Սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ՝ ստուգված մանկապարտեզների ճաշարանների մեծ մասում
2025 թվականի առաջին 9 ամիսներին Սննդի անվտանգության տեսչական մարմինը ստուգումներ է կատարել Հայաստանի 43 մանկապարտեզների ճաշարաններում: Այդ ճաշարանների մոտ 65 տոկոսում մի շարք սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ են արձանագրվել: 2025-ի առաջին ինը ամիսների ստուգումների արդյունքում կասեցվել է ընդամենը 2 մանկապարտեզի արտադրական գործունեություն:
2024 թվականին ՍԱՏՄ-ն ստուգել էր 57 մանկապարտեզի ճաշարան եւ խախտումներ արձանագրել 49-ում: Կասեցվել էր 8 մանկապարտեզի արտադրական գործունեությունը:

2025-ին ստուգումներ են իրականացվել 9 մարզերի և Երևանի մանկապարտեզներում: Նշված ժամանակահատվածում ՍԱՏՄ-ն ստուգումներ չի իրականացրել միայն Արմավիրի մարզում: Իսկ 2024-ին չեն ստուգվել Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերի մանկապարտեզները:
Վերջին երկու տարիներին ամենահաճախ կրկնվող խախտումը բժշկական պարբերական զննության բացակայությունն է: Հաճախակի կրկնվող խախտումներից են՝ սանիտարահիգիենիկ վատ պայմանները, անձնակազմի համար հանդերձարանի բացակայությունը, մակնշման կանոնների խախտումը, միջատազերծման և կրծողների դեմ պայքարի (դեռատիզացիա) պարբերականության խախտումը:
2025-ին իրականացված ստուգումների ընթացքում ամենաշատ խախտումները գրանցվել են Գուգարքի Երազիկ մանկապարտեզում և Երևանի թիվ 11 մանկապարտեզում:

Միակ մանկապարտեզը, որը ստուգվել է և՛ 2024, և՛ 2025 թվականներին, Կոտայքի մարզի Ակունք գյուղի մանկապարտեզն է, որտեղ երկու ստուգումների ժամանակ էլ գրանցվել են խախտումներ: 2024 թվականին ճաշարանում հայտնաբերվել է ժամկետանց սնունդ, իսկ 2025-ին՝ աշխատակիցների բուժզննման պարբերականության խախտում և վնասատուների դեմ պայքարի բացակայություն:
Բոլոր այն տնօրենները կամ այլ պատասխանատու անձինք, որոնց ղեկավարած մանկապարտեզներում 2024 և 2025 թվականներին խախտում է արձանագրվել, վարչական պատասխանատվության են ենթարկվել՝ տուգանք:
Հ.Գ. ԿԳՄՍ նախարարության տվյալներով՝ Հայաստանի Հանրապետությունում գործում է 1284 նախադպրոցական հաստատություն:
Գլխավոր լուսանկարը՝ ԿԳՄՍՆ կայքից
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել