HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Պաշտպանության նախարարությանը 2 ձյունագնաց մատակարարելու վեճը չի հանգուցալուծվում

Պաշտպանության նախարարությունը (ՊՆ) 2022թ․ հոկտեմբերին որոշել էր երկու ձյունագնաց ավտոմեքենա ձեռք բերել: Սակայն, նախարարությունը միակողմանի լուծել է պայմանագիրը, և վեճն արդեն 3 տարի է՝ տեղափոխվել է դատարաններ: ՊՆ-ն մատակարար ընկերությունից ու երաշխավոր բանկից գումար է պահանջում, իսկ ընկերությունը վիճարկում է նախարարության գործողությունները։

Պաշտպանության նախարարությունը 2022թ. հոկտեմբերի 31-ին «Երվադա» ՍՊԸ-ի հետ կնքել է բարձր անցողունակությամբ երկու ավտոմեքենա (ձյունագնաց) ձեռք բերելու պայմանագիր: Այդ ավտոմեքենաները պետք է մատակարարվեին ոչ ուշ, քան մինչև նույն տարվա դեկտեմբերի 10-ը: Կողմերը պայմանավորվել են ավտոմեքենաների մատակարարումը կազմակերպել մոտ 2 ամիս ուշ, սակայն 2023թ. փետրվարի 16-ին Պաշտպանության նախարարությունը միակողմանի ամբողջությամբ լուծել է պայմանագիրը, ինչից հետո կողմերի միջև սկսվել է դատական գործընթաց:

Մեքենաների ձեռքբերման մրցույթին «Երվադա» ՍՊԸ-ն հայտ է ներկայացրել՝ նախահաշվային արժեքից (430,999,584 ՀՀ դրամ) բարձր գնային առաջարկ տալով երկու ձյունագնացի համար՝ 519 մլն 600 հազ. դրամ: Որպես միակ մասնակից գնահատող հանձնաժողովի կողմից 2022թ. հոկտեմբերի 5-ին ընկերության ներկայացուցիչները հրավիրվել են գների նվազեցման նպատակով բանակցության: Սակայն, մինչ այդ, PRINOTH GMBH գործարանից ընկերությանը տեղեկացրել են, որ չեն կարողանա երկու ձյունագնացները մատակարարել 2022թ. դեկտեմբերին, կմատակարարեն մեկ ամիս անց:

«Երվադա» ՍՊԸ-ի ներկայացուցիչը ՊՆ-ում բանակցության ժամանակ հանձնաժողովի անդամներից հավելյալ ժամանակ է խնդրել, որպեսզի նախարարության պատասխանատու ստորաբաժանումների հետ համաձայնեցնի 2023թ. փետրվարին ձյունագնացների մատակարարման նպատակահարմարությունը:

Մինչև գների նվազեցման նպատակով հրավիրված հաջորդ բանակցության օրը՝ 2022թ. հոկտեմբերի 10-ը, ընկերության ներկայացուցիչները հանդիպել են Զինված ուժերի սպառազինության վարչության ղեկավար կազմից մի աշխատակցի հետ, հայտնել են, որ մինչև վերջնաժամկետը չեն հասցնի մատակարարել ձյունագնացները և հարցրել՝ արդյոք ՀՀ ԶՈՒ սպառազինության վարչությունը համաձայն կլինի, որ ընկերությունը մատակարարի վերոնշյալ ձյունագնացները 2023 թվականի փետրվարին՝ ուշացման օրերի համար պայմանագրով նախատեսված բոլոր տույժերը վճարելու պայմանով: Հայտնել են նաև, որ եթե Սպառազինության վարչությունը  փետրվարին չի ընդունելու ձյունագնացները և մինչ այդ խզելու է պայմանագիրը, ընկերությունը հրավիրված բանակցությանը չի նվազեցնի գնային առաջարկը՝ 519 մլն 600 հազ. դրամից մոտ 431 մլն դրամ, ինչի հետևանքով հանձնաժողովը չեղյալ կհամարի մրցույթը, և պայմանագիր չի կնքվի:

Ըստ «Երվադա» ՍՊԸ-ի փաստարկների՝ Սպառազինության վարչության ներկայացուցիչը հստակ ասել է, որ նշված ձյունագնացները խիստ անհրաժեշտ են Պաշտպանության նախարարությանը, որ իրենք կընդունեն նշված ավտոմեքենաները, եթե համապատասխան ստորաբաժանման գլխավոր վարչությունը դեմ չլինի: Այնուհետև բոլոր կողմերով համաձայնության են եկել՝ 2023թ. փետրվարին ձյունագնացները մատակարարելու պայմանով: Դրանից հետո գինը նվազեցվել է, և նախարարության հետ մատակարարման պայմանագիր է կնքվել: Պայմանագրի կնքումից հետո «Երվադա» ընկերությունը 2022թ. նոյեմբերի 10-ին գրություն է ուղարկել՝ շարադրելով խնդիրը:

Պայմանագիրը կնքելու օրը ընկերությունը PRINOTH GMBH գործարանին վճարել է երկու ձյունագնացների գումարը: Անընդմեջ զանգահարել են և նամակներ գրել գործարանին՝ խնդրելով արագացնել ձյունագնացների մատակարարումը: Սակայն, զարմացել են, երբ 2023թ. հունվարի վերջին տեղեկացել են, որ Պաշտպանության նախարարությունը պայմանագրի միակողմանի լուծման գործընթաց է նախաձեռնել:

Հաշվի առնելով նախարարության հետ շուրջ 15 տարվա համագործակցությունը՝ «Երվադա» ՍՊԸ-ն խնդրել է միակողմանի չլուծել պայմանագիրը և իրենց հնարավորություն տալ, համաձայն նախապես ձեռք բերված պայմանավորվածությունների, մինչև 2023թ. փետրվարի 15-ը մատակարարել ձյունագնացները: Պայմանագիրը չլուծելու դեպքում ընկերությունը պարտավորվել է, բացի պայմանագրով նախատեսված ուշացված օրերի դիմաց մոտ 10 մլն դրամ վճարելը, Պաշտպանության նախարարությանը նվիրաբերել պայմանագրի կատարման արդյունքում ակնկալվող 20 մլն  դրամ եկամուտը՝ ընդհանուր մոտ 30 մլն դրամ:

Սակայն, գնումների հրապարակային հարթակներում Պաշտպանության նախարարությունը հրապարակել է ծանուցում՝ պայմանագիրը լուծելու մասին: Դրանից հետո կողմերը միմյանց դեմ մի շարք դատական գործընթացներ են սկսել:

«ՀՀ պաշտպանության նախարարության կողմից պայմանագրի լուծման դեպքում հայցվոր ընկերությունը կսնանկանա՝ վճարելով ահռելի տույժեր չմատակարարված ապրանքի համար, որի արդյունքում կկրճատվի մեկ խոշոր հարկատու, և մոտ 50 աշխատակիցներ կմնան գործազուրկ»,- դատարանում հայտնել են «Երվադա» ՍՊԸ-ի ներկայացուցիչները:

2023թ. «Երվադա» ՍՊԸ-ն հայց է ներկայացրել Պաշտպանության նախարարության դեմ՝ պայմանագրի միակողմանի լուծումն անվավեր ճանաչելու և պայմանագրային պարտավորությունների կատարմանը պարտավորեցնելու պահանջով: «Դատալեքս» տեղեկատվական համակարգում տեղեկատվությունը փակ է, սակայն հանրայնացվել է վճռի եզրափակիչ մասը, ըստ որի՝ դատարանը, դատավոր Ռուբեն Բունիաթյանի նախագահությամբ, բավարարել է ընկերության հայցը և անվավեր ճանաչել Պաշտպանության նախարարության կողմից պայմանագրի միակողմանի լուծումը: Դատարանը նախարարությանը պարտավորեցրել է նաև ընդունել մատակարարված ապրանքը: Վճիռը բողոքարկելու վերաբերյալ տեղեկատվություն հրապարակված չէ:

«Երվադա» ՍՊԸ-ն ստեղծվել է 2002-ին։ Ընկերության հիմնադիր տնօրենը Հովհաննես Մխեյանն է:

«Դատալեքսից» տեղեկանում ենք, որ Պաշտպանության նախարարությունը 2025թ. հունիսին «Երվադա» ՍՊԸ-ի դեմ հայց է ներկայացրել՝ հօգուտ ՀՀ-ի մոտ 3 մլն 232 հազ. դրամ բռնագանձելու պահանջով` որպես պայմանագրից բխող չկատարված պարտավորություն: Մեկ այլ հայց էլ նախարարությունը 2025թ. հոկտեմբերի 31-ին է ներկայացրել՝ «Արմսվիսբանկ» ՓԲԸ-ի դեմ՝ պահանջելով հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 172 մլն 400 հազ. դրամ` որպես բանկի կողմից տրված երաշխիքի գումար: Բացի այդ, նախարարությունը պահանջում է բռնագանձել դատարան դիմելու համար վճարված պետական տուրքը՝  5 մլն 172 հազ. դրամ: Նշված երկու գործերով վերջնական դատական ակտ դեռ կայացված չէ:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter