HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կանանց նվազագույն մասնակցություն ՏԻՄ ընտրություններում. Վաղարշապատի ավագանիում գերակշռում են տղամարդիկ

Վաղարշապատ համայնքի ավագանու ընտրությունները կրկին ցույց տվեցին Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգում կանանց եւ անկուսակցականների ձեւական  մասնակցությունը։ Օրենքը սահմանում է գենդերային նվազագույն երաշխիքներ, եւ քաղաքական ուժերը հիմնականում պահպանում են այդ նվազագույն շեմը: Դրանից զատ՝ ցուցակների անցողիկ տեղերում կանայք հազվադեպ են հայտնվում, իսկ անկուսակցականների համար ավագանու մանդատ ստանալու հնարավորությունը գրեթե վերանում է։ Վաղարշապատի ավագանու 33 անդամների մեծ մասը կուսակցական տղամարդիկ են։ Սա նշանակում է, որ ավագանին ձևավորվում է ոչ թե համայնքային ներկայացուցչական սկզբունքով, այլ օրենքի նվազագույն պահանջները կատարելու ու քաղաքական շահի տրամաբանությամբ։

Ընտրական օրենսգրքի համաձայն՝ քաղաքական ուժերից յուրաքանչյուրի ընտրական ցուցակի 1-ին համարից սկսած` ցանկացած ամբողջ թվով եռյակներում (1-3, 1-6, 1-9 և այդպես շարունակ` մինչև ցուցակի ավարտը) յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը չպետք է գերազանցի 70%-ը:

2025թ. նոյեմբերի 16-ին Վաղարշապատ խոշորացված համայնքում ավագանու ընտրություններ տեղի ունեցան, քանի որ 2025թ. մայիսին լիազորությունները դադարեցնելու դիմում ներկայացրեց համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը: Ավագանու  «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները համայնքի նոր ղեկավար չընտրեցին, որպեսզի արտահերթ ընտրություններ լինեն:

Ընտրություններին մասնակցող 8 քաղաքական ուժերից անցողիկ շեմը հաղթահարեց 3-ը՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Մայր Հայաստան» ազգային դեմոկրատական կուսակցություններն ու «Հաղթանակ» դաշինքը: Ավագանու 33 մանդատից 19-ը բաժին հասավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, 12-ը՝ «Հաղթանակ» դաշինքին, իսկ 2-ը՝ «Մայր Հայաստան» ազգային դեմոկրատական կուսակցությանը:

Project-01.jpg (264 KB)

Ավագանու մանդատ ստացածներից միայն 7-ն է անկուսակցական, 26-ը կուսակցական են: Սա ցույց է տալիս, որ քաղաքական որևէ ուժի չհարող և կուսակցական պատկանելություն չունեցողները գրեթե հնարավորություն չունեն դառնալ ավագանու անդամ:

Համայնքի ավագանու գործունեությունը հիմնված է ներկայացուցչական մանդատի, անհամատեղելիության խիստ պահանջների և հասարակական ծառայության սկզբունքի վրա։ Դրա նպատակն է՝ ապահովել տեղական ինքնակառավարման արդյունավետ իրականացումը։ Համայնքի ավագանին ընտրվում է 5 տարի ժամկետով:

Project-04.jpg (242 KB)

Համայնքի ավագանու անդամը չի կարող միաժամանակ ղեկավար պաշտոն զբաղեցնել համայնքային ենթակայության կազմակերպություններում, աշխատել համայնքի աշխատակազմում, զբաղեցնել հանրային կամ հանրային ծառայության պաշտոններ, բացառությամբ համամասնական ընտրակարգով ընտրվող ավագանի ունեցող համայնքի ղեկավարի, համայնքի ղեկավարի առաջին տեղակալի, համայնքի ղեկավարի պաշտոնակատարի պաշտոնները: Բացի այդ՝ ավագանու անդամը չի կարող զբաղեցնել պետական ոչ առևտրային կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարի պաշտոնը:

Նշված անհամատեղելի պաշտոնները զբաղեցնելու դեպքում համայնքի ավագանու անդամը պարտավոր է մեկշաբաթյա ժամկետում համայնքի ղեկավարին ներկայացրած գրավոր դիմումով հրաժարվել ավագանու անդամությունից, հակառակ դեպքում նրա լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են:

Համայնքի ավագանու անդամը կանոնավոր չի վարձատրվում: Իրավունք ունի ստանալ դրամական փոխհատուցում` իր պարտականությունները կատարելիս արված ծախսերի համար: Աշխարհի մի շարք երկրներում ընդունված է հենց այս կարգավորումը, քանի որ ավագանու անդամ լինելը քաղաքացիական պարտք է, ոչ թե եկամտի աղբյուր: Հետևաբար, ավագանու անդամ պետք է դառնան նրանք, ովքեր իրապես ցանկանում են ծառայել, ոչ թե աշխատավարձ ստանալ։ Մյուս կողմից, չվարձատրվելով՝ ավագանու անդամը ֆինանսական կախվածություն չունի համայնքի բյուջեից եւ ավելի ազատ է՝ վերահսկելու համայնքի ղեկավարին։

Ընտրական օրենսգիրքը նվազագույն երաշխիք է սահմանում ընտրական ցուցակներում յուրաքանչյուր սեռի  ներկայացվածության համար: Մեր ուսումնասիրությունը ցույց տվեց, որ կուսակցությունները հիմնականում պահպանում են օրենքի այդ պահանջը: Կարող ենք ենթադրել, որ եթե այդ պահանջը չլիներ, կանայք ավելի քիչ ներգրավվածություն կունենային ընտրական գործընթացներում:

Վաղարշապատ համայնքի ավագանու անդամների 67%-ը տղամարդ է, այսինքն՝ 33 անդամից 22-ը տղամարդ է, 11-ը՝ կին:

Project-03.jpg (227 KB)

Ուսումնասիրել ենք նաև արդեն մանդատ ստացած ավագանու անդամների տարիքային խմբերը: Ավագանու անդամների մեծ մասը՝ 25 հոգի, 30-50 տարեկան է, 2 հոգի՝ 18-30 տարեկան, 5 հոգի՝ 60-70 տարեկան:

Project-02.jpg (265 KB)

Գենդերային պահանջների ձեւական պահպանումը բավարար չէ իրական հավասար մասնակցության համար։ Եթե քաղաքական ուժերը շարունակեն առաջնորդվել նվազագույն շեմերի ձեւական պահպանմամբ, կանանց ներկայությունը ավագանիում կլինի սոսկ թվային ցուցանիշ։ Նույնը վերաբերում է անկուսակցականներին: Վերջիններիս համար չկան օրենսդրական երաշխիքներ, նրանք ուղղակի պետք է համակրեն քաղաքական ուժերից մեկին, սպասարկեն նրանց շահը, որպեսզի տեղ ունենան ընտրական ցուցակներում և ավագանու կազմում:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter