HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Բենզինի շուկայի խոշոր խաղացողները. որքան վառելիք է մտնում Հայաստան և որտեղից

Հայաստան ներմուծված ադրբեջանական բենզինը քննարկման մեծ առիթ դարձավ։ 

Դեկտեմբերի 24-ին, հայտնի դարձավ, որ բացի Ran Oil (Ռան Օիլ)-ից («Մեգա Թրեյդ» ՍՊԸ), Հայաստան բենզին է ներմուծել ևս մեկ ընկերություն՝ «Շիշա ուորլդ» ՍՊԸ-ն։ 

Ինչպես գրել ենք, ընկերությունը մինչ այդ բենզին չի ներմուծել։ «Շիշա ուորլդ»-ը հիմնադրվել է 2022 թվականի դեկտեմբերին։ 100%-ով պատկանում է Սամվել Վահագնի Մկրտչյանին։ Նրա հայրը՝ Վահագն Մկրտչյանը գործարար Սամվել Ալեքսանյանի կնոջ՝ Շողերինա Ալեքսանյանի եղբայրն է։ Սամվել Մկրտչյանի ֆեյսբուքյան էջում նշված է, որ նա մենեջեր է «Երևանի սիթի» սուպերմարկետում։ 

Այս տեղեկության և այն մասին, թե որտեղ է վաճառվելու «Շիշա ուորլդ»-ի ներկրած բենզինը, պարզաբանումներ ստանալու համար դիմել ենք ընկերությանը, սակայն առայժմ արձագանք չունենք։ 

«Շիշա ուորլդ» ՍՊԸ-ն, ըստ ՊԵԿ-ի բազայի, գրանցված է որպես ծխախոտային արտադրատեսակ արտադրող։

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը դեկտեմբերի 19-ին իր ֆեյսբուքյան էջում «ազդարարեց», որ Հայաստան-Վրաստան սահմանն է հատում (Այրում կայարան) 1300 տոննա ծավալով 22 վագոն ադրբեջանական ծագման АИ-95 բենզին։ Այն Հայաստան է եկել Ադրբեջան-Վրաստան-Հայաստան երկաթգծով։

Թե դրա որ մասն է ներկրել Ran Oil-ը և որ մասը՝ «Շիշա ուորլդ»-ը, ևս հայտնի չէ։ 

«Թերևս, սա ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունից հետո, այլև, առհասարակ, անկախությունից հետո Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին առևտրատնտեսական գործարքն է»,- նշել է նախարարը։

Մինչ իշխանությունները սա համարում են ձեռքբերում Հայաստանի տնտեսության ու խաղաղության համար, ընդդիմախոսները՝ թշնամու ջրաղացին ջուր լցնել, փորձենք պարզել՝ ինչպես է դասավորված վառելիքի հայկական շուկան։ Մասնավորապես, թե ովքեր են բենզինի, դիզելային վառելիքի և ավիավառելիքի խոշոր ներմուծողները, որտեղից է այն ներմուծվում և ինչ ծավալներով։ 

Ըստ դրա՝ փորձել ենք նաև հասկանալ՝ արդյո՞ք ներմուծված ադրբեջանական բենզինի այս խմբաքանակը կարող է էական դեր ունենալ բենզինի շուկայի ընդհանուր գների վրա։ 

2025թ. առաջին տասն ամսում Հայաստանը 165 մլն ԱՄՆ դոլարի բենզին է ներկրել

Պետական եկամուտների կոմիտեից «Հետք»-ի ստացած տվյալներով՝ 2025 թվականի առաջին տասն ամսում (հունվար-հոկտեմբեր) Հայաստան է ներմուծվել շուրջ 175 հազար տոննա բենզին։ Ընդհանուր արժեքը կազմել է մոտ 165 մլն ԱՄՆ դոլար։ 

Հայաստանն առավել շատ ներմուծում է ռեգուլյար տեսակի բենզին, այսինքն՝ 95-ից պակաս օկտանային թվով, բենզալցակայաններում այն հիմնականում նշվում է որպես АИ-92 տեսակի։ 2025-ի հունվար-հոկտեմբերին ներմուծվել է մոտ 108 հազար տոննա ռեգուլյար տեսակի բենզին (մոտ 99 մլն դոլար)։ Դա կազմել է նույն ժամանակահատվածում Հայաստան ներմուծված բենզինի ընդհանուր ծավալների 61%-ը։ Նախորդ տարիներին դրա տեսակարար կշիռն ավելի մեծ է եղել։ Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի հրապարակած ուսումնասիրության մեջ նշվում է, որ 2022-ին այն կազմել է 80%, 2023-ին՝ 71%: 

Հաջորդում է պրեմիում տեսակի բենզինը (95 կամ ավելի, բայց 98-ից պակաս օկտանային թվով), որի ներմուծման ծավալները կազմել են մոտ 66 հազար տոննա կամ 64 մլն դոլար։ 

Սուպեր տեսակի բենզինի (98 կամ ավելի օկտանային թվով) ծավալները անհամեմատ փոքր են՝ 1.5 հազար տոննա կամ 1.5 մլն դոլար։ 

ՊԵԿ-ը՝ ի դեմս Մաքսային ծառայության, բաց աղբյուրներում հրապարակված վառելիքի արտաքին առևտրի տվյալների նույն տողում ներկայացնում է ոչ միայն բենզինի, այլև՝ դիզելային վառելիքի և ավիավառելիքի տվյալները։ Այս տարվա տվյալները առանձին հարցմամբ ենք ստացել ՊԵԿ-ից։ 

Նախորդ տարիների համար հիմք ենք վերցրել ՄԱԿ-ի տվյալների բազան՝ UN Comtrade Database-ը, որտեղ ապրանքախմբերի բացվածքն ավելի լայն է։ Այսպիսով, ըստ այդ տվյալների՝ 2020-2024 թվականներին Հայաստանը տարեկան մինչև 206 մլն ԱՄՆ դոլարի բենզին է ներկրել։ Ըստ արժեքի՝ ամենամեծ ցուցանիշը գրանցվել է 2022 թվականին։ 

Գների տատանման արդյունքում ստացվել է, որ բենզինի ներկրման արժեքը կտրուկ ավելացել է 2021 թվականից։ Սակայն, եթե ֆիզիկական ծավալներն ենք դիտարկում, ապա այս աճը այդքան տեսանելի չէ: Այսինքն՝ ոչ թե բենզինի ներմուծման քանակն է մեծ տեմպով ավելացել, այլ այն թանկացել է։ 

Հայաստանում վաճառվող բենզինի կտրուկ թանկացումը 2021-ին երևում է նաև մեկ այլ աղբյուրից։ ՀՀ վիճակագրական կոմիտեի հաշվարկներով՝ Հայաստանում 2021-ին բենզինի մանրածախ միջին գինը կազմել է 473.5 դրամ այն դեպքում, երբ նախորդող տարում եղել է 359.2 դրամ։ 

Դեկտեմբերի 22-ին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Ադրբեջանից ընդամենը 1.5 մլն դոլարի բենզին է ներկրվել Հայաստան։ 

Ստացվում է, որ դա տասը ամիսներին ներմուծված բենզինի 1%-ին էլ չի հասնում։ Սա նշանակում է, որ գոնե այս պահին ադրբեջանական բենզինի կշիռն այնքան փոքր է, որ չի կարող էական ազդեցություն ունենալ գների վրա։ Հետևաբար՝ սա առաջին հերթին քաղաքական քայլ է։

Ի դեպ, Բաբկեն Թունյանն իր գրառման մեջ զուգահեռներ է անցկացնում թուրքական ապրանքների ներմուծման հետ։ 

Հիշեցնենք, որ վերջին երկու տարիներին Հայաստանը տարեկան ավելի քան 300 մլն դոլարի ապրանք է ներմուծում Թուրքիայից։ 

«Մաքս օիլ», «Սի փի էս էներջի գրուպ», «Ֆլեշ», «Մեգա թրեյդ». վառելիքի խոշոր ներմուծողները

2025 թվականի հունվար-հոկտեմբերին Հայաստան բենզին է ներմուծել 12 ընկերություն։ 

Նրանցից խոշորագույն եռյակում են «Մաքս օիլ» (ապրանքանիշը՝ Max Oil), «Սի փի էս էներջի գրուպ» (CPS), «Ֆլեշ» (Flash) ՍՊԸ-ները: 

ՊԵԿ-ը եռյակի տվյալները տրամադրում է խառը հերթականությամբ, քանի որ ըստ առանձին ընկերությունների՝ ներմուծման ծավալների մասին ցանկացած տեղեկություն համարվում է առևտրային գաղտնիք։ 

Ի դեպ, 2020-2021-ի տվյալներով ևս խոշոր ներմուծողի «տիտղոսը» պատկանում էր նշված եռյակին։ 

«Մեգա թրեյդ» ՍՊԸ-ն՝ Ran Oil-ը, ևս բենզին ներկրողների ցանկում է, սակայն, ինչպես տեսանք, խոշորների եռյակում չէ։ 

Փոխարենը Ran Oil-ը դիզելային վառելիք ներմուծողների առաջին եռյակում է։ «Մեգա Թրեյդ» ՍՊԸ-ն պատկանում է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին։

ՊԵԿ-ի տրամադրած տվյալներով՝ 2025 թվականի հունվար-հոկտեմբերին Հայաստան է ներմուծվել մոտ 138 հազար տոննա՝ 118 մլն ԱՄՆ դոլարի դիզելային վառելիք։ Դիզելային վառելիքի մյուս երկու խոշոր ներմուծողներն են Max Oil-ն ու CPS-ը։ 

Առհասարակ, վերջին տարիների վիճակագրությունը ցույց է տալիս, որ բենզին և դիզելային վառելիք ներմուծողների ցանկերում նոր անուններ են հայտնվում, ոմանք երկար մնում, ոմանք՝ արագ դուրս գալիս։ Սակայն, արդեն տարիներ շարունակ շուկայի խոշոր դերկատարները մնում են նույնը։ 

Վերջին տարիներին այս շուկայի ամենաուշագրավ վերադասավորումներից էր «Սիլ կոնցեռնի» կողմից Ran Oil-ի ձեռքբերումը, որի մասին հայտարարվեց 2021 թվականի սկզբում։ Այդ մասին հաղորդեց Խաչատուր Սուքիասյանի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանը՝ ֆեյսբուքյան գրառմամբ։ Կոնցեռնը Ran Oil-ը սկսեց շահագործել «Մեգա Թրեյդ» ՍՊԸ-ով, որը այսօր շուկայի խոշոր խաղացողներից է։ Ran Oil-ին է փոխկապակցված նաև Gulf Armenia բենզալցակայանների ցանցը։ Այն Սուքիասյաններին պատկանող «Սիլ կապիտալի» կազմում է։

Այս ինֆոգրաֆիկայում կարող եք տեսնել այս տարվա առաջին տասն ամիսներին Հայաստան վառելիք ներմուծած ընկերությունների ցանկերը։ Դեղինով նշված են խոշոր եռյակները։ 

2025 թվականի հունվար-հոկտեմբեր ժամանակահատվածում Հայաստան է ներմուծվել նաև 105 հազար տոննա՝ 92 մլն դոլարի ավիավառելիք (ռեակտիվ շարժիչի վառելանյութ): Ներմուծողների խոշոր եռյակում է, բնականաբար, «Արմենիա Միջ.օդանավակայաններ» ՓԲԸ-ն։ «Արմենիա» միջազգային օդանավակայաններ»-ը կառավարում է Երևանի «Զվարթնոց» և Գյումրիի «Շիրակ» օդանավակայանները: 

Max Oil-ը ապրանքանիշը ներկայացնող «Մաքս օիլ» ընկերությունը և իրեն փոխկապակցված «Կամօյլ» ՍՊԸ-ն ևս ավիավառելիք ներմուծողների առաջին եռյակում են, սակայն ենթադրվում է, որ ծավալներում զգալի զիջում են «Արմենիա Միջ.օդանավակայաններ»-ին։

Վառելքի շուկայի խոշոր խաղացողներից մեկի՝ «Մաքս օիլ» ՍՊԸ-ի սեփականատերը, ըստ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Հարություն Փամբուկյանի որդին է՝ Էդգար Փամբուկյանը։ 

«Մաքս օիլ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2017 թվականին, սակայն ինչպես նշված է ընկերության պաշտոնական կայքում, Max Oil-ը ավելի քան 30 տարի է գործում շուկայում, այսինքն՝ նախկինում գործել է այլ ընկերություններով։ «Մաքս օիլ»-ին փոխկապակցված է այս շուկայում գործող մեկ այլ ընկերություն՝ «Կամօյլ» ՍՊԸ-ն, որին ևս կարող եք տեսնել վերևի ցանկում։ 2002 թվականին հիմնադրված «Կամօյլ»-ի 100% սեփականատերը Կամո Մելքոնյանն է, որը նաև «Մաքս օիլ»-ի տնօրենն է։ 

Մյուս խոշոր ներմուծողի՝ «Սի փի էս էներջի գրուպ» ՍՊԸ-ն (CPS) սեփականատերը, ըստ ռեգիստրի փաստաթղթերի, Արթուր Դանիելյանն է։ Սակայն, հայտնի փաստ է, որ CPS ապրանքանիշի ներքո հանդես եկող բոլոր ընկերությունների իրական սեփականատերը վառելիքի շուկայի հնաբնակներից մեկն է՝ Աշոտ Սալազարյանը: Համաձայն ընկերության պաշտոնական կայքի՝ CPS-ը շուկայում գործում է 1992 թվականից՝ տարբեր ընկերություններով։ 

Մյուս խոշոր ընկերությունը՝ «Ֆլեշ» (Flash) ՍՊԸ-ն, հիմնադրվել է 1995 թվականին։ Սեփականատերը հայտնի գործարար Բարսեղ Բեգլարյանն (բաժնեմասի չափը՝ 84%) ու նրա որդին են՝ Սանասար Բեգլարյանը (16%): Նրանց բիզնեսների շարքում է «Արարատբանկը»։ 

Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի վերջին ուսումնասիրության համաձայն, որը ներառում է 2022-2023 թվականների իրավիճակը, բենզինի շուկան Հայաստանում ունի կենտրոնացվածության բարձր մակարդակ։ Ոլորտում գործող առավել խոշոր չորս ընկերություններին բաժին է ընկել ներմուծման ծավալների 96%-ը։ 

Խոսքը Max Oil-ի, CPS-ի, Flash-ի և Ran Oil-ի մասին է։ 

Հայաստանը բենզին է ներմուծվում Ռուսաստանից, Բուլղարիայից, Մալթայից և այլ երկրներից

2024 թվականի տարեկան տվյալներով Հայաստան ներկրված 191 մլն դոլարի բենզինի գերակշիռ մասը՝ 66%-ը, ներմուծել է Ռուսաստանից։ 

Մյուս երկրներն են Մալթան, Բուլղարիան, Ռումինիան, ավելի փոքր ծավալներով ներմուծվել է Թուրքիայից։ Տվյալները UN Comtrade Database-ից են։ 

Թեև 2025 տարեկան տվյալները դեռևս չկան, սակայն ամսական ցուցանիշներով երևում է, որ Հայաստանը այս տարի բենզին է ներմուծել նաև Եգիպտոսից։ Տարեկան տվյալների ամփոփումից հետո պարզ կդառնա՝ արդյոք դա նպաստել է ներմուծման աշխարհագրության դիվերսիֆիկացմանը։

Ուշագրավ է, որ բենզինի ներմուծման աշխարհագրության մեջ Ռուսաստանի կշիռը վերջին տարիներին նվազում է՝ ի հաշիվ, օրինակ, Մալթայի՝ այս ցուցակում հայտնվելուն։ Օրինակ՝ 2022-ին ներմուծված բենզինի մոտ 95%-ն էր Ռուսաստանից։ Մալթան հայտնվեց 2023 թվականից։ Նույն տարում հիմնական մատակարարների ցանկից դուրս եկավ Իրանը։

Հայաստան ներմուծվող դիզելային վառելիքի գլխավոր աղբյուրը ևս Ռուսաստանն է։ Ներմուծումներ են իրականացվում նաև ԱՄԷ-ից, Եգիպտոսից, Իրանից, Հունաստանից և փոքր ծավալներով՝ այլ երկրներից։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter