Պայմանագիրը լուծվել է, բայց վեճը՝ ոչ. «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ-ն դատական կարգով պետությունից գումարներ է պահանջում
Արդեն 3 տարի է «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ-ն դատարանով պահանջում է, որպեսզի Ներքին գործերի նախարարությունը վճարի մոտ 345 մլն 556 հազ. դրամ՝ կատարած ծառայությունների համար: Սակայն դատարանը մերժել է ընկերության հայցը՝ գտնելով, որ պայմանագրի լուծմամբ դադարել են նաև պետության վճարային պարտավորությունները։ Ընկերությունը բողոքարկել է դատարանի վճիռը, սակայն այստեղ էլ պետտուքր գումարը չի կարողանում վճարել և բողոքը վարույթ չի ընդունվում:
Հայաստանի Հանրապետության (ի դեմս՝ Ոստիկանության) և «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ-ի միջև 2017թ. փետրվարի 15-ին կնքվել է «Գույքի հավատարմագրային կառավարման» պայմանագիր:
Պայմանագրի համաձայն` հավատարմագրային կառավարիչ «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ-ն իրավունք ունի ճանապարհային երթևեկության կանոնների պահպանման նկատմամբ տեխնիկական վերահսկողության համակարգերի միջոցով հայտնաբերված իրավախախտումների համար նշանակված տուգանքների փաստացի գանձումների գումարներից ստանալ վարձատրություն, ինչպես նաև ծախսերի հատուցում:
2022թ. հուլիսի 22-ին Ոստիկանության պետի տեղակալ Վ. Մովսիսյանը գրությամբ «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ-ին ներկայացրել է պայմանագրից հրաժարվելու հիմքով այն դադարեցնելու մասին ծանուցում: Ըստ այդ ծանուցման՝ պայմանագիրը դադարեցվելու է ծանուցումը ստանալուց 90-օրյա ժամկետը լրանալուն պես, այն է` հոկտեմբերի 20-ին: «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ-ն առարկել է, սակայն պայմանագիրը լուծվել է:
Ընկերությունն առաջարկել է Հայաստանի Հանրապետությանը վարել առանձին հաշվառում այն որոշումների կապակցությամբ, որոնց դիմաց 2022թ. հոկտեմբերի 20-ի դրությամբ ՃԵԿ խախտումների դիմաց փաստացի գանձումներ դեռ չեն կատարվել, ապա կատարվող փաստացի գանձումներից վճարել «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ-ին՝ որպես փաստացի մատուցված ծառայության դիմաց վարձատրություն: Սակայն Ճանապարհային ոստիկանության պետը գրավոր հայտնել է, որ կողմը հնարավոր չի համարում առաջարկությունը բավարարել, ինչը նշանակում է, որ խնդրի շուրջ բանակցային համաձայնություն ձեռք բերելու հնարավորություն այլևս չկա:
Ընկերությունը սպառված համարելով վեճերը բանակցությունների միջոցով լուծելու հնարավորությունը, 2022թ. նոյեմբերին հայց է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան: Պահանջվող գումարի չափը կազմել է մոտ 345 մլն 556 հազ. դրամ:
Հիմնավորումն այն է, որ պետական մարմինը հրաժարվում է կատարել փաստացի ստացած ծառայության դիմաց վճարելու իր պարտավորությունը: Հետևաբար՝ դատարանին խնդրել է հարկադրել, որպեսզի այդ եղանակով կատարի պայմանագրով ստանձնած պարտավորությունները: Մինչդեռ Ներքին գործերի նախարարությունն առարկել է, ըստ որի՝ ընկերությանը կարող է վճարվել բացառապես պայմանագրային պարտավորությունների առկայության և դրանք փաստացի կատարելու համար, իսկ դրա դիմաց վճարման համար հիմք են միայն տեխնիկական վերահսկողության համակարգերի միջոցով հայտնաբերված իրավախախտումների համար նշանակված տուգանքների փաստացի գանձումները: Մինչդեռ ընկերությունը պահանջում է նաև վարձատրություն կազմված տուգանք նշանակելու մասին որոշումների նախագծերի համար:
2015թ. մինչև 2022թ. հոկտեմբերի 20-ը ներկայացված նախագծերի հիման վրա կայացվել է վարչական տույժ նշանակելու վերաբերյալ 11 մլն 931 հազ. 121 որոշում: 2018թ. հունվարի 1-ից մինչև 2022թ. հոկտեմբերի 20-ը ժամանակահատվածում ՃԵԿ խախտումների փաստերով «Սեքյուրիթի դրիմ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված տուգանք նշանակելու վերաբերյալ որոշումների նախագծերի հիման վրա կայացված և դեռ կատարման ենթակա են 1 մլն 40 հազ. 438 վարչական ակտ: Վճարման ենթակա գումարը կազմել է մոտ 8 մլրդ 461 մլն դրամ:
Դատական գործի քննության ընթացքում պարզվել է, որ մինչև 2020թ. սպասարկող վարչական ակտերի հաշվառման համակարգը գտնվում է ոչ բարվոք վիճակում, ուստի տվյալ մասով ներկայացված տեղեկատվությունը ոչ լիարժեք է:
Ներքին գործերի նախարարության առարկության համաձայն՝ ընկերությունը չի կարող ակնկալել վարձատրություն, քանի որ միայն տեխնիկական վերահսկողության համակարգերի միջոցով հայտնաբերված իրավախախտումների համար նշանակված տուգանքների փաստացի գանձումների գումարը բավարար չէ վարձատրելու համար: Այդ գումարից պետք է հանվի նաև հավատարմագրային կառավարման հանձնված համակարգերի կառավարման, շահագործման և տեխնիկական սպասարկման նպատակով փաստացի կատարված ծախսերի չափը և նոր դրա 10 տոկոսի չափով կատարվի վճարում, որը իր մեջ պետք է ներառի նաև հարկերը, տուրքերը և պարտադիր այլ վճարները։
ՆԳՆ-ն դատարանում պնդել է, որ պետական մարմինը կատարել է պայմանագրով նախատեսված բոլոր վճարումները: Մասնավորապես, ընկերությունը 2022թ. նոյեմբերին Ճանապարհային ոստիկանության պետին է ներկայացրել 2022թ. հոկտեմբեր ամսվա վճարահաշվարկային փաստաթղթերը՝ հաստատման և փոխանցման համար: 2022թ. հոկտեմբերի 1-19-ն ընկած ժամանակահատվածի հատուցման ենթակա ծախսերի գումարը կազմել է մոտ 198 մլն դրամ, ինչը վճարվել է:
Դատարանը մերժել է «Սեքյուրիթի դրիմ» ՍՊԸ-ի հայցն այն հիմնավորմամբ, որ կողմերի միջև կնքված գույքի հավատարմագրային կառավարման պայմանագիրը լուծվել է 2022թ. հոկտեմբերի 20-ին և պայմանագրի լուծմամբ կողմերի պարտավորությունները դադարել են: Դատարանի գնահատմամբ, դադարել է ոչ միայն պայմանագրով սահմանված՝ գույքի հավատարմագրային կառավարման հետ կապված պարտավորությունները, այլև պայմանագրով նախատեսված՝ գույքի հավատարմագրային կառավարման դիմաց ընկերությանը վարձատրելու պարտավորությունները:
Ընկերության վրա դրվել է նաև պետական տուրքի վճարման պարտավորություն՝ մոտ 10 մլն 367 հազ. դրամի չափով:
«Սեքյուրիթի դրիմ» ՍՊԸ-ն ներկայացրել է վերաքննիչ բողոք՝ միջնորդելով կիրառել արտոնություն և ազատել պետական տուրքի վճարումից: Դատարանի պատճառաբանությամբ՝ միջնորդությանը կից ներկայացված ապացույցները բավարար չեն Վերաքննիչ դատարանի համար գալու այն եզրահանգման, որ անհրաժեշտ է կիրառել պետական տուրքի վճարումից ազատվելու մասին արտոնությունը, հետևաբար՝ քննարկվող միջնորդությունը ենթակա է մերժման: Վերադարձվել է նաև վերաքննիչ բողոքը:
«Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ-ն 2025թ.դեկտեմբերի 8-ին ներկայացրել է Վճռաբեկ բողոք: Վարույթ ընդունելու վերաբերյալ որոշում դեռ կայացված չէ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել