Սիգի արդյունագործական որսի համար առաջարկվում է 550 տոննա չափաքանակ
Յուրաքանչյուր տարի ԳԱԱ «Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվում են Սևանա լճում և դրա ջրահավաք ավազանում ձկան և խեցգետնի պաշարների հաշվառման աշխատանքներ, ինչի արդյունքում առաջարկվում է արդյունագործական որսի չափաքանակ: Շրջակա միջավայրի նախարարությունը մշակել և հանրային քննարկման է ներկայացրել 2026թ․ ընթացքում Սևանա լճում ձկան և խեցգետնի արդյունագործական որսի չափաքանակները և ժամկետները, արդյունագործական որսի կազմակերպման պայմաններն ու պահանջները սահմանելու մասին Կառավարության որոշման նախագիծ։
2025թ․ հոկտեմբերի դրությամբ Սևանա լճում սիգի ընդհանուր պաշարը կազմել է 3591.8 տոննա, որից արդյունագործական պաշարը՝ 1373.9 տոննա։ Ըստ դրա էլ՝ գիտական կենտրոնը 2026թ․-ի՝ սիգի արդյունագործական որսի համար առաջարկել է 550 տոննա չափաքանակ՝ արդյունագործական պաշարի 40%։
Սիգի որսն իրականացվում է Սևանա լճի ամբողջ տարածքով, ափից առնվազն 500 մ հեռավորության վրա։ Արգելվում է որսն իրականացնել հանգուցային, արտադրված մեքենայական կամ ձեռքի միջոցով, սինթետիկ նեյլոնե կամ այլ պոլիամիդային մանրաթելերից, թելի տրամագիծը 0.5 մմ-ից պակաս և ցանցավանդակի չափը 80 մմ-ից պակաս ձկնորսական ցանցերով։
Միջազգային պրակտիկայում ձկների թույլատրելի որսի չափման միավորը ձկան երկարությունն է։ Ձկնորսության համար թույլատրելի արդյունագործական չափը միավորի համար սահմանվել է ոչ պակաս քան 30 սմ։
Կառավարության որոշման նախագծի ընդունմամբ նախատեսվում է Պետական բյուջե մուտքերի ավելացում՝ շուրջ 110 մլն դրամի չափով՝ պայմանավորված Հարկային օրենսդրությամբ սահմանված բնօգտագործման վճարի վճարմամբ:
Սևանա լճում 2024-2025 թվականների սիգի բնական վերարտադրությունը գնահատելու, ձվադրման փուլերի ժամկետները հստակեցնելու նպատակով Շրջակա միջավայրի նախարարության, «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի գիտական բաժնի և գիտական կենտրոնի մասնագետները 2024թ․ դեկտեմբերի 10-ից մինչև 2025 թվականի հունվարի 20-ը Սևանա լճում իրականացրել են գիտական որս։ Արդյունքում նախաձվադրման-ձվադրման ժամկետ է սահմանվել 2026թ․ նոյեմբերի 20-ից 2027թ․ փետրվարի 1-ը։
Նախագծի համաձայն՝ իրականացվող գործընթացները միտված են Սևանա լճում ձկան և խեցգետնի պաշարների կայուն օգտագործմանը, ինչպես նաև ձկնորսության գործընթացները իրավական դաշտ բերելուն և լիազոր մարմնի հետ կնքված օգտագործման պայմանագրերի հիման վրա ձկնորսության գործընթաց իրականացնելուն։ Բացի այդ՝ միտված է պարենային անվտանգության օբյեկտ հանդիսացող ռեսուրսի օգտագործման նկատմամբ պատշաճ վերահսկողության իրականացմանը:
Տեսանյութեր
Լուսանկարներ.jpg)
Մեկնաբանել