Շոկոլադ, տորթեր, սառը ըմպելիքներ, թեյ. 2026-ից մանկապարտեզներում արգելվում են մի շարք սննդատեսակներ
Պաղպաղակ, շոկոլադ, ժելե, կարամել, թերխաշ ձու, սառը ըմպելիքներ, թեյ և մի շարք այլ սննդատեսակներ երեխաների համար այլևս հասանելի չեն լինի մանկապարտեզներում: Հայաստանում երեխաների ճարպակալման թվի մեծացման ֆոնին կառավարությունը նախադպրոցական խմբերի համար նոր սննդակարգ է սահմանել: Որոշումը ուժի մեջ է մտել 2026 թվականի հունվարի 1-ից:
Որոշմամբ սահմանվում են ինչպես ընդհանուր պահանջներ, այնպես էլ երեխաների սնուցման ռեժիմը՝ հաստատություններում գտնվելու ժամանակահատվածով պայմանավորված։
Ըստ այդ պահանջների՝ ճաշացուցակով նախատեսված սննդի օրական բաժնի մեջ ածխաջրերը պետք է կազմեն ընդհանուր էներգիայի 45-65%-ը, որից ավելացված շաքարները՝ 10%-ից ոչ ավելի, ճարպերը՝ 30-40%-ը՝ 1-ից 3 տարեկան երեխաների և 25-35%-ը՝ 3-ից 6 տարեկան երեխաների համար, որից հագեցած ճարպաթթուները՝ 10%-ից ոչ ավելի, սպիտակուցները՝ 5-20%՝ 1-ից 3 տարեկան երեխաների, 10-30%՝ 3-ից 6 տարեկանների համար: Ճաշացուցակը մանկապարտեզները պետք է կազմեն 10-12 օրվա համար:
Շուրջօրյա գործող նախադպրոցական խմբերի երեխաների համար սնունդը պետք է կազմակերպվի օրը 4-5 անգամ, իսկ սննդի ընդունման միջև ընկած ժամանակահատվածը պետք է լինի ոչ ավելին, քան 3,5-4 ժամ՝ 3-6 տարեկան երեխաների համար և 2-3 ժամ՝ 1-2 տարեկան երեխաների համար։
Նախադպրոցական խմբերի երեխաները պետք է օրական առնվազն 2 անգամ տաք ուտելիք ընդունեն: Միաժամանակ սննդընդունման ժամանակ աղը չպետք է երեխաների համար հասանելի լինի պատրաստի սննդին ավելացնելու համար, և ցանկացած համեմունք պետք է տրամադրվի սահմանափակ չափաբաժիններով:
Արգելվում են կոֆեին պարունակող ըմպելիքները, այդ թվում թեյը, կրեմային հրուշակեղենը, շոկոլադը և շոկոլադապատ արտադրանքը: Թույլատրվում են միայն մրգային հիմքով աղանդերները, որոնք պարունակում են առնվազն 50% միրգ:
Զանգվածային վարակիչ հիվանդություննից և սննդային թունավորումներից խուսափելու համար արգելվում է պարենային այնպիսի սննդամթերքի օգտագործումը, որոնց որակն ու անվտանգությունը հավաստող փաստաթղթերը բացակայում են, ջրլող թռչունների (բադի, սագի և այլն) միս, ձու, հավի ձու՝ անլվա կճեպով, թերխաշ և հում ձու, տնային պայմաններում և հաստատության խոհանոցում պատրաստված պահածոներ, կրեմային հրուշակեղեն՝ տորթեր, հրուշակներ, դոնդողածածկ խոհարարական արտադրանք (մսի և ձկան), խաշ, տնային պայմաններում և հաստատության խոհանոցում պատրաստված մսատրորվածքներ (պաշտետներ, մսի կտորների եզրերից, ստոծանուց, գլխի փափկամսից պատրաստած ռուլետներ), մակարոն աղացած մսով, սունկ և դրանից պատրաստված կերակրատեսակներ, սնկի արգանակ, երշիկեղեն, սառեցված մսամթերք և ձկնամթերք, հում ապխտած մսից պատրաստված ուտեստներ (բաստուրմա, սուջուխ և նմանատիպ այլ արտադրանք), պաղպաղակ, ժելե, կարամել, քաղցրացուցիչներ պարունակող սննդամթերք, կաթ՝ առանց եռացման, տնային պայմաններում և հաստատության խոհանոցում պատրաստված կաթնաթթվային մթերք, թթված կաթ, այդ թվում նաև կաթնաշոռի պատրաստման համար, կաթնաշոռ՝ չպաստերիզացված կաթից, տնային պայմաններում և հաստատության խոհանոցում պատրաստված կաթնաշոռ, հաստատության խոհանոցում պատրաստված սառը (առանց ջերմային մշակման) ըմպելիքներ, օշարակ, կվաս և այլն, տարբեր սննդային խտանյութեր, այդ թվում արգանակներ, և դրանց հիմքի վրա պատրաստված կերակրատեսակներ:
Զանգվածային ոչ վարակիչ հիվանդություններից խուսափելու համար արգելվում է օգտագործել տապակած կերակրատեսակներ, այդ թվում ֆրիտյուրի մեջ (ճարպով, յուղով)՝ կարկանդակներ, փքաբլիթներ, կարտոֆիլ, մսով կամ կաթնաշոռով պատրաստված բլինչիկներ, չիպս, մասամբ հիդրոգենացված ճարպ կամ յուղ, մարգարին, խոհարարական ճարպ և տրանսճարպեր, սպրեդ, քացախ, մանանեխ, ծովաբողկ գյուղական (սովորական), կծու պղպեղ և այլ կծու համեմունքներ, էներգետիկ ըմպելիքներ, գազավորված ըմպելիքներ՝ ավելացված շաքարով, գետնանուշ և ծիրանի կորիզի միջուկ, մաստակ, շաքարի և աղի բարձր պարունակությամբ սննդամթերք:
Սնունդը պատրաստելու ընթացքում բանջարեղենը պետք է կրկնակի լվանալ 5 րոպեից ոչ պակաս տևողությամբ հոսող ջրի տակ, իսկ մաքրած բանջարեղենը ջրում թույլատրված է պահել 2 ժամից ոչ ավելի: Հում կանաչին, որը ենթակա չէ թերմիկ մշակման(այսինքն եռացման), պետք է 10 րոպե պահել 3% քացախաթթվի կամ 10% աղաջրի մեջ, որից հետո պարզաջրել հոսող ջրով: Բրինձն ու մակարոնեղենը եփելու ընթացքում ջուրը պետք է առնվազն 6 անգամ ավելի շատ լինի եփվող զանգվածից, իսկ եփելուց հետո չպետք է լվանալ:
Հում բանջարեղենից պատրաստված կերակրատեսակները թույլատրվում է պահել սառնարանում 30 րոպեից ոչ ավելի՝ 4±2° C ջերմաստիճանի պայմաններում: Պատրաստի կերակրատեսակները սառելուց հետո արգելվում է կրկնակի տաքացնել: Աղցանները համեմելու համար թթվասեր և մայոնեզ չի թույլատրվում օգտագործել, իսկ կաթնաշոռը թույլատրվում է օգտագործել ջերմային մշակումից հետո՝ թխվածքաճաշերի և թխվածքների տեսքով:
Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա մանկապարտեզի խոհարարը յուրաքանչյուր պատրաստի կերակրատեսակից կատարում է նմուշառում: Ամեն օր, աշխատանքները սկսելուց առաջ, բուժաշխատողի կողմից կատարվում է խոհանոցի աշխատողների ձեռքերի և մարմնի բաց հատվածների մաշկի զննում՝ թարախային վերքերի առկայության, ինչպես նաև վերին շնչուղիների կատարալ երևույթների և անգինայի նկատմամբ:
Նախադպրոցական խմբերում սննդի կազմակերպման և կիրառման պատասխանատուն մանկապարտեզի ղեկավարն է, իսկ ճաշացուցակի մշակման պատասխանատուն՝ ղեկավարը կամ իր նշանակած անձը: Սննդի կազմակերպման գործընթացը պետք է հսկի հաստատության բուժաշխատողը: Առողջ սննդի կազմակերպման և ճաշացուցակ կազմելու նոր պահանջները վերաբերում են բոլոր նախադպրոցական հաստատություններին:
Գլխավոր լուսանկարը՝ ԿԳՄՍՆ կայքից
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել