Դանդաղ կինոյի մարգարեն՝ Բելա Տարրը
«Ես չեմ պատմում պատմություններ, ես ցույց եմ տալիս կյանքը։ Կյանքը պատմություն չէ, այն պարզապես տեղի է ունենում։ Մենք միշտ փնտրում ենք ինչ-որ բան, բայց ի վերջո գտնում ենք միայն մահը։ Եվ դա նորմալ է, դա ցիկլի ավարտն է»,- ասում էր Բելա Տարրը՝ հեղինակային կինոյի առանցքային դեմքերից մեկը։ Նրա որոնումների ցիկլը ավարտվեց հունվարի 6-ին. Տարրը մահացավ 70 տարեկանում։
Կինոաշխարհում նա մնաց որպես «Դանդաղ կինոյի» փիլիսոփա։ Տարրի համար գլխավոր նյութը ժամանակն է։ Եթե Հոլիվուդը փորձում է «կտրատել» ժամանակը արագ մոնտաժով, Տարրը թույլ է տալիս, որ այն բնականորեն հոսի։
«Իմ ֆիլմերում ոչինչ «դանդաղ» չէ։ Դա մարդկային կյանքի բնական ռիթմն է։ Արագությունը հոլիվուդյան հորինվածք է»,- ասում էր Տարրը իր ֆիլմերը չափազանց ձգված համարող ընդդիմախոսներին։
Հունգարացի ռեժիսորի ֆիլմերը մարման, մաշվածության, անկման մասին են։ Նրա ֆիլմերում հերոսներն անընդհատ կրկնում են նույն գործողությունները՝ ուտում են, քայլում են, սպասում են՝ ցույց տալով կյանքի միապաղաղությունը, մարդու անզորությունը ճակատագրի առաջ։
2011 թ.-ին Բեռլինի կինոփառատոնում Տարրի «Թուրինյան ձին» ֆիլմը արժանացավ «Արծաթե արջ» մրցանակին։ Տարրը հայտարարեց, որ «Թուրինյան ձին» իր վերջին ֆիլմն է։
«Թուրինում 1889 թվականի հունվարի 3-ին Ֆրիդրիխ Նիցշեն դուրս է գալիս Վիա Կառլո Ալբերտո փողոցի թիվ 6 տան դռնից։ Գուցե զբոսնելու կամ փոստ գնալու համար։ Նրանից ոչ հեռու, կամ գուցե շատ հեռու, մի կառապան տանջվում է համառ ձիու հետ։ Չնայած բոլոր հորդորներին՝ ձին չի շարժվում տեղից, կառապանը՝ Ջուզեպպեն, Կառլոն, կամ գուցե Էտտորեն, կորցնում է համբերությունը և սկսում մտրակել ձիուն։
Ամրակազմ և թավ բեղերով Նիցշեն վազում է դեպի սայլը և վերջ դնում դաժան տեսարանին։ Գրկում է ձիու վիզը և սկսում է հեկեկալ։ Նրան տուն են տանում, որտեղ նա երկու օր անշարժ ու լուռ պառկելուց հետո խանգարվում է։ Նա ապրում է ևս տասը տարի հոգեբուժարանում՝ մոր և քույրերի խնամքի տակ։ Իսկ թե ինչ պատահեց ձիուն, մենք չգիտենք»,- կադրից դուրս պատմողի այս նախաբանով է սկսվում Բելա Տարրի վերջին լիամետրաժ սևուսպիտակ ֆիլմը՝ «Թուրինյան ձին»։
Նախաբանին հաջորդող առաջին կադրում ուժասպառ վիճակում քամու դեմ պայքարող ձիու ընթացքն է։ Ֆիլմի կոմպոզիտոր Միհայ Վիգի կրկնվող մոտիվը դառնում է ֆիլմի զարկերակը, որը աստիճանաբար դանդաղում է։ 146-րոպեանոց ամբողջ ֆիլմը բաղկացած է ընդամենը 30 կադրից։ Լասլո Կրասնահորկայի սցենարով նկարված Ֆիլմում գրեթե չկան երկխոսություններ, Էկրանին միայն երեք գլխավոր հերոսներ են՝ գյուղացի կառապանը, նրա դուստրը և թուրինյան ձին։ Պատկերվում է նրանց վեց օրը՝ ստեղծելով աշխարհի արարման ակնարկը, բայց հակառակ ուղղությամբ՝ կյանքը աստիճանաբար մարում է, դադարում։
«Թուրինյան ձին» Բելա Տարրի հրաժեշտի նամակն էր կինոաշխարհին։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել