HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

«Ոչ բարեխիղճ վարքագիծ»․ Վճռաբեկ դատարանի որոշումից հետո Աշոտ Մինասյանը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ

Վճռաբեկ դատարանը, «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի բողոքը թողնելով առանց քննության, փաստացի փակեց նրա պաշտպանական բոլոր հնարավորությունները, ինչի հետևանքով նա 2025թ. դեկտեմբերի 23-ին տեղափոխվեց քրեակատարողական հիմնարկ՝ 1 տարի 10 ամիս 3 օր ժամկետով ազատազրկման ձևով պատիժը կրելու։ Պաշտպանները Վճռաբեկ դատարանի որոշումն ապօրինի են համարում, քանի որ դատարան անհիմն ոչ բարեխիղճ է որակել Աշոտ Մինասյանի վարքագիծը՝ այդ հիմքով բողոքը թողնելով առանց քննության:

Աշոտ Մինասյանը երեք պատերազմների մասնակից է, բանաստեղծ: Ունի առողջական մի շարք խնդիրներ: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ գործով չպարզված ժամանակահատվածում և հանգամանքներում, չունենալով ոստիկանության մարմինների կողմից տրված համապատասխան թույլտվություն, ապօրինի ձեռք է բերել, փոխադրել և Սիսիան քաղաքում գտնվող «Կանթեղ» ռեստորանային համալիրին կից շինությունում մինչև 2020թ. նոյեմբերի 13-ը պահել է հրազեն, ռազմամթերք, փշրտող պայթուցիկ նյութ:

Նրա գործը մեղադրական եզրակացությամբ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան է ուղարկվել 2022թ. հունվարին: Սկզբում նրա նկատմամբ ընտրվել է կալանք խափանման միջոցը: Այնուհետև դատարանի որոշմամբ՝ Աշոտ Մինասյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոփոխվել և որպես կապակցված խափանման միջոցներ են կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը և գրավը՝ 2 մլն դրամի չափով:

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Վարսենիկ Մելքոնյանի, 2024թ. դեկտեմբերի 26-ին վճռել է Աշոտ Մինասյանին մեղավոր ճանաչել 2003թ. ապրիլի 18-ին ընդունված Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) նախատեսված հանցանքի կատարման մեջ և որպես պատիժ նշանակել ազատազրկում 2 տարի ժամկետով։ Դատարանը նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառել` սահմանելով փորձաշրջան 1 տարի ժամկետով։

Դատախազությունը բողոքարկել է դատավճիռը: Վերաքննիչ քրեական դատարանը, դատավոր Սևակ Համբարձումյանի նախագահությամբ, 2025թ. սեպտեմբերի 1-ին պատժի մասով դատավճիռը փոփոխել է: Ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը վերացվել է, և Աշոտ Մինասյանին թողնվել է կրելու 1 տարի 10 ամիս 3 օր ժամկետով ազատազրկման ձևով պատիժը՝ հաշվանցելով կալանքի տակ գտնվելու ժամանակահատվածը:

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի և Աշոտ Մինասյանի պաշտպանի անունից ներկայացվել է Վճռաբեկ բողոք, սակայն, դատարանը բողոքները թողել է առանց քննության:

Այնուհետև բողոք է ներկայացրել Աշոտ Մինասյանը: Նա հայտնել է, որ  Վերաքննիչ քրեական դատարանի 2025թ. սեպտեմբերի 1-ին հրապարակված որոշումը ստացել է հոկտեմբերի 14-ին առձեռն։ Որոշումը փոստով կամ էլեկտրոնային փոստի միջոցով, սուրհանդակով կամ այլ կերպ չի ստացել, հետևաբար հենց ստանալու պահից հաշված էլ ներկայացրել է բողոքը: Ներկայացվել է նաև միջնորդություն, որով Ա. Մինասյանը խնդրել է քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել։

Սակայն, Վճռաբեկ դատարանը 2025թ. դեկտեմբերի 9-ին Աշոտ Մինասյանի բողոքը թողել է առանց քննության: Դատարանը պատճառաբանել է, որ Վերաքննիչ դատարանի որոշման պատճենը փոստային կապի օպերատորին հանձնվել է 2025թ. սեպտեմբերի 18-ին՝ մեղադրյալ Ա․Մինասյանի հասցեով առաքելու համար։ «Հայփոստ» ՓԲԸ-ի պաշտոնական կայքէջում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ փոստային առաքանին 2025թ. սեպտեմբերի 20-ին պատրաստ է եղել ստացման: Սակայն հոկտեմբերի 1-ին՝ շուրջ տասը օր փոստային բաժանմունքում մնալուց հետո, վերադարձվել է ուղարկողին՝ «տեղափոխված» նշագրմամբ։ Ի վերջո, Վերաքննիչ դատարանի հիշյալ որոշման պատճենը մեղադրյալ Ա․Մինասյանն առձեռն ստացել է 2025թ. հոկտեմբերի 14-ին։

Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ Վերաքննիչ դատարանի՝ որոշումը ստանալու հնարավորություն Ա․Մինասյանն ունեցել է առնվազն 2025թ. սեպտեմբերի 20-ից սկսած։ Որոշումը ստանալու հնարավորության առաջացման և այն փաստացի իրացնելու միջև առկա ժամանակային խզումը պայմանավորված չէ օբյեկտիվ պատճառներով՝ նկատի ունենալով, որ չի ներկայացվել բողոքի հեղինակի կամքից անկախ հատուկ և օբյեկտիվ որևէ հանգամանք, հետևաբար որոշման պատճենը ավելի վաղ չստանալը՝ Ա․Մինասյանի վարութային ոչ բարեխիղճ վարքագծի արդյունք է։

«Այսինքն՝ մեղադրյալ Ա․Մինասյանը Վերաքննիչ դատարանի՝ 2025 թվականի սեպտեմբերի 1-ի որոշումը ստանալու իր իրավունքից օգտվել է անբարեխղճորեն՝ չարաշահելով այդ իրավունքը։ Հետևաբար, Վերաքննիչ դատարանի դատական ակտը բողոքարկելու մեկամսյա ժամկետը սույն թվականի հոկտեմբերի 14-ից հաշվարկելու վերաբերյալ բողոքաբերի փաստարկները հիմնազուրկ են, իսկ վերջինիս կողմից չի ներկայացվել բողոքարկման բաց թողնված ժամկետը վերականգնելու միջնորդություն: Վերոգրյալի հաշվառմամբ, հիմք ընդունելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 29-րդ հոդվածով սահմանված՝ ոչ իրավաչափ վարքագծի արգելքը, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մեղադրյալ Ա․Մինասյանի ոչ իրավաչափ վարքագծին հակազդող համաչափ միջոցը նրա վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելն է՝ ժամկետանց լինելու հիմքով»,-նշված է Վճռաբեկ դատարանի որոշման մեջ:

Այս որոշումից հետո օրինական ուժի մեջ է մտել Վերաքննիչ դատարանի ՝ Աշոտ Մինասյանի կողմից ազատազրկման ձևով պատիժը կրելու որոշումը, և նրան 2025թ. դեկտեմբերի 23-ին տեղափոխել են քրեակատարողական հիմնարկ:

Աշոտ Մինասյանի փաստաբաններից Միհրան Պողոսյանը «Հետքին» տեղեկացրեց, որ առաջիկայում մամուլի ասուլիս են հրավիրելու՝ Վճռաբեկ դատարանի որոշման մասին խոսելու նպատակով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter