Կես-կես. Իմ կյանքն առաջ եւ հետո
Ժամանակային նույն տարածքում մեզ հետ ապրում են մարդիկ, որոնք բոլորել են կյանքի 70-րդ տարին, եւ դա նշանակում է ահռելի կենսափորձ, իմաստնություն, մասնագիտական գիտելիք եւ հմտություններ։
Հայաստանում ապրող այս մարդկանց դեպքում, սակայն, այդ արժանիքը հետաքրքիր է ոչ միայն բովանդակությամբ, այլեւ ճակատագրի բերումով նրանց բաժին հասած երկփեղկվածությամբ։
Պարզ թվաբանությամբ այս մարդկանց կյանքը բաժանվում է հավասար երկու կեսի՝ 35 + 35։ Այսինքն՝ երեկ եւ այսօր, առաջ եւ հիմա, կոմունիստական եւ ժողովրդավարական, պլանային եւ շուկայական, կաշկանդված եւ ազատ, բայց եւ՝ մանուկ-երիտասարդ, հասուն-տարիքոտ։
70 տարեկան մարդիկ, որոնք հայկական «Ֆակտում» փաստագրական կենտրոնի եւ վրացական «Ռե» ստուդիայի արտադրած հաղորդումների հերոսներն են, հակադիր ժամանակների ու տագնապալի փոփոխությունների կենդանի վկաներ են եւ հաճախ ոչ միայն անձնական զգացողություններ ու տպավորություններ են փոխանցում, այլեւ ժամանակներն ու հասարակարգերը բնորոշող հուշեր, որոնք հնարավոր չէ գտնել հանրագիտարանային տեղեկատուներում։
Հաղորդումները նախագծելիս ե՛ւ հայկական «Ֆակտում»-ը, ե՛ւ վրացական «Ռե»-ն աշխատել են հասնել հնարավորինս լայն բազմազանության՝ ներգրավելով աշխարհագրական տարբեր վայրեր, մասնագիտություններ եւ, իհարկե, ձգտելով սեռային հավասարության։
Եթե հետաքրքրված եք իմանալու, թե ուր էինք երեկ եւ ուր ենք հասել այսօր, դիտեք «Կես-կես. Իմ կյանքն առաջ եւ հետո» հաղորդաշարը եւ յութուբյան կամ ֆեյսբուքյան մեկնաբանություններում կիսվեք ձեր մտորումներով, տպավորություններով՝ անշուշտ չմոռանալով ներմուծել անձնական պատմություններ։
Կես-կես. Իմ կյանքն առաջ եւ հետո
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել