Դիանա Գասպարյանին վերաբերող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Վաղարշապատ համայնքի նախկին ղեկավար Դիանա Գասպարյանին առաջադրված քրեական վարույթի նախաքննության ավարտ է հայտարարվել, և գործն առաջիկա օրերին կուղարկվի դատարան: «Հետքի» աղբյուրների փոխանցմամբ՝ դատարան է ուղարկվում Դիանա Գասպարյանի, ամուսնու՝ Արամայիս Միրզոյանի, սկեսրայրի՝ Աշոտ Միրզոյանի և Արաքս համայնքի ավագանու անդամ Շահեն Շահինյանի մասը: Դիմել ենք նաև Հակակոռուպցիոն կոմիտե, սակայն տեղեկություններ դեռ չեն փոխանցել:
Նշենք, որ Դիանա Գասպարյանը մեղադրվում է փողերի լվացման և պաշտոնեական դիրքի չարաշհման մեջ:
Հիշեցնենք, որ քրեական վարույթի հիմքը եղել է «Հետքի» 2023թ. դեկտեմբերի 5-ի հրապարակումը: Գրել էինք, որ Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանի ամուսնու ընտանիքն Էջմիածնում առանձնատների կառուցման բիզնես է սկսել: Այդ նպատակով, գործընկերների օգնությամբ, ձեռք է բերվել համայնքային հողատարածք և, չսպասելով թույլտվություններին, հողային և բետոնացման աշխատանքներ են կատարվել:
«Նարե Պլյուս» ՍՊԸ-ին տրվել է շինարարության 20 թույլտվություն՝ բնակելի տներ կառուցելու համար: Հողամասի ընդհանուր մակերեսը կազմում է մոտ 1,2 հեկտար, որը բաժանված է 59 առանձին հողամասերի: «Նարե Պլյուս» ընկերության միակ սեփականատերը համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանի սկեսուրն է՝ ավագանու անդամ Արամայիս Միրզոյանի մայրը:
Գրել էինք, որ ընկերությունը ստեղծվել է 2023թ. հուլիսի 17-ին: Ռուզաննա Ասատրյանը «Նարե Պլյուս» ՍՊԸ-ի միակ սեփականատերն ու տնօրենն է:
Վաղարշապատ համայնքի ավագանին 2022թ. հունիսի 24-ին արտահերթ նիստով որոշել է աճուրդային եղանակով վաճառել Վաղարշապատ համայնքի սեփականությունը հանդիսացող Վ. Տերյան փողոց, 971/8 հասցեում գտնվող 0.9 հա մակերեսով հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասը՝ շինություններ կառուցելու համար:
Յուրաքանչյուր քառակուսի մետր հողամասի մեկնարկային գինը սահմանվել է տվյալ հողի կադաստրային արժեքի 200%-ի չափով՝ ընդհանուր 51 մլն 975 հազ. դրամ (1 քմ՝ 5775 դրամ): Վաճառքն իրականացրել է համայնքապետարանի աճուրդային հանձնաժողովը:
Որոշմանը կողմ է քվեարկել ավագանու 19 անդամ, այդ թվում՝ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը և Արամայիս Միրզոյանը: Վերջիններս ամուսնացել են 2023թ-ին:
Աճուրդի միակ մասնակիցը եղել է Արմավիրի մարզի Արաքս համայնքի ավագանու անդամ Շահեն Շահինյանը: Նա առաջարկել է հենց մեկնարկային գինը՝ 51 մլն 975 հազ. դրամ և հաղթող ճանաչվել: Այս հանգամանքը գրավոր պատասխանով հաստատում է նաև համայնքի ղեկավարը:
Հողատարածքը գնելուց և իր սեփականության իրավունքը Կադաստրի կոմիտեում գրանցելուց հետո Շահեն Շահինյանը դիմել է Վաղարշապատի համայնքապետարան՝ հողամասին կից համայնքային սեփականություն հանդիսացող 0,1908 հա մակերեսով հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասն ուղղակի վաճառքով իրեն օտարելու խնդրանքով:
Դիանա Գասպարյանը 2022թ. դեկտեմբերի 13-ին որոշել է մոտ 0,2 հա հողատարածքն ուղիղ վաճառքով օտարել Շահեն Շահինյանին, այս անգամ՝ կադաստրային արժեքով՝ 5 մլն 509 հազ. 350 դրամով (1 քմ՝ 2887,5 դրամ): Այսինքն՝ 1 քմ-ն վաճառվել է կիսով չափ պակաս գնով, քան ամիսներ առաջ հարևանությամբ աճուրդով վաճառված հողատարածքը: Պատճառաբանությունն այն է, որ հողամասը հնարավոր չէ օտարել որպես առանձին գույքային միավոր:
Շահեն Շահինյանը Արմավիրի մարզի Արաքս խոշորացված համայնքի ավագանու անդամ է ընտրվել 2021թ. դեկտեմբերի 5-ին՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակով:
Նա պատահական մարդ չէ: Շահինյանը Դիանա Գասպարյանի սկեսրայրի՝ Աշոտ Միրզոյանի աշխատակիցն է: 2021թ. հայտարարագրում Շահեն Շահինյանը դրամական միջոցներ չի հայտարարագրել: Այսինքն՝ ո՛չ կանխիկ, ո՛չ բանկերում պահվող գումար չի ունեցել: Միակ եկամուտը եղել է Աշոտ Միրզոյան ԱՁ-ից ստացած 218 հազ. դրամն ու 200 հազ. դրամի բնամթերքը՝ որպես աշխատանքի վարձատրություն:
2022թ. տարեկան հայտարարագրի համաձայն՝ Շահինյանը գնել է երկու հողատարածք․ մեկը Էջմիածնի համայնքապետարանից 51 մլն 975 հազ. դրամով աճուրդով գնածն է, մյուսը ձեռք է բերել քաղաքացուց՝ 6 մլն դրամ արժեքով: Էջմիածնի համայնքապետարանից ուղիղ վաճառքով գնված հողատարածքի մասին որևէ նշում չկա հայտարարագրում:
Շահեն Շահինյանը 2022թ. 55 մլն դրամ փոխառություն է հանձնել Աշոտ Միրզոյանին: Նա դարձյալ որևէ դրամական միջոց չի հայտարարագրել: Իսկ տարվա եկամուտը կազմել է 9 մլն 415 հազ. դրամ, որից 6 մլն դրամը գոյացել է ջերմատան գործունեությունից, իսկ 3 մլն 415 հազ. դրամը եղել է Աշոտ Միրզոյանից ստացած աշխատավարձը:
Տեսանյութեր
Լուսանկարներ.jpg)
Մեկնաբանել