Շտապօգնության մեքենաների մասնակցությամբ գրանցված ամեն 4 վթարից 3-ի մեղավորը շտապօգնության վարորդներն են
Շտապ կանչերը հաճախ հենց շտապօգնության մեքենաների վարորդների վրա են «թանկ նստում»։ Խուսափելով խցանումներից, ճանապարհին ի հայտ եկած այլ արգելքներից՝ վարորդները ստիպված խախտում են երթևեկության կանոնները և հաճախ դառնում ճանապարհատրանսպորտային պատահարների մասնակից։
2024 թվականի նոյեմբերի 1-ից մինչև 2025 թվականի նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում Երևանում շտապօգնության մեքենաների մասնակցությամբ 213 ճանապարհատրանսպորտային պատահար է գրանցվել։
Ըստ Երևանի «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի փոխանցած տվյալների՝ պատահարների հետևանքով 1 մարդ մահացել է, 4-ը ստացել են թեթև մարմնական վնասվածքներ։

2025 թվականին արձանագրված պատահարների 73%-ի մեղավորը շտապօգնության վարորդներն են։ «Հետքի» հետ զրույցում շտապօգնության վարորդներից մեկը, որը ցանկացավ անանուն մնալ, նշեց, որ պատահարների ժամանակ հիմնականում շտապօգնության վարորդներին են մեղավոր ճանաչում։
«Ոչ մեկին չի հետաքրքրում՝ դու կանչի ես գնում, թե ուր։ Ամբողջ պատասխանատվությունը վարորդի վրա է»,-նշում է վարորդը։
«Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ն նշում է, որ շտապօգնության մեքենաները հատուկ առավելություններից կարող են օգտվել միայն այն դեպքերում, երբ իրականացվում է անհետաձգելի ծառայողական առաջադրանք՝ կապված բուժառուի կյանքին ակնհայտ սպառնացող վտանգի կամ անհապաղ բժշկական միջամտություն պահանջող վիճակի հետ։ Ընկերությունը ընդգծում է` առկա վիճակագրությունը ցույց է տալիս, որ շտապօգնության ավտոմեքենաները ճանապարհատրանսպորտային պատահարներում առավել հաճախ ներգրավվում են հենց այդպիսի ռեժիմով երթևեկելիս, ինչի պատճառով կարևոր է, որ վարորդները խստորեն պահպանեն հատուկ առավելություններից օգտվելու սահմանված կանոնները և խախտումներ թույլ չտան։

Շտապօգնության վարորդը հաստատում է նաև պաշտոնական տվյալները, ըստ որոնց՝ եթե վթարի մեղավորը շտապօգնության վարորդն է, վերանորոգման ծախսը հոգում է հենց ինքը։ Իսկ մյուս պատահարների դեպքում, երբ վարորդներն անմեղ են կամ առկա է մասնակի մեղավորություն, վնասի փոխհատուցումն իրականացնում են ապահովագրական ընկերությունները։ Մեկ տարվա ընթացքում «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ն ապահովագրական ընկերություններից ստացել է 15.1 մլն դրամ վնասի փոխհատուցում։

Երևանի «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի փոխանցմամբ՝ ծառայության ավտոմեքենաները ներկայում «ԿԱՍԿՈ» ապահովագրություն չունեն։ Նրանց պարզաբանմամբ՝ շտապօգնության ծառայության գործունեության բնույթը ավտոմեքենաների ապահովագրությունը դարձնում է բարձր ռիսկային, ինչի հետևանքով ապահովագրական առաջարկները թանկ են։ Ընկերությունը նշում է, որ նախկինում փորձ է արվել «ԿԱՍԿՈ» ապահովագրություն ձեռք բերելու նպատակով հայտարարել գնման ընթացակարգ, սակայն որևէ ապահովագրական ընկերություն դրան չի մասնակցել։ Այդուհանդերձ, ընկերության փոխանցմամբ՝ հարցը շարունակում է մնալ օրակարգում, և նախատեսվում է, որ առնվազն «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի կողմից ձեռք բերվող նոր ավտոմեքենաները պետք է ունենան «ԿԱՍԿՈ» ապահովագրություն։
Մյուս կողմից՝ «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ում ընդունված մոտեցումն այն է, որ խախտում թույլ տված վարորդները պետք է կրեն որոշակի նյութական պատասխանատվություն՝ վարորդների զգոնությունն ու պատասխանատու մոտեցումը ապահովելու նպատակով։ Ընկերությունն ընդգծում է, որ աշխատողի մեղքով գործատուին պատճառված վնասը ենթակա է հատուցման, և պատասխանատվության հիմքերը սահմանված են ՀՀ քաղաքացիական օրենսգրքով, ՀՀ աշխատանքային օրենսգրքով, ինչպես նաև աշխատանքային պայմանագրով։
Իսկ շտապօգնության վարորդները այլ կարծիքի են, մեր զրուցակցի համոզմամբ՝ նման պայմանները չեն կարող չազդել աշխատանքի որակի վրա։ Ֆինանսական պատասխանատվության ամբողջական բեռը վարորդի վրա դնելը կարող է հակասել շտապօգնության ծառայության բուն նպատակին՝ արագ հասնել հիվանդին։
«Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ում հակադարձում են՝ նշելով, որ ծառայությունը պարտավոր է կանչերը սպասարկել սահմանված ժամկետներում։
«Անհիմն դանդաղ վարելը կամ տվյալ իրավիճակում անհրաժեշտ վարման ռեժիմ չընտրելը դիտարկվում է որպես անթույլատրելի վարքագիծ և գտնվում է վերահսկողության ներքո»,-նշում են ընկերությունից։
Վարորդները պարտավոր են նաև հետևել մեքենաների մաքրությանը։ Մեր զրուցակիցը նշում է, որ մեքենան կամ պետք է ինքդ լվանաս, կամ քո միջոցներով հանձնես ավտոլվացման կետ։ Վարորդի միջոցներով է վերականգնվում նաև պատահարներից դուրս ի հայտ եկած վնասը.
«Մեքենայի ամենափոքր խազն անգամ ավագ վարորդը նկարում է, ուղարկում վերադասին։ Գումարը կա՛մ տանում վճարում ես, կա՛մ աշխատավարձիցդ են պահում»,-նշում է վարորդը։
Շտապօգնության մեքենաների մասնակցությամբ մարզերում արձանագրված պատահարները հաշվառվում են Առողջապահության նախարարության «Հանրապետական շտապօգնության ծառայություն» ՓԲԸ-ի կողմից։ Ընկերության փոխանցած տվյալների համաձայն՝ 2025 թվականի 10 ամիսների ընթացքում արձանագրվել է 16 պատահար, որից 4-ի մեղավորը շտապօգնության մեքենայի վարորդներն են եղել։

2025 թվականի հոկտեմբերի 21-ին Արագածոտնի մարզում տեղի ունեցած պատահարի հետևանքով տուժել է շտապօգնության աշխատախմբի միջին բուժաշխատողը։
Վնասի փոխհատուցման համար Առողջապահության նախարարությունը ապահովագրական ընկերություններից ստացել է 3 միլիոն 641 հազար 310 դրամ:
Բացի այդ, «Հանրապետական շտապօգնության ծառայություն» ՓԲԸ-ի վարորդները, որոնք ճանաչվել են մեղավոր 4 պատահարի համար, մեքենաների վերանորոգումը կատարել են սեփական միջոցներով կամ անձամբ:
Երկու պատահարի դեպքում վերանորոգման ծախսը կազմել է 1 միլիոն 620 հազար դրամ, մի դեպքում վերանորոգումը անձամբ կատարել է վարորդը, իսկ 4-րդ պատահարում ընկերությունը ճանաչվել է համամեղավոր, վնասի 50%-ը փոխհատուցել է ապահովագրական ընկերությունը։
Ստացվում է մի կողմից՝ շտապօգնության ծառայությունը պարտավոր է արագ արձագանքել և գործել արտակարգ պայմաններում, մյուս կողմից՝ այդ նույն պայմաններում տեղի ունեցած պատահարների ֆինանսական հետևանքների հիմնական բեռը դրվում է վարորդի վրա։ Միաժամանակ տվյալները ցույց են տալիս, որ նյութական պատասխանատվությունը չի հանգեցնում պատահարների թվի նվազմանը, այլ ստեղծում է անհավասար պայմաններ հասարակական նշանակության այլ ծառայությունների՝ մասնավորապես պարեկային ծառայության և հասարակական տրանսպորտի վարորդների հետ համեմատած։
Կարդացե՛ք նաև
- Շտապօգնության մեքենաների մասնակցությամբ գրանցված ամեն 5 վթարից 4-ի մեղավորը շտապօգնության վարորդներն են
- Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
- Պարեկային ծառայության մեքենաների մասնակցությամբ ամեն 4-րդ վթարի մեղավորը պարեկն է
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել