ԶՊՄԿ-ի կողմից իրականացվող անտառվերականգնման աշխատանքների մասով քրեական վարույթ է նախաձեռնվել
«Հետքն» իր ընթերցողներից մեկից տեղեկացել էր, որ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն (ԶՊՄԿ) նախատեսել է անտառվերականգնման աշխատանքներ իրականացնել Կապան քաղաքի շուկայի մոտ գտվող սարալանջի վրա: Միաժամանակ Քննչական կոմիտեն մեզ հայտնել է, որ քրեական վարույթ է նախաձեռնվել ապօրինի ձեռնարկատիրության եւ հող փչացնելու հոդվածներով:
ԶՊՄԿ-ի գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիին հարցում էինք ուղարկել՝ հետաքրքրվելով, թե կոմբինատն ինչ աշխատանքներ է կատարել շուկայի հարեւանությամբ: Ընկերության լրատվության եւ հասարակության հետ կապերի բաժնից արձագանքել են, որ Կապան համայնքի վարչական տարածքում ԶՊՄԿ-ն իրականացնում է անտառապատման եւ անտառվերականգնման աշխատանքներ՝ որպես ընկերության կողմից ստանձնված բնապահպանական եւ փոխհատուցման պարտավորությունների կատարման մաս։
«Ընկերությունն իրականացնում է նշված ծրագիրը՝ 2016 թվականին գերակա հանրային շահ ճանաչմամբ, ԶՊՄԿ արտադրական կարիքների նպատակով անտառային հողերի նպատակային նշանակության (կատեգորիայի) փոփոխության արդյունքում առաջացած փոխհատուցման պարտավորությունների շրջանակում (գործընթացն իրականացվել է նախագծային լուծումներով եւ օրենքով սահմանված կարգով),- հայտնել են կոմբինատի լրատվականից ու հավելել,- ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան, մասնավորապես՝ ՀՀ Անտառային օրենսգրքի եւ ՀՀ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» օրենքի համաձայն՝ նման դեպքերում տնտեսվարող սուբյեկտը պարտավոր է իրականացնել համապատասխան փոխհատուցման միջոցառումներ՝ ուղղված կորցրած անտառածածկույթի վերականգնմանը»։
Նկատելով, որ անտառապատման եւ անտառվերականգնման աշխատանքները համարվում են շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության ենթակա գործունեություն՝ ԶՊՄԿ-ի լրատվականից հայտնել են, որ 2020-2021 թթ. օրենքով սահմանված հանրային լսումների ժամանակ Կապան համայնքի կողմից առաջարկ եւ պահանջ է ներկայացվել, որպեսզի անտառապատման աշխատանքների իրականացման գործընթացում ներառվեն նաեւ Կապան քաղաքի տարածքում գտնվող երկու տեղամասեր: Դրանք, ըստ ԶՊՄԿ-ի, դեռեւս խորհրդային ժամանակաշրջանից մնացած որոնողահետախուզական աշխատանքների հետեւանքով ձեւավորված օքսիդացված ապարների կուտակումներ էին։ Ապարակույտերը գտնվում են Կապան քաղաքի շուկայի հարակից հատվածում (տես ստորեւ), ինչպես նաեւ քաղաքի բնակելի շենքերի անմիջական հարեւանությամբ։
«Հայտնի է, որ նման բնույթի սուլֆիդային եւ օքսիդացված մակաբացման ապարները, կառավարման եւ վերականգնման միջոցառումների բացակայության պայմաններում, ունեն թթվային դրենաժի առաջացման պոտենցիալ եւ կարող են երկարաժամկետ հեռանկարում բացասական ազդեցություն ունենալ շրջակա միջավայրի, մակերեւութային եւ ստորերկրյա ջրերի, ինչպես նաեւ քաղաքային էկոհամակարգի վրա»,- ասվում է ԶՊՄԿ-ի գրավոր պատասխանում:
Կոմբինատից նաեւ հայտնել են, որ իրենց մասնագետների կողմից մշակվել է Կապան քաղաքի նշված տարածքների վերականգման ծրագիր, որի նպատակն է միաժամանակ ապահովել օքսիդացված ապարների կողմից առաջացող ռիսկերի նվազեցումը, դրանց փուլային հեռացումն ու տարածքի ռելիեֆի ձեւավորումը, ինչպես նաեւ հետագա կանաչապատումն ու լանդշաֆտային վերականգնումը:
«Քանի որ խորհրդային տարիների որոնողահետախուզական աշխատանքների վերաբերյալ պահպանված արխիվային տեղեկատվությունը չի պարունակում տվյալներ օքսիդացված ապարների ճշգրիտ ծավալների եւ տարածման վերաբերյալ, որոշում է կայացվել աշխատանքներն իրականացնել փուլային եւ աստիճանական եղանակով՝ մշտադիտարկման եւ վերահսկողության ներքո,- «Հետքին» փոխանցել են ԶՊՄԿ-ից ու ավելացրել,- 2024 թ. ընթացքում իրականացվել են հողային աշխատանքներ՝ օքսիդացված ապարների աստիճանական հեռացմամբ եւ տարածքի ռելիեֆի ձեւավորմամբ։ Արդյունքում ձեւավորվել է աստիճանային հարթակ, որը, ծրագրի համաձայն, նախատեսվում է համալրել տվյալ տարածքի կլիմայական, հողային եւ ռելիեֆային պայմաններին համապատասխան ծառատեսակներով եւ թփերով՝ տարածքին հաղորդելով կայուն եւ անվտանգ կանաչապատ տեսք։
Ըստ ԶՊՄԿ-ի՝ հողային աշխատանքները կատարվել են մոտ 70 տոկոսով: Աշխատանքների վերջնական փուլը նախատեսվում է իրականացնել լիազոր մարմինների հետ լրացուցիչ հստակեցումներ եւ համաձայնեցումներ կատարելուց հետո: Ընկերության հավաստիացմամբ՝ աշխատանքների ամբողջ ընթացքը կազմակերպվում եւ իրականացվում է՝ ապահովելով ինչպես տեխնիկական անվտանգության, այնպես էլ բնապահպանական պահանջների լիարժեք կատարում՝ ՀՀ գործող օրենսդրության եւ պետական փորձաքննության դրական եզրակացությամբ սահմանված պայմանների շրջանակում:
Այդուհանդերձ, Քննչական կոմիտեից «Հետքը» տեղեկացել է, որ քրեական վարույթ է նախաձեռնել ԶՊՄԿ-ի կողմից իրականացվող անտառվերականգնման աշխատանքների առնչությամբ: Կատարվում է նախաքննություն: Ընդ որում՝ ՔԿ-ից «Հետքին» փոխանցել են, որ դեպքը եղել է Կապան համայնքում, սակայն հստակ տեղանքը չեն նշել:
Քրեական վարույթը նախաձեռնվել է Քրեական օրենսգրքի երկու հոդվածի հատկանիշներով: Առաջինն ապօրինի ձեռնարկատիրական գործունեությունն է, երկրորդը՝ հողը փչացնելը:
ԶՊՄԿ-ից չեն արձանագանքել մեր հարցին, թե ինչ քրեական վարույթ է նախաձեռնվել կոմբինատի կողմից իրականացվող անտառվերականգման աշխատանքների առնչությամբ: Սակայն Քննչական կոմիտեի մատնանշած քրեական հոդվածները որոշակի պատկերացում են տալիս, թե, ըստ ՔԿ-ի, ինչ է տեղի ունեցել:
Այսպիսով՝ ՔՕ 281-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ առանց պետական հաշվառման կամ գրանցման ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելը կամ առանց հատուկ թույլտվության կամ առանց լիցենզիայի լիցենզավորման ենթակա կամ առանց ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունք ձեռք բերելու ծանուցման ենթակա կամ օրենքով արգելված ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելը կամ առանց թույլտվության ընդերքը կամ բնական պաշարներն օգտագործելը, որը խոշոր չափերի գույքային վնաս է պատճառել անձի կամ կազմակերպության իրավունքներին, ազատություններին կամ օրինական շահերին կամ հասարակության կամ պետության օրինական շահերին, պատժվում է տուգանքով՝ 10-30-ապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ 100-200 ժամ տեւողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը 3 տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը 2 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 3 տարի ժամկետով:
Իսկ ահա 381-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հողը փչացնելը՝ հողը հանելու, տեղափոխելու, պահպանելու կամ օգտագործելու կանոնը խախտելով կամ այլ եղանակով հողն աղտոտելը, թունավորելը կամ այլ կերպ փչացնելը, որը խոշոր չափերի գույքային կամ այլ էական վնաս է պատճառել կենդանական կամ բուսական աշխարհին կամ դրանց պաշարներին, հողին կամ ջրերին կամ առաջացրել է այլ ծանր հետեւանք, պատժվում է տուգանքով՝ 20-40-ապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ 150-250 ժամ տեւողությամբ, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ 1-2 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 4 տարի ժամկետով:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել