կամ երբ տեղեկատվությունը ներկայացվում է այն ձևով, որ թեև այն փաստացի ճիշտ է, սակայն որևէ կերպ, այդ թվում՝ ներկայացման եղանակով, կարող է թյուր տպավորություն ստեղծել ապրանքի արտադրությունից մինչև իրացման գործընթացների վերաբերյալ, միաժամանակ որն իր մոլորեցնող բնույթով կարող է ազդել այդ անձանց տնտեսական վարքագծի վրա կամ կարող է վնասել մրցակից տնտեսավարող սուբյեկտներին, 
  • համեմատություններ պարունակող գովազդ, սա այն գովազդն է, որն ուղղակիորեն կամ անուղղակիորեն նշում է մրցակից տնտեսավարող սուբյեկտին կամ վերջինիս կողմից առաջարկվող ապրանքները կամ ծառայությունները։ 

Ըստ նախագծի՝ մոլորեցնող գովազդի հանգամանքը որոշելիս հաշվի են առնվելու ապրանքների կամ ծառայությունների բնութագրերը՝ դրանց հասանելիությունը, կառուցվածքը, արտադրության կամ մատակարարման ձևը, ամսաթիվը, նպատակային օգտագործման համապատասխանությունը, օգտագործման եղանակները, քանակը, տեխնիկական բնութագրերը, ծագման երկիրը,  դրա օգտագործումից ակնկալվող արդյունքները կամ այդ ապրանքների կամ ծառայությունների փորձարկումների և ստուգումների արդյունքներն ու նյութական հատկանիշները, գինը կամ գնի հաշվարկման եղանակը։ Հաշվի են առնվելու նաև գովազդատուի առանձնահատկությունը, հատկանիշները և իրավունքները, ինչպիսիք են, օրինակ, նրա ինքնությունը, ակտիվները, որակավորումները և արդյունաբերական կամ մտավոր սեփականության իրավունքները կամ նրա պարգևները։ 

«Գովազդային գործունեության ընթացքում գովազդում ներկայացված տվյալների ճշգրտության ապացուցման պարտականությունը կրում է գովազդատուն»,- ասվում է նախագծում։ 

Համեմատություններ պարունակող գովազդը թույլատրվելու է հետևյալ  դեպքերում՝

  • եթե այն օբյեկտիվորեն համեմատում է միևնույն նպատակի համար նախատեսված ապրանքները կամ ծառայությունները, այդ ապրանքների և ծառայությունների մեկ կամ մի քանի էական, ստուգման ենթակա հատկանիշ և կարող է ներառել գինը, 
  • եթե այն չի վնասում կամ վարկաբեկում մրցակցի ապրանքային նշանները, ֆիրմային անվանումները, այլ տարբերակիչ նշանները, ապրանքները, ծառայությունները, բարոյական և այլ հատկանիշները, 
  • եթե ապրանքների ծագման տեղանունը նույնն է, 
  • եթե այն անբարեխիղճ կերպով չի օգտագործում մրցակցի ապրանքային նշանի, այլ տարբերակիչ նշանների համբավը, ծագման տեղանունը,  
  • եթե այն այլ գրանցված ապրանքային նշան կրող ապրանքների կամ ծառայությունների կրկնօրինակումներ կամ պատճենումներ չի պարունակում,  
  • եթե առևտրային գործունեություն իրականացնող անձանց շրջանում այն  շփոթություն չի առաջացնում գովազդատուի և դրա մրցակից տնտեսվարող սուբյեկտի միջև։ 

Առաջարկվող փոփոխությունների նպատակը սպառողներին մոլորեցնող գովազդից պաշտպանելն է։ Նախագիծը հանրային քննարկման էր ներկայացվել 2025 թվականի նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 5-ը։ Որևէ առաջարկ հանրային քննարկման արդյունքում չի ներկայացվել։ 

Օրենքի նախագծում նշված կանոնները խախտելը համարվելու է սպառողների շահերի դեմ ուղղված իրավախախտում, որի քննությունը վերապահված է Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովին։

Օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հուլիսի 1-ից։

Գլխավոր նկարում՝ Գեւորգ Պապոյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter