Թանկ անկանխիկը. ինչու՞ է վարչապետի աշխատակազմը միայն հիմա տեսել խնդիրը, որի մասին վաղուց գիտեն բոլորը
Վարչապետի ընդամենը մեկ հրահանգով և ՊԵԿ-ի ձեռամբ օրերս փակվեցին տեխնիկայի առևտրով զբաղվող «Red Store» («Ռեդ սթոր») խանութները, որոնց մի մասը շարունակում է փակ մնալ։ Հրահանգի պատճառը անկանխիկի առևտրի դեպքում այլ գին սահմանելն էր։ «Հետքը» տարիներ առաջ է գրել հայաստանյան խանութներում այս երևույթի մասին և, որպես կոնկրետ օրինակ, նշել նաև այս խանութը։ Այն ժամանակ ՊԵԿ-ը համարել էր, որ այդ երևույթը վերահսկելու գործառույթ չունի։
«Ձևը գտե՛ք, փակե՛ք էդ խանութը»
Կառավարության վերջին նիստին (դեկտեմբերի 18-ին) վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրահանգեց ՊԵԿ նախագահ Էդուրադ Հակոբյանին «ձևը գտնել» և փակել այն խանութը, որը ապրանք վաճառելիս կանխիկով վճարման դեպքում այլ գին է սահմանում, անկանխիկի դեպքում՝ այլ։
Հրահանգի պատճառ էր դարձել այն, որ վարչապետի աշխատակազմի ներկայացուցիչներն այդ խանութից առևտուր անելիս տեղեկացել էին կանխիկի և քարտային վճարման տարբեր գների մասին։
«Փակեք էդ խանութը, ձևը գտեք, փակեք էդ խանութը, ստուգելու եմ։ Չգիտեմ՝ ասածս ինչքանով է... փակեք այդ խանութը, այդ խանութում առևտուր պետք է չլինի։ Իմ վրա եմ վերցնում անձնական պատասխանատվությունը ու ամեն օր կողքով անցնելու եմ, մինչև անձնական թույլտվությունս չլինի, այդ խանութը պիտի չբացվի։ Կզեկուցեք անձամբ»,- ՊԵԿ նախագահին հրահանգեց վարչապետը։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ «Red Store» խանութների ցանցի մասին է խոսքը, որոնք այս հայտարարությունից շատ չանցած՝ փակվեցին։ Դեկտեմբերի 22-ին «Red Store»-ն իր ֆեյսբուքյան էջում հայտարարեց, որ երկու խանութ-սրահներն արդեն բացվել են (պարզ չէ՝ վարչապետի անձնական թույլտվությա՞մբ, թե ոչ), իսկ մնացած 4 մասնաճյուղերը կբացվեն շուտով։
Դեկտեմբերի 22-ին ՊԵԿ-ն էլ հայտարարություն տարածեց, որ դեկտեմբերի 18-ի Կառավարության նիստում վարչապետի կողմից նշված հարկ վճարողի նկատմամբ իրականացվել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ և հարկային վարչարարություն։
Ըստ ՊԵԿ-ի՝ ընկերության նկատմամբ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ են ձեռնարկվել դեռևս 2024-ի սեպտեմբերից
Թեև ՊԵԿ-ը շտապեց «Red Store»-ի «հետևից գնալ» վարչապետի հրահանգից անմիջապես հետո, ցանցի խանութները ևս փակվեցին այդ հրահանգից հետո, սակայն ՊԵԿ-ը պնդում է, որ այդ ընկերության նկատմամբ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ են ձեռնարկվել դեռևս 2024-ի սեպտեմբերից։
Ըստ ՊԵԿ-ի՝ պարզվել է, որ ընկերությունում առկա ստվերային շրջանառությունից չի հաշվարկվել և չի վճարվել 95․7 մլն դրամի հարկային պարտավորություն։
Ստացվել են նաև տեղեկություններ, որ ընկերությունը փորձել է մաքսանենգ ճանապարհով ներմուծել 97 հատ տարբեր տեսակի բջջային հեռախոսներ։ Փորձը կանխվել է։
Պարզվել է նաև, որ ընկերությունն իր գործունեության մի մասը շարունակել է իրականացնել այլ հարկ վճարողի անվամբ՝ հարկային «բարենպաստ» պայմաններից օգտվելու նպատակով։ Հավանաբար, խոսքը քիչ շրջանառություն ցույց տալու և միկրոձեռնարկատիրության կամ շրջանառության հարկի համակարգում աշխատելու մասին է։
Այդպիսով, հարկ վճարողը պետությանը 64․5 մլն դրամ վնաս է պատճառել։ Առերևույթ հանցագործության հատկանիշներով 2024 թվականի հոկտեմբերի 18-ին հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե։
2025 թվականի հոկտեմբերին կրկին օպերատիվ տեղեկություններ էին ստացվել այն մասին, որ ընկերությունը շարունակում է իր տնտեսական գործունեության իրական ծավալները թերհայտարարագրել։
Ընկերության նկատմամբ նաև հարկային վարչարարություն է իրականացվել։
«Ընկերությունում գրանցման օրվանից՝ 2019 թվականի մայիսի 10-ից, առ այսօր հարկային վարչարարության շրջանակում, մասնավորապես, իրականացվել է 23 թեմատիկ ստուգում, արձանագրվել է 5․8 մլն դրամի չափով տուգանք, որից՝ 4․2 մլն դրամի չափով տուգանքը 2025 թվականի ընթացքում»,- նշված է ՊԵԿ-ի հաղորդագրության մեջ։
Ի դեպ, Էդուարդ Հակոբյանը ՊԵԿ նախագահ է նշանակվել 2024 թվականի նոյեմբերի 28-ին, մինչդեռ «Red Store»-ում կատարված ստուգումները, ինչպես նշված է ՊԵԿ-ի հաղորդագրությունում, սկսվել են դեռևս 2024-ի սեպտեմբերին։
ՊԵԿ-ը ընկերության անունը կրճատ է նշել՝ «Ն․ Ս․» ընկերություն (ամբողջականը՝ «Նոթբուքսթոր» ՍՊԸ)։ Ընկերության պաշտոնական կայքը, որն այսօր առավոտյան չէր գործում, այս պահին աշխատում է։
Ինչու՞ է վարչապետի աշխատակազմը միայն հիմա տեսել խնդիրը, որը վաղուց կա Հայաստանում
Այսպիսով, ՊԵԿ-ը պնդում է, որ «Red Store» ցանցին տուգանելու և Քննչական կոմիտե հաղորդում ներկայացնելու համար հիմքեր է ունեցել դեռևս նախորդ տարվանից։ Սակայն, փաստացի այս աղմուկը և խանութների փակումը անմիջապես հետևեցին վարչապետի հրահանգին։
Ընդ որում, խանութը թիրախավորելու պատճառը նույն ապրանքի համար կանխիկի և անկանխիկի տարբեր գներն էին, սակայն, ՊԵԿ-ը գտել է շատ ավելի մեծ խախտումներ։ ՊԵԿ-ի հաղորդագրությունից պարզ չէ՝ դրանց մեջ կա՞ն խախտումներ, որոնք պայմանավորված են կանխիկի և անկանխիկի գնային տարբերություններով։
Թեև տնտեսվարողի կողմից հարկեր թաքցնելը չի արդարացվում, սակայն ուշագրավ է, որ թիրախավորվում է մեկ ընկերություն այն երևույթի համար, որը Հայաստանում վաղուց կա։
Դեռևս 2023 թվականի մարտին հրապարակված մի հոդվածումը «Հետքը» գրել է, որ ապրանքների կանխիկ և անկանխիկ արժեքների տարբերություն կա էլեկտրատեխնիկայի բազմաթիվ խանութներում։ Պետական մարմիններից և ոչ մեկը, մասնավորապես՝ ՊԵԿ-ը, մրցակցության հանձնաժողովը, Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը այդ ժամանակ չի համարել, որ այն վերահսկելու գործառույթ ունի։ Մինչդեռ սպառողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կառույցն այստեղ սպառողների իրավունքների ոտնահարում է տեսել, ինչպես նաև՝ օրենքի խախտման և ստվերային գործունեության ռիսկեր։
«Red Store» էլեկտրոնիկայի խանութների ցանցը ևս այն խանութների ցանկում էր, որտեղ նույն ապրանքի համար երկու գին է սահմանվում. անկանխիկն ավելի թանկ է։ Խանութից մեզ հետ զրույցում մեկնաբանել են, որ կանխիկ վճարման դեպքում հաճախորդի համար զեղչ են սահմանում։ Այսինքն՝ ըստ նրանց, կանխիկ գին ձևակերպման ներքո պետք է հասկանալ զեղչված արժեքը, չնայած որ մեր այցելած մասնաճյուղում կանխիկ արժեքի կողքին զեղչի մասին որևէ բան գրված չէր։ Ըստ խանութի ներկայացուցչի՝ քանի որ բանկերն անկանխիկ վճարումների դեպքում իրենց ծառայությունների համար տնտեսվարողներից միջնորդավճարներ են գանձում, տնտեսվարողը չի կարողանում անկանխիկի դեպքում զեղչել ապրանքը։
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը մեզ հետ զրույցում ասել էր, որ խանութները օրենքը չեն խախտում, սակայն սպառողները տուժում են, կան ստվերային գործունեության ռիսկեր։
Ուշագրավ էր ՊԵԿ-ի պատասխանը, որտեղ նշված էր, որ տեխնիկայի խանութներում ապրանքների կանխիկի և անկանխիկի արժեքների տարբերության թեման հարկային մարմինների դաշտում չէ։
Եթե իսկապես այդպես է, ստացվում է, որ վարչապետը այս դեկտեմբերի 18-ին սխալ կառույցի է հրահանգել փակել «Red Store»-ը։ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը չի ընդդիմացել և իր ղեկավարած կառույցն էլ ընկերությունում բազմաթիվ խախտումներ է գտել։ «Հետք»-ը հարցում է ուղարկել ՊԵԿ՝ հասկանալու, թե այդ խախտումներից որոնք են պայմանավորված կանխիկի և անկանխիկի սահմանված գների տարբերություններով, ինչպես նաև՝ այդ երևույթը համարվու՞մ է խախտում տնտեսվարողի կողմից։
Red Store-ից չեն մեկնաբանում իրավիճակը
Red Store խանութներից ցանցից չեն մեկնաբանում վերջին օրերին իրենց ընկերության շուրջ կատարվողը։ Մեր զանգին ի պատասխան՝ ընկերության գրասենյակից տեղեկացրին, որ այս պահին որևէ ասելիք չունեն։
Գլխավոր լուսանկարը՝ redstore.am-ի
Տեսանյութեր
Լուսանկարներ
.jpg)
Մեկնաբանել