HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տուրիստական մի շարք ընկերությունների հակամրցակցային գործողությունների հետևանքով պետությանը պատճառված 53 մլն դրամը կվերադարձվի պետբյուջե

Դատախազը 2025 թվականի դեկտեմբերի 26-ին, հաստատված մեղադրական եզրակացությամբ, իրավասու դատարան է հանձնել հակամրցակցային գործունեության համար մեղադրվող տուրիստական 7 ընկերությունների տնօրենների վերաբերյալ քրեական վարույթի նյութերը: Այս մասին հաղորդում է Գլխավոր դատախազությունը։

«Քննչական կոմիտեում քննված քրեական վարույթով պարզվել է, որ Հայաստանի Հանրապետությունում տուրիստական գործունեություն ծավալող 7 ընկերությունների ղեկավարներ մտադրվել են հակամրցակցային գործունեության միջոցով շուկայից դուրս մղել տուրիստական գործունեությամբ զբաղվող մեկ այլ ընկերության: 

Մասնավորապես՝ տուրիստական գործունեություն ծավալող 7 ընկերությունների ղեկավարներ, հակամրցակցային համաձայնություն ձեռք բերելու արդյունքում, հրաժարվել են վերոնշյալ տուրիստական ընկերությանն ավիատոմսեր վաճառելուց և այդ ընկերության հետ աշխատող գործընկերների հետ համագործակցելուց: Նկարագրված հակամրցակցային գործողությունների հետևանքով՝ տվյալ ընկերությունը, գտնվելով մրցակցության սահմանափակման մեջ, հնարավորություն չի ունեցել պատշաճ իրականացնել տուրիստական գործունեություն. 130 հայ զբոսաշրջիկներին Եգիպտոսի Հուրգադա քաղաք տեղափոխելուց հետո չի կարողացել կազմակերպել նրանց վերադարձը Հայաստանի Հանրապետություն: 

Խնդրի լուծման նպատակով՝ Կառավարության 2019 թվականի հուլիսի 26-ի 933-Ն որոշմամբ՝ Եգիպտոսում գտնվող շուրջ 130 քաղաքացիների՝ Հայաստան տեղափոխման ծառայությունների իրականացման համար Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը հատկացվել է 47 միլիոն 198 հազար դրամ, իսկ 2019 թվականի օգոստոսի 1-ի 983-Ն որոշմամբ՝ նույն նպատակի համար Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը հատկացվել է 5 միլիոն 838 հազար դրամ:

Դատախազը 2025 թվականի դեկտեմբերի 16-ին հանրային քրեական հետապնդումներ է հարուցել տուրիստական 7 ընկերությունների տնօրենների նկատմամբ, իսկ 2025 թվականի դեկտեմբերի 26-ին՝ քրեական վարույթի նյութերը հանձնել է իրավասու դատարան:

Միաժամանակ, Հայաստանի Հանրապետությանը պատճառված վնասը վերականգնելու նպատակով ՀՀ ֆինանսների նախարարությունը քաղաքացիական հայց է ներկայացրել դատարան: Դատարանի՝ 2025 թվականի դեկտեմբերի 25-ի վճռով՝ հօգուտ ՀՀ պետական բյուջեի կբռնագանձվի 53 միլիոն դրամ՝ որպես պարտավորության գումար»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք՝ «Հետքը» գրել էր, որ դեպքից 5 տարի անց Կառավարությունը ոչինչ չէր արել 53 մլն դրամը պետբյուջե վերադարձնելու համար։ Ավելին՝ դեպքից միայն 5 տարի անց էր Կառավարությունը տեղեկացել, որ քրեական վարույթի շրջանակում ուներ տուժողի կարգավիճակ։ Կառավարությանը և Դատախազությանն ուղղված մեր մի քանի հարցումներից հետո ի վերջո ստացել էինք պատասխաններ, որ նախապատրաստում են վնասի փոխհատուցման պահանջով հայց ներկայացնել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter