HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կաթողիկոսից դէռ շատ բան կարելի է յուսալ հօգուտ ազգին. Հովհաննես Խան Մասեհեան (մաս 2)

սկիզբը

Շեքսպիր վերստեղծողը

1909-ին Հովհ. Խան Մասեհեանը արդեն 9 գործ ուներ թարգմանած Շեքսպիրից: Թիֆլիսի Հայոց հրատարակչական ընկերությունը խոստացել էր լույս ընծայել նրա բոլոր թարգմանությունները և արդյունքում ունենալ Շեքսպիրի թատերգությունների լիակատար ժողվածուն՝ բնագրից թարգմանված հայերենով: Բայց Մասեհեանին շատ տարան-բերեցին, մեկ գումար չէր ճարվում, մեկ՝ էլի ինչ-որ բան: Մի խոսքով, Շեքսպիրի պարգևած  բերկրանքը առերեսվեց նյութական խնդիրներին: «...Մասեհեանը ինձ գանգատւում էր, որ իր գրքերը հայերի մէջ գրեթէ սպառում չունեն և նոյնիսկ չեն կարդացվում... Հանցաւորը մենք  ենք, ո՛չ Շէքսպիրը և ո՛չ նրան վերստեղծողը: Հանճարները նման են ուշ տաքացնող մեծ վառարանների, բայց որ մեկ տաքացնեն, այլևս մշտական է: ...Պրոֆեսոր Նիկ. Մառը, որ գիտականօրէն գիտի հայերէնը, կարդալով Մասեհեանի թարգմանութիւնները, անվերապահ զարմանք է յայտնել, թէ Մասեհեանի շնորհիւ աշխարհաբար մանուկ հայերէնը ի՜նչ ճոխութեան ու ճկունութեան է հասել, որ անպակաս կերպով կարողացել է մի գծի վրայ հաւասար կանգնել Շէքսպիրի լեզուին՝ մի փոքրիկ, տրորուած ազգի լեզու մի մեծ, քաղաքակրթուած ազգի լեզուի ընկեր: Ի՞նչ կայ սրանից աւելի պատուաւոր մեզ համար»՝ Վենետիկում «Յովհաննէս Մասեհեան» հոդվածի էջերին գրեց Ավ. Իսահակեանը: Ժամանակին իրեն օգնած մարդը, որ  պատրաստել էր տվել այնքան անհրաժեշտ  պարսկական անձնագիր՝ Ավետիք Բայազիդ հորինված անունով՝ հնարավորություն տալով  իրեն ծպտված ապրել Եվրոպաներում և անել այն, ինչ պետք է աներ, ահա այս հայրենասեր մարդը Շեքսպիրին հայերեն էր խոսեցնում փառահեղորեն:

Թումանեանն էլ, արդեն «Համլէտ»-ի և Շեքսպիրյան գործերի մյուս  թարգմանությունները կարդացած լինելով, հպարտորեն գրեց, թե «...Եթէ մի ժողովուրդ նրան չի թարգմանում, կը նշանակի տգէտ է, եթէ չի հասկանում, կը նշանակի տհաս է. եթէ մի լեզուի վրայ չի գալիս, կը նշանակի տկար է» և որ Շեքսպիրով կարելի է ազգերի զարգացման աստիճանը որոշել: Հիմա Մասեհեանի շնորհիվ  այս 3 «տ»-երի՝ տգետ-տհաս-տկար արատավոր շղթան մեր ազգի և մեր լեզվի համար ուղղակի փշրվում է:

Բայց, արիուտես, որ ամենից գեղեցիկ թարգմանված թատերգությունը  կարող էր մի վատ բեմադրությամբ մեծ հիասթափություն առաջացնել: Թիֆլիսը միշտ հիացած էր հայ դերասանների, հատկապես հռչակավոր Պետրոս Ադամեանի շեքսպիրեան դերակատարումներով, բայց  մի օր, դա   1910-ին էր, մեծ ցասում ապրեց, երբ Արքունական թատրոնում դիտեց Ամո Խարազեանի բեմադրած «Համլէտ»ը: Թումանեանը  «Համլէտի չարչարանքների շաբաթը Թիֆլիսում» վերտառությամբ մի հոդվածում շատ տպավորիչ գրեց. «...Մի՞թէ էնքան հեռու են էդ մարդկանց ականջները բերանից, որ իրենց ասածը չեն լսում»:  Պարզապես հրաշալի է ասված: Սա ի միջի այլոց:

Մելքոմ Խան Վարդանեանից Հովհաննես Խան Մասեհեան

1912թ. աննախադեպ մի բան տեղի ունեցավ. Հովհաննես Խան Մասեհեանը Աբոլղասիմ Խան Գարագօզլուի  քարտուղարության ղեկավարն էր, երբ նշանակվեց Պարսկաստանի լիազոր դեսպան Գերմանիայում, նստավայրը՝ Բեռլին:  Քրիստոնյան՝ դեսպան: Սա այդ երկրի, վերջին շրջանում ընդունած, գլխավոր օրենքի խախտում էր, որում ամրագրված էր, թե դիվանագիտական բարձր պաշտոնները կարող են ստանալ միայն իսլամները: Թեև Պարսկաստանի արտաքին քաղաքականության պատմության մեջ անմոռանալի մեկ ուրիշ հայի անուն էլ կար. Նույնպես գրականության մեծ սիրահար, բազում լեզուների գիտակ, Նոր Ջուղայեցի՝ ակունքներով Արցախցի, Մելքոմ Խան Վարդանեանը, որին Պարսկաստանում համեմատում էին լուսավորիչ Վոլտերի և Ժան Ժակ Ռուսոյի հետ: Այս բացառիկ մարդը 1850-ականներից եղել է Պարսից դեսպանատների բարձրաստիճան պաշտոնյայից մինչև դեսպան Փարիզում, Կոստանդնուպոլսում, Լոնդոնում, Բեռլինում, եղել է Պարսից կառավարության ղեկավարի խորհրդական՝ ստանալով «Մեծ Դեսպան» և «Միրզա» տիտղոսները, նշանակվել Շահի անձնական թարգմանչից, ապա նաև՝ համհարզ: 1850-ականներին, արտգործնախարար Ֆարրուխ Խան Ամինեդովլեի խորհրդականի և թարգմանչի պաշտոնով, Վերսալում հանդիպել է Նապոլեոն 3-րդին: Հետո՝ 1854-ին, դարձել արտաքին գործոց նախարար: Տարօրինակ չէ, որ մասոնական օթյակների բավական բարձրաստիճան անդամ էր նաև: Ահա այսպիսի մի հայ տիպար է եղել ասպարեզում, երբ Հովհաննես Խան Մասեհեանը նշանակվեց Գերմանիայում Պարսից դեսպան:  

Մասեհեանը՝  Շեքսպիրյան միջազգային ակումբի անդամ

Բեռլինը ծանոթ էր Հովհաննեսին, չէ որ արդեն տարիներ առաջ նա այստեղ աշխատել էր իբրև դեսպանի իրավախորհրդատու:  Ծանոթ էր նաև  այս երկրի թանգարաններում հայկական մշակույթի նմուշներին: Նույնիսկ Արշակ Չոպանեանի համար կարողացել էր պատճենել Բեռլինի ազգային թանգարանում գտնվող հայ միջնադարյան տաղերգուների ձեռագրերը: Եվ, մինչ նա ծառայում էր Գերմանիայում, 1916-ին առիթ ունեցավ մի հաճելի առաքելությամբ Լոնդոն մեկնելու. Հրավիրված էր պաշտոնապես ելույթ ունենալու իր գրական մեծ սիրո՝ Շեքսպիրի մահվան 300-րդ տարելիցին նվիրված գրական հանդիսությանը, գուցև այցելելու Ստրատֆորդի Սուրբ Երրորդություն եկեղեցի, որտեղ մկրտվել և 52 տարի անց հուղարկավորվել էր աշխարհը գրչով նվաճած այս մարդը: Ի դեպ՝ այս հանդիսությանը խոսել է նաև Րաֆֆու որդին՝ Արամ Րաֆֆին՝ պատմելով, թե որքան վաղուց են հայերը ճանաչել Շեքսպիրին. որ նրա թատերգությունները զետեղված են անգամ 17-րդ դարավերջի հայերեն մի գրքում և այլն: Բայց Միացյալ Թագավորությունը դեռ ընդունելու էր Մասեհեանին՝ արդեն  դեսպանի կարգավիճակով: 

Սարսափելի բան է ժողվուրդի հուսախաբութիւնը

Որտեղ էլ որ Պարսկաստանի համար ծառայության անցած լիներ Հովհաննես Խան Մասեհեանը,  Հայաստանին ու հայությանն օգտակար լինելու պարտավորություն էր զգում: Օգնում էր Եվրոպայում հայ ուսանողներին՝ նրանց ապահովելով կեցության թղթերով և նյութապես: Ի վերջո, հենց Թեհրանում Ղաջարական դինաստիայի՝ հարստության, կամ դրան հաջորդող  Փահլավիների օրոք, նա հոգ էր տարել հայկական կրթական հաստատությունների պահպանման և կայացման համար: Թեհրանում հիմնադրել և խմբագրել էր առաջին տպագիր «Շավիղ» շաբաթաթերթը, շատ տարիներ անց էլ «Նոր Գաղափար»ը: «Շավիղ»ի պարագային  սերտորեն համագործակցել էր Թիֆլիսի «Մշակ» թերթի արտոնատեր Գրիգոր Արծրունու, ապա՝ Համբ. Առաքելյանի հետ: Արծրունու մահը մեծ հարված էր Մասեհեանի համար: «Երբ մեր միջից պակսէց մի այնքան ուժեղ ձեռք և մէծ հեղինակութիւն, ինչպէս էր Արծրունին, մենք բոլոր մեր ոյժերը պէտք է համախմբենք, նրա վարած գործը առաջ տանելու»: Թեհրանի դպրոցում բարեբախտաբար աշակերտների թիվն ավելանում էր Մասեհեանի շնորհիվ: Նա կարողանում էր ուսուցիչներ բերել հատկապես Թիֆլիսից, բայց կուսակցությունները իրենց խարդավանքներով, մասնավոր շահերով փչացնում էին ամեն լուսավորը: «Այժմ մէն մենակ եմ մնացել ամբողջ լեգէոնի դէմ:....աղաների, տիրացուների, ճիզուիթների և ամբողջ մի տգէտ հասարակութեան դէմ»: Մասեհեանը հույս ուներ՝ գուցե Էջմիածինը «թեկուզ մի կոնդակով, մի քիչ խելաբերէ մարդկանց»:  

170.jpg (682 KB)

Նա վստահութիւն ուներ, որ եթէ եկեղեցին և կրթական հաստատությունները միատեղ գործեն , հայությանը սպառնացող վտանգները կվերանան: «Բայց այդ ի՞նչեր են, որ հաղորդում եք Էջմիածնի մասին: Չեք կարող երևակայել, թէ նոքա ինչ ազդեցութիւն ունեցան իմ վերայ, և իմ կարծիքս, որ եթէ այս դէպքում էլ հակասութիւն ծագի և հասարակութիւնը կուսակցութիւնների բաժանուի, եթէ իր ձեռքովը պարտաւորուի կոտրատել այն, ինչ որ մինչ ցարդ պաշտել էր, յուսախաբութիւնը այնքան սաստիկ  հակայարուած կունենա, որ երևակայելը անկարելի է: Ես կարծում եմ, որ ինչ զեղծումներ որ տեղի են ունենում, առաջ են գալիս գլխաւորպէս անհոգութիւնից և մի քանի նեղմիտների լարած թակարդներից,այսպէս թէ այնպէս, պետք է հակառակութեան արմատը խեղդել: Կաթողիկոսից դէռ շատ բան կարելի է յուսալ հօգուտ ազգին և մի հակա-խրիմեանական կուսակցութիւն մի շատ վտանգաուոր բան է: Շատ բաների մասին կարելի է աչք կապել, պէտք է աչք կապել...»: Օսմանյան կայսրությունում հայության վիճակով մտահոգ էր: Բայց սահմանադրության ընդունումը նրան էլ էր խանդավառել: «Թուրքիայի վերջին դէպքերը ինձ ուրախութեամբ համակել են. Մեզ՝ հայերիս համար չերազած բախտ է: Այժմ մնում է հայերին ցոյց տալ թէ նրանք կուլտուրական ազգ են, ոչ թէ միայն ագիտատորներ, ինչպէս բոլոր Եվրոպան մեզ այժմ կարծում է: Այժմ մեզ համար բացւում է խաղաղ աշխատութեան մի նոր թուական: Կամ պէտք է յառաջադիմել, կամ ոչնչանալ: Մարդ, մարդ պէտք է պատրաստել. և այդ կարելի է միայն լուրջ կրթական ձեռնարկութիւններով»,-գրում է Համբ. Առաքելեանին և ավելացնում, թե ներփակ ուղարկում է  գերմանական “Vosisve zeuiung” լրագիրը,  միակ թերթը Բեռլինում, որ միշտ հայոց համակիր է եղել: «Տեսէք թէ ինչպէս  է դատում հայերին, և ի՛նչ գաղափար է կազմում մեր մասին Եվրոպայում...»:   

 Հայկական հարցը

Հայաստանի անկախացումից հետո Մասեհեանը կրկնապատկեց իր ջանքերը հանուն Հայաստանի Հանրապետության: Իշխանությունները նրա թեկնածությունը՝ որպես Հայաստանի Հանրապետության դեսպանի, ուղարկեցին Միացյալ Թագավորություն, բայց  Մասեհեանը agrément չստացավ: Հավանաբար պարսկահպատակ լինելու պատճառով: Նրա փոխարեն Լոնդոն մեկնեց Զորավար Հակոբ Բագրատունին: 

«14.Յունիս, 1916, Փարիզ Hotel Majestec

Առ նորին Վեհափառութիւն Գեւրոգ Ե Կաթողկոս Ամենայն Հայոց

«...Այն զարհուրելի ճգնաժամը, որի մէջ հայութիւնը տառապում է այժմ, սրբազան պարտք է դնում ամէն հայի վրայ՝ ոչ մի ջանք  չխնայել իր դժբախտ հայրենակիցների դատը պաշտպանելու, կամ նրանց վիճակը մասամբ ամոքելու համար, և ես վերջինը կը լինէի, որ մտածէի խույս տալ իմ պարտականութիւնից: Ինչպէս  նախապէս  յայտնած էի նորին վսեմութիւն Պօղոս Փաշային, այժմ էլ նորից շտապեցի յայտնել, թէ բոլոր սրտով պատրաստ եմ իմ չնչին ջանքերս կցել նրա փորձառու և եռանդուն գործունեութեան...»:

Խոսքը Պողոս Նուբարի մասին է, որ Ամենայն Հայոց կաթողիկոս Գևորգ 5-րդի կոնդակով գլխավորում էր Ազգային պատվիրակությունը և հայկական հարցի և Արևմտյան Հայաստանում  բարեփոխումներ կատարելու անհետաձգելի անհրաժեշտությունը ներկայացնում էր աշխարհի հզորներին: Սակայն Պարսից արքունիքում բարձրաստիճան պաշտոնյա լինելը կաշկանդում էր հայկական դատի՝ իր  բաց և ակնհայտ գործունեությանը: Արքունիքից քանիցս Մասեհեանը զգուշացվել էր, որ պետք է հետապնդի Պարսկաստանի շահերը և ոչ իր ազգի:  «...սակայն այս հանգամանքը արգելք չէ ինձ իմ բոլոր ջանքերով և խորհուրդներով աջակից լինել Ձեր պատուիրակին, որի գործունեութիւնը ամէն գովեստից բարձր է:» Մինչև Լոզանի կոնֆերանսը Մասեհեանը հայկական պատվիրակության կողքին էր: Ի միջի այլոց, հենց Հովհ. Մասեհեանն էր 1919-ին ներկայացնում Պարսկաստանը Փարիզի խաղաղության վեհաժողովին, երբ Վերսալյան պալատում ստորագրվեց հաշտության պայմանագիրը:

Եվ մարաջախտ Եփրեմ Խանը...

Գրեթե նույն ժամանակահատվածում, երբ Օսմանյան կայսրությունում սահմանադրական փոփոխություններ էին ընթանում, Պարսկաստանում հակաշահական, հեղափոխական տրամադրություններ էին։ Եվ այն ղեկավարում էր Խանասորի արշավանքի քաջարի հերոս, բազում լեզուների գիտակ Եփրեմ Դավթեանը՝ Եփրեմ Խանը, որին Թեհրանի ժամանակավոր կառավարությունը  սարդարի՝ մարաջախտի  ուսադիրներ շնորհեց, նշանակեց Թեհրանի ոստիկանապետ, ապա՝ Պարսից զինված ուժերի գլխավոր գերագույն հրամանատար։ Քաղաքական գետնի վրա Եփրեմ Խանը և Հովհաննես Խանը համախոհներ էին և սատարում էին միմյանց:

Անկուսակցական Մասեհեանը

Եվ այսպես՝ Պարսկաստանում տապալվել էր Ղաջարական հարստությունը և արքունի գահն անցել էր Փահլավիների դինաստիայի հիմնադիր Ռեզա Շահինն, երբ Մասեհեանը  1927 թվականին  ընտրվեց Պարսկաստանի  խորհրդարանի պատգամավոր: Իրար բզկտող կուսակցական գործիչներից հոգնած, ընտրողները համախմբվեցին անկուսակցական Մասեհեանի շուրջ: «...Ես ընտրուած եմ մէջլիսի հայ պատգամաւոր, և ստացած եմ 7383 ընտրողներից 6388 քւէ: Այս գրեթէ միաձայն ընտրութիւնը ինձ թոյլ չի տալիս մերժել այդ պաշտօնը»՝ Թեհրանից Փարիզ ուղարկած նամակներից մեկում գրեց նա:  Հետո նույն հասցեով էլի նամաներ ուղարկեց. «Ուղարկում եմ քեզ երկու աղւես, ամէնալաւը, որ կարելի է գտնել Թէհրանում. Կէս-պատրաստուած է ...եւ կարծեմ լաւ կը լինի մի քիչ աւելի սեւ ներկել տաս: Յույս ունիմ որ արդիւնքը լաւ կը լինի եւ գոհ կը լինես»: Իսկ ո՞վ էր նամակների հասցեատերը, ում համար էր աղվեսի մորթուց մուշտակը կամ օձիքը, նաև տան արդուզարդի առաքումները՝ հասցեատիրոջ փարիզյան նոր բնակարանը կահավորելու համար: Ո՞վ էր չքնաղ, սիրասուն, պաշտելի,  անուշիկ, sweet Rose-ը:

(շարունակելի)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter