Նարեկ Մկրտչյանը Սպիտակ տանը հանդիպել է Դոնալդ Թրամփին
ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյանը Սպիտակ տանը հանդիպում է ունեցել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Այս մասին հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը։
«Նորանշանակ դեսպանների համար կազմակերպված միջոցառման շրջանակներում կայացած հանդիպման ժամանակ դեսպան Նարեկ Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման ուղղությամբ ցուցաբերած հետևողական ջանքերի, ինչպես նաև օգոստոսի 8-ին Սպիտակ տանը ձեռք բերված պատմական համաձայնության և ստորագրված փաստաթղթերի համար։
Իր հերթին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորել է հայ ժողովրդին՝ ընդգծելով, որ վերջինս արժանի է կայուն խաղաղության և վերահաստատել է իր անվերապահ աջակցությունը խաղաղությանն ուղղված գործընթացներին։
Նախագահ Թրամփը առանձնակիորեն ընդգծել է նաև Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջնորդությունն ու նրա նշանակալի դերակատարությունը հաստատված խաղաղության գործընթացում։
Նախագահ Թրամփը Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին է փոխանցել նաև անձնական մակագրությամբ նվեր՝ ի նշան բարձր գնահատանքի»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք՝ Նարեկ Մկրտչյանը Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանն է այս տարվա օգոստոսից։ Մինչ այդ պաշտոնը զբաղեցնում էր Լիլիթ Մակունցը։
Լուսանկարում՝ Դոնալդ Թրամփը և Նարեկ Մկրտչյանը
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել