HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Փամբակի բնապահպանական ծրագրերն առնչություն չունեն հանքարդյունահանման հետևանքները նվազեցնելու հետ

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների (ՏԿԵ) նախարար Դավիթ Խուդաթյանը 2025թ. ապրիլին հաստատել է մետաղական օգտակար հանածո արդյունահանող ընկերությունների գործունեության հետևանքով վնասներ կրող ազդակիր համայնքների ցանկը։ Նախարարի հրամանով առաջին անգամ ցանկում ընդգրկվել է Լոռու մարզի Փամբակ համայնքի Քարաբերդ գյուղը։ Քարաբերդի ոսկի-բազմամետաղների հանքավայրը շահագործող «Ասսաթ» ՍՊԸ-ի վճարած ռոյալթիի գումարից 2026թ-ին գյուղին 3 մլն 971 հազար դրամ մասհանում կկատարվի։

«Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» օրենքի դրույթների համաձայն՝ Փամբակի համայնքապետարանն այս գումարի շրջանակում բնապահպանական և առողջապահական ծրագիր պետք է իրականացնի՝ Քարաբերդ գյուղում հանքավայրի վնասակար արտանետումների ազդեցությունը մեղմելու համար։

Բնապահպանական ծրագիրը, ըստ օրենքի, ներառում է համայնքի վարչական սահմաններում գտնվող օդային, ջրային և հողային տարածքներում ընկերությունների գործունեությամբ պայմանավորված` շրջակա միջավայրի պահպանությանն ու բարելավմանը և մարդու առողջությանը հասցված վնասի վերականգնմանը կամ վնասակար ազդեցության մեղմմանն ուղղված միջոցառումները։ Պայման է նաև, որ գումարը պետք է ծախսվի համայնքում և առաջնայնությունը տրվի հենց ազդակիր բնակավայրին, տվյալ դեպքում՝ Քարաբերդին։

«Ասսաթ» ՍՊԸ-ի շահագործած հանքի գործունեության բացասական հետևանքների մասին իրենց մտահոգությունները քարաբերդցիները հայտնել են բնապահպանական հասարակական կազմակերպություններին։ Գյուղացիները դժգոհել են, որ հանքի արտանետած փոշու և պայթեցումների հետևանքով արոտավայրերը դառնում են անպիտան, անասնապահությունը տուժում է։ Բացի այդ, ջրային պաշարներն են նվազում։

2022-2023թթ-ին չեխական «Առնիկա» ՀԿ-ն հայաստանյան «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» և «ԷկոԼուր» ՀԿ-ների հետ քիմիական հետազոտություն է իրականացրել Քարաբերդում։ Չեխական երկու տարբեր լաբորատորիաներում փորձաքննվել է մի շարք ծանր մետաղների առկայությունը Քարաբերդի հողում, ջրում և կենսաբանական նմուշներում։ Լաբորատոր հետազոտության արդյունքներով՝ ծանր մետաղներով բարձր աղտոտվածություն է հայտնաբերվել փորձաքննված նմուշներում։ Մասնավորապես, Քարաբերդի ուսումնասիրված տարածքները բնութագրվել են որպես չափավոր և խիստ աղտոտված՝ մկնդեղով և կադմիումով և չափավոր աղտոտված՝ կապարով ու ցինկով։

«Ասսաթ» ՍՊԸ-ն չի ընդունել հետազոտության արդյունքները և հայտարարել է, որ  ՇՄ նախարարության «Հայպետհիդրոմետ» ՊՈԱԿ-ում արված լաբորատոր հետազոտությունների արդյունքներով այդ ամենը նորմայի սահմաններում է։ Ընկերությունը նաև հայտարարել է հանքարդյունահանումն ընդլայնելու մասին՝ նախատեսելով մինչև 2032թ․-ը տարեկան ստորգետնյա եղանակով արդյունահանել 30 հազար տոննա ոսկու հանքաքար։

Պարզվում է, որ բնապահպանական կազմակերպությունների հետազոտության արդյունքներին ոչ միայն «Ասսաթ» ՍՊԸ-ն հավատ չի ընծայում, այլև Փամբակ համայնքի ղեկավար Սուրեն Կոստանդյանը։ 2025թ ապրիլի 15-ին համայնքի ավագանին հաստատել է համայնքի ղեկավարի առաջարկած բնապահպանական վճարների հաշվին իրականացվող երկու  ծրագիր, որոնք ուղղված չեն լաբորատոր հետազոտությամբ հայտնաբերված ծանր մետաղների ազդեցությունը չեզոքացնելուն։

Որոշվել է համայնքին տրամադրվող 3 մլն 971 հազար դրամից 3 մլն 300 հազար դրամով 17 ԿՎՏ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայան տեղադրել համայնքի կազմում ընդգրկված Վահագնի գյուղի բազմաֆունցիոնալ ալրաղացի տանիքին։ Մնացած՝ 671 000 դրամով կողային բարձմամբ 8 հատ երկաթյա աղբաման գնել՝ Փամբակ համայնքի տարածքով անցնող Մ6 միջպետական նշանակության ավտոճանապարհին տեղադրելու համար։

Համայնքի ավագանին ծրագիրը հաստատել է 2025թ․ ապրիլի 15-ին՝ «հաշվի առնելով, որ ներկայացված ծրագրի վերաբերյալ Շրջակա միջավայրի նախարարությունը և Առողջապահության նախարարությունը որևէ դիտողություն և առարկություն չեն ներկայացրել»։

Բազմաֆունցիոնալ ալրաղացի տանիքին արևային ֆոտովոլտային կայան տեղադրելու՝ համայնքի ղեկավարի հիմնավորումն այն է, որ դրանով «կկրճատվի էլեկտրաէներգիայի ծախսը, և կթեթևանա համայնքի բեռը, իսկ տնտեսված գումարը կներդնեն այլ ծրագրերում»։ «Ալրաղացը սպասարկում է ոչ միայն Վահագնի բնակավայրի և Փամբակ համայնքի մյուս 14 բնակավայրերի բնակիչներին, այլև հարևան համայնքների բնակիչներին: Վերոնշյալ արևային ֆոտովոլտային կայանի տեղադրումը առաջնային նպատակ ունի՝ նպաստել համայնքի էներգաարդյունավետության մակարդակի բարձրացմանը, այլընտրանքային էներգետիկայի զարգացմանը, ինչպես նաև ածխաթթու գազերի արտանետումների ծավալի նվազեցմանը»,- «հիմնավորել» է համայնքի ղեկավարը։

Համայնքը ալրաղացը ձեռք է բերել 2023թ․-ին, Եվրոպայի Միության ֆինանսավորմամբ իրականացվող «Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման Լոռու և Տավուշի մարզերում» (LEADER) ծրագրի շրջանակներում: «Լոռվա Ձոր» տեղական ակտիվ խմբերի (ՏԱԽ) և «Վահագնի» զարգացման հիմնադրամի ֆինանսավորմամբ, ինչպես նաև Փամբակի համայնքապետարանի աջակցությամբ, Վահագնիում տեղադրվել է «Ֆերմեր 2Ա» ալրաղաց, որը հնարավորություն ունի արտադրելու բարձր կարգի և առաջին կարգի ալյուր, ինչպես նաև՝ բավականին մանր և լավ որակի անասնակեր՝ թեփ: Ծրագրում նշվում է, որ «Լոռվա Ձոր» տեղական ակտիվ խմբում ընդգրկված բնակիչների համար ալրաղացի ծառայության ավելի մատչելի գին կսահմանվի:

Ինչպես տեսնում ենք, այս ծրագիրը Քարաբերդին կամ նրան սահմանակից Վահագնի գյուղին հանքարդյունահանման հետևանքով հասցված վնասները նվազեցնելու հետ առնչություն չունի, սակայն Շրջակա միջավայրի նախարարությունը հաստատել է այն։ Ավելին, հաստատված երկրորդ ծրագիրը՝ Փամբակ համայնքի տարածքով անցնող Մ6 միջպետական նշանակության ավտոճանապարհին աղբամաններ տեղադրելը, ընդհանրապես Փամբակ համայնքին չի առնչվում։

Մեկ անգամ ևս ընդգծենք՝ խոսքը Մ6 միջպետական ճանապարհի մասին է։ ՇՄՆ-ն հաստատ տեղյակ է, որ միջպետական ճանապարհը սպասարկում է մարզպետարանը, ոչ թե համայնքը։ Համայնքի պարտավորությունները սահմանափակվում են համայնքի վարչական տարածքով։ Մինչդեռ, Փամբակ համայնքի ղեկավարը Մ6 միջպետական ճանապարհին աղբարկղեր տեղադրելուց բացի, խոստանում է ստանձնել նաև աղբահեռացման աշխատանքները համայնքային «Փամբակ կոմունալ» ՀՈԱԿ-ի միջոցով։

Ծրագրում նկարագրվում է, որ ճամփեզրին աղբի կուտակումներ են, ճամփեզրից աղբը նետում են անտառ, և դա անում են ոչ թե համայնքի բնակիչները, այլ ճանապարհով երթևեկող ավտոմեքենաների ուղևորները։ Ճանապարհին աղբարկղեր չտեսնելով՝ նրանք նախընտրում են աղբը մեքենայից նետել դուրս՝ ճամփեզրին կամ դեպի անտառներ, ձորեր։

Այդ դեպքում, ինչո՞ւ պետք է համայնքի բնակիչների վճարած աղբահանության գումարներով այլոց կեղտոտած տարածքները մաքրեն։ Պետական բյուջեից, արդյոք, ֆինանսավորում հատկացվելո՞ւ է ՀՈԱԿ-ին՝ միջպետական ճանապարհը սպասարկելու համար, քանի որ համայնքի ղեկավարն իրավունք չունի համայնքային բյուջեն ծախսել միջպետական ճանապարհը սպասարկելու համար։

Փամբակ համայնքի ղեկավար Սուրեն Կոստանդյանն ասում է, որ աղբամաններ տեղադրելը առանձնապես մեծ գումարի հարց չէ, և համայնքի համար լրացուցիչ բեռ չէ միջպետական ճանապարհը սպասարկելը։ Աղբահավաք մեքենան անցնում է այդ տարածքով, այդտեղի աղբն էլ կարող է տեղափոխել։

Նշենք, որ ավագանու կողմից այս ծրագրերը հաստատելուց երկու օր անց՝ 2025թ․ ապրիլի 17-ին, համայնքապետարանի շենքում բնապահպանական վճարների հաշվին իրականացվող ծրագրային հայտի նախագծի քննարկման հանրային լսումներ են հրավիրել։ Համայնքապետարանն, իհարկե, մինչև ավագանու որոշումը հայտարարել էր, որ բնակիչները 15 օրվա ընթացքում առաջարկություններ ու դիտողություններ կարող են ներկայացնել ծրագրի նախագծի վերաբերյալ։

Գյուղացիներն ինչպե՞ս պետք է տեղեկանային ծրագրի մասին, երբ մինչ օրս այն հրապարակված չէ համայնքի պաշտոնական կայքի համապատասխան բաժնում։ Հետևաբար, զարմանալի չէ, որ կայքում այլ առաջարկների վերաբերյալ տեղեկություններ չկան։ Երբ ավագանին արդեն հաստատել էր շրջակա միջավայրի և առողջապահության նախարարությունների հավանությանն արժանացած ծրագիրը, դրանից հետո հանրային լսումներ հրավիրելն անիմաստ էր։

Լուսանկարները՝ Քարաբերդ գյուղի ֆեյսբուքյան էջից 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter